ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 36
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
Գրել սովորեցնելը ավագ դպրոցում

Հասմիկ Ղազարյան
Տեխնիկական միջոցները դպրոցում և կյանքում

Դավիթ Մինասյան
Թվաբանությունը դիրքային հաշվարկման համակարգերում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արտակ Զարգարյան
Համաշխարհային քաղաքակրթությունների եւ հայության դերի շուրջ

Հայկազ Մարգարյան
Ենիչերներ

Գևորգ Հակոբյան
Փոքրագույն արժեքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Կրթահամալիրը՝ ազատ-ստեղծագործ-համերաշխ մարդկանց կոոպերացիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Բիլ Գեյթսից
Հաջողության հասնելու 10 գաղտնիք և 11 խորհուրդ կյանքի համար


Քո միջավայրը

ԱՐՁԱԳԱՆՔ
Ենիչերներ

Մանկուց մեզ սովորեցրել են, որ թուրքերը եղել են քոչվոր անասնապահ ցեղեր, մութ ու տգետ, որ հեղեղի նման խուժել են մեր տարածաշրջան, ոչնչացրել մեր ծաղկուն քաղաքները, մշակույթը,ստրկացրել բնակչությանը: Ինձ միշտ զարմացրել է, թե ինչպես են այդ մութ ու տգետ ցեղերը կարողացել նվաճել Բյուզանդիայի նման հզոր երկիրը, ստեղծել և առավել ևս կառավարել հսկայածավալ Օսմանյան կայսրությունը: Բանից պարզվում է, որ նրանք ունեցել են կուռ գաղափարախոսություն, հոգևոր հզոր ներուժ, անսահման հավատ ու նվիրվածություն իշխանությանն ու նրա գործին: Այդ է վկայում ստորև բերված փոքրիկ ուսումնասիրությունը, որը և հետաքրքիր է, և ուսանելի:

Սուլթանի ռազմական ստրուկները

Նրանց կոչում էին «Սուլթանի ռազմական ստրուկներ», «Եվրոպայի մղձավանջ», «Բալկանների պատուհաս» և այլ անուններով: Երեք մայրցամաքների ժողովուրդների համար նրանք չարության մարմնացում էին: Կատաղի էին, անգութ ու համառ` աշխարհի ամենահմուտ ու վարժ հետևակ զորքը, որին պատմաբանները չնայած «սուլթանի ռազմական ստրուկներ» էին համարում, սակայն թուրքական իշխող վերնախավի և նրանց հրամանատարության միջև կարգավորվել էին առանձնահատուկ հարաբերություններ:

Ծագումը

XIII դարում Արևմուտք նահանջելով մոնղոլական փոթորկուն բանակներից, քոչվոր թուրքերի մի հատվածը հասավ Փոքր Ասիա: Նրանց մեջ էր «կայա» ցեղը, որին գլխավորում էր Օսման անունով թուրքը: Իր ագրեսիվ տերության ընդարձակման համար Օսմանին պետք էին շատ ռազմիկներ և ողջ Արևելքից այստեղ սկսեցին հավաքվել այսպես կոչված ղազիները` հավատի համար կռվող զինվորները: Նրանք համոզված էին, որ թուրքական սուլթանի դրոշի տակ կռվելով Ալլահին հաճելի գործ են անում և կռվում էին ինքնամոռաց ու անձնուրաց: Բայց լինելով հրաշալի հեծյալներ, նրանք չէին ուզում և չէին կարողանում կռվել հետևակ շարքերով: Հենց իրենք թուրքերն էլ նախկինում լինելով քոչվոր, գերադասում էին կռվել հեծելազորի շարքերում և նրանց բոլորին շատ դժվար էր ենթարկել կարգապահության: Մինչդեռ նրանց հակառակորդները` Կովկասի և Փոքր Ասիայի բնիկ ժողովուրդները, բուզանդացիներն ու եվրոպացիներն ունեին հզոր ամրոցներ և շատ հմուտ էին պաշտպանությունում: Հեծելազորն անզոր էր բերդերի և ամրոցների դեմ պաշարողական գործողությունների ժամանակ: «Անհավատների» դեմ լայնամասշտաբ պատերազմների ժամանակ պահանջվում էր ուժեղ հետևակ: Թուրքերի մոտ այն հավաքվում էր միայն պատերազմի ժամանակ, վատ էր մարզված և խիստ անկարգապահ էր: Մնում էր մի բան` ստեղծել պրոֆեսիոնալ հետևակ: Բայց ումի՞ց: Կատարվեցին մի քանի անհաջող փորձեր հետևակ հավաքել հեծելազորից, որոնք սովոր էին հախուռն ու վայրի անսանձ արշավներին: Սուլթան Օրհանը ստիպված էր 1330 թ. հազար հոգուց բաղկացած հետևակ ջոկատ ստեղծել գերի քրիստոնյաներից, որոնք կամավոր կամ ստիպողաբար իսլամ էին ընդունել:

«Բեկթաշիե»

Որպեսզի այդ ջոկատը դառնար հարվածային ուժ «անհավատների» հետ պատերազմում, սուլթանը այն դրեց դերվիշական «Բեկթաշիե» օրդենի հովանավորության տակ, հավանաբար քրիստոնեական ռազմա – հոգևորական օրդենների` տաճարականների, հոսպիտալականների, մալթայականների օրինակով: Լեգենդի համաձայն իսլամ ընդունած օտարերկրացիներին օրհնել և կռվի է ճամփել «Բեկթաշիե» օրդենի շեյխ Թիմուրթաշ Դեդեն: Ջոկատի օրհնության արարողության ժամանակ նա պոկեց իր սպիտակ զգեստի թևքը և հագցրեց զինվորներից մեկի գլխին: Շորի մի մասը կախվեց զինվորի ծոծրակին: Ձեռքերը տարածելով ծնկի իջած զինվորների վրա դերվիշը օրհնեց.
-Թող կոչվեն նրանք ենիչերներ (նոր բանակ), թող փայլեն նրանք քաջությամբ, թող նրանց սրերը հատու լինեն, իսկ ձեռքերը` հաղթաբեր:
Այսպիսով ենիչերները դարձան «Բեկթաշիե» օրդենի բաղկացուցիչ մասը: Նրանց պահապան սուրբը դարձավ օրդենի հիմնադիր Խոջա Բեկթաշը, գլխի ծածկոցը` գլխարկ, հետևի կողմում ամրացված գործվացքի կտորով, որը խորհրդանշում էր սրբի հագուստի թևքը: Դերվիշները մշտապես լինում էին զինվորների հետ, նրանց հետ կիսում արշավների դժվարությունները և ոգևորում նրանց մարտի ժամանակ: Նույնիսկ ժամանակակից թուրքերենում «ենիչեր» և «բեկթաշ» բառերը օգտագործվում են որպես հոմանիշներ: Ենիչերները բեկթաշիզմի մեջ գտան իրենց նոր գաղափարախոսությունը: Նրանց համար ստեղծվեց իսլամի նոր, պարզեցված ծիսակարգ: Ենիչերները ազատված էին օրական հինգ անգամ նամազ անելու պարտականությունից, ռամազան ամսվա պասից, Մեքքա ուխտագնացությունից և այլն: Ենիչերների շնորհիվ «Բեկթաշիե» օրդենը գործեց մինչև XIX դարը, իսկ ոչ պաշտոնական գործում է մինչև օրս:

Դյուշերմե

XIV դարի կեսերին «նոր բանակի» ծավալմանը խանգարում էին երկու հանգամանք` ա) քրիստոնյա գերի զինվորների պակասը,
բ) նրանց անհուսալիությունը: Դրա համար էլ սուլթան Օրհանը 1347 թ. մտցրեց դյուշերմեն` մանկահավաքությունը պետության կարիքների համար: 5 – 7 տարին մեկ հատուկ պաշտոնյաները քրիստոնեական համայնքներից հավաքում էին 7 – 12 տարեկան ամեն հինգերորդ տղային: Բնական է որ դա հարուցում էր հպատակ քրիստոնյա ժողովուրդների դիմադրությունը, սկսած ապստամբությունից և փախուստից, մինչև օրենքի մեջ սողանցքներ գտնելը: Օրինակ` օրենքով չէր թույլատրվում ենիչեր դարձնել ամուսնացածներին և մուսուլմաններին: Դրա համար էլ շատ քրիստոնյաներ երեխաներին ամուսնացնում էին դեռևս մանուկ հասակում կամ դարձնում էին մուսուլման: Միաժամանակ շատ աղքատ ծնողներ ինքնակամ հանձնում էին իրենց երեխաներին, որպեսզի նրանց փրկեն թշվառ կյանքից և ընտանիքն ազատեն մի ավելորդ ուտող բերանից:

Տղաներին տանում էին Ստամբուլ, թլպատում էին և դարձնում մուսուլման: Այնուհետև սուլթանի ներկայությամբ անց էին կացնում զորատես: Ամենաընդունակներին և ուժեղներին վերցնում էին հատուկ դպրոց, որտեղ կադրեր էին պատրաստում պետական և պալատական ծառայության համար: Մնացած երեխաների մեծ մասին ուղարկում էին ենիչերական կորպուս: Սակայն սկզբից նրանք ընկնում էին թուրքական ընտանիքներ, որտեղ յուրացնում էին թուրքերենը և իսլամական սովորույթները: Ծանր աշխատանքով ու զրկանքներով նրանց սովորեցնում էին հնազանդվել ու հպատակվել հրամանատարներին ու սուլթանին: մի քանի տարի անց նրանց վերադարձնում էին Ստամբուլ և գրանցում «աչեմի օղլանի» (անփորձ պատանիների) ենիչերական ուսումնական կորպուսում, ուր սովորում էին յոթ տարի: Այստեղ նրանք սովորում էին զինվորական գործ և կատարում ծանր ֆիզիկական աշխատանք պետական կարիքների համար: Աչեմի օղլաններն 20 – 30 հոգանոց խմբերով ապրում էին զորանոցներում խիստ կարգապահությամբ և ստանում էին չնչին աշխատավարձ: Նրանց թույլ չէին տալիս հեռանալու Ստամբուլից և մասնակցել ռազմական գործողություններին: Դերվիշները նրանց մեջ պատվաստում էին մուսուլմանական ֆանատիզմ, բացարձակ նվիրվածություն սուլթանին, կույր ենթակայություն պետերին: Ազատասիրությունը խիստ պատժվում էր: Այս անչափահասները իրենց էներգիան սպառում էին Ստամբուլի քրիստոնյաներին ու հրեաներին ծեծելով, հրամանատարների գիտությամբ, իհարկե: 25 տարին լրանալուց հետո այն զինվորները, որոնք կատարելապես տիրապետում էին զենքին, ուժեղ էին և հնազանդ, ստանում էին ենիչերի կոչում: Նրանց սպասվում էր զինվորական վարպետության կատարելագործում, արշավանքներ, ճակատամարտեր, ծառայություն հեռավոր կայազորներում, իսկ ում բախտը բերեր` սուլթանի մոտ: Մնացածները, որոնց կոչում էին չիքմե` մերժվածներ, աշխատանքի էին անցնում պետական օժանդակ կառույցներում:

Նոր բանակը ռազմական բարձր մակարդակի էր հասել առաջին հերթին համալրման լավ կազմակերպված համակարգի շնորհիվ:Դյուշերմեն, իհարկե, դաժան, «արյունի հարկ էր» էր սուլթանի քրիստոնյա հպատակների համար, որոնք, իմիջայլոց, ազատված էին զինվորական ծառայությունից: Բայց միևնույն ժամանակ նրանում արտահայտված էր թուրքերի հարուստ ռազմական փորձը և նրանց խոր գիտելիքները հոգեբանության ու ժառանգականության օրենքների վերաբերյալ: Այսպես. նրանք տղաներին ընտրում էին լավագույն ընտանիքներից: Չէին հետաքրքրվում հովիվների տղաներով` նրանց համարելով տգետ, գեղջկավագների երեխաներով, քանի որ ըստ թուրքերի նրանք ստոր էին և խորամանկ, բերանբացների տղաները նրանց կարծիքով կդառնային նախանձ ու համառ: Չէին ընտրում նաև գեղեցկությամբ աչքի ընկնող երեխաներին: Գտնում էին, որ թշնամիները նրանցից չեն վախենա: Առավելություն էին տալիս ոչ շատ բարձրահասակներին (որոնց հիմար էին կարծում) և ոչ շատ ցածրահասակներին (որոնք ըստ նրանց խռովարար բնավորություն ունեին): Ընտրում էին միայն քրիստոնյաների երեխաներին: Մուսուլմաններից միայն Բոսնիայի սլավոններից էին երեխա ընտրում ենիչեր դարձնելու համար, որովհետև վերջիններս անսահման նվիրվածություն էին ցուցաբերում սուլթանի նկատմամբ:
Ենիչերական կորպուսի կյանքը կանոնակարգված էր «Մուրադ I կանոններով», որը շատ խիստ էր և մանրամասնորեն մտածված: Ամբողջ ծառայության ընթացքում ենիչերը իրավունք չուներ ամուսնանալու: Նա ապրում էր զորանոցում, ուր արգելված էին շքեղությունը, փափուկ կյանքը և այն բոլոր գործերը, որոնք կապված չէին պատերազմի հետ: Ի տարբերություն ազատ մուսուլմանների ենիչերը միայն բեղեր պիտի կրեր (առանց մորուքի): Նա ուներ նաև պատվավոր մահապատժի (խեղդամահ լինելու) իրավունք, որը կարող էր կատարվել միայն նրան կորպուսից հեռացնելուց հետո:
Ռազմական ուսուցումն սկսվում էր մինչև «օջախում» գրանցվելը և շարունակվում էր մինչև ենիչերի վետերան («օթուրակ»)դառնալը` տարիքից կամ խեղվելուց: Օթուրակը թոշակ էր ստանում, կարող էր մորուք պահել, ամուսնանալ, տնտեսություն ստեղծել: Նրանցից ոմանք հող էին ստանում: Զոհված կամ մահացած ենիչերի ունեցվածքն անցնում էր կորպուսին: Ենիչերը ենթարկվում էր միայն իր հրամանատարներին և պատժվում էր միայն նրա կողմից: Սուլթանին նա համարում էր իր հայրը, որը նրան կերակրում էր, հագցնում, զինում, ռոճիկ ու նվերներ տալիս: «Օջախը» փոխարինում էր ընտանիքին: Կորպուսի պետը (աղան) անսահմանափակ իշխանություն ուներ ենիչերների վրա: Նա ծագում էր հասարակ զինվորից, առաջ էր քաշվել ավագության կարգով, այլ ոչ թե սուլթանի ողորմածությամբ, դրա համար էլ համամատաբար անկախ էր, ենթարկվում էր միայն սուլթանին և կոչումով բարձր էր այլ կարգի զորահրամանատարներից և քաղաքացիական պաշտոնյաներից, համարվում էր «դիվանի» (պետխորհրդի) անդամ: «Օջախն » ուներ իր կրոնը (առանձնահատուկ իսլամ), երաժշտությունը (մարտական ոգին բարձր պահելու համար), բանահյուսությունը (լեգենդներ, երգեր): Կորպուսի կարևորագույն խորհրդանիշն էր «ղազանը» (կաթսան): Տոներին այն փողոց էին հանում, իսկ որպես բողոքի կամ խռովության նշան այն շրջում էին: Բացի պատերազմներին մասնակցելուց ենիչերները ծառայում էին նաև կայազորներում, հետևում կարգապահությանը: Նրանց էր վստահվում նաև բերդերի ու ամրոցների բանալիները:
Ողջ կյանքն անցկացնելով պատերազմներում, ենիչերները դարձել էին իրենց գործի հմուտ գիտակներ ու կատարողներ: Նրանց կյանքի նպատակն էր աչքի ընկնել մարտում և դառնալ տասնապետ կամ հարյուրապետ: Նրանք ունեին յուրահատուկ ամուր կարգապահություն, որը զարմացնում էր նույնիսկ շատ բան տեսած եվրոպական դեսպաններին:

Հաջողությունները

Խաղաղ ժամանակ ենիչերները անընդհատ զինավարժությամբ էին զբաղված, որը հմտացնում էր նրանց ռազմական գործում: Նրանք արհամարում էին թե իրենց և թե ուրիշների մահը: Յաթաղանի մի հարվածով ենիչերը կարող էր գլխատել հակառակորդին: Նման «սխրանքների համար» նրանք պարգևատրվում էին փողով կամ կոչումով: Այսպես. երեք կտրված գլխի համար տրվում էր արծաթյա նշան` «չելենք», որը սովորաբար կրում էին գլխարկի վրա: Համազգեստը բաղկացած էր երկար կապայից ` «դոլարմայից», գլխաշորից, որն առջևից ամրանում էր փայտե գդալով, լայն տաբատից և ծնկապաններից: Արշավի ժամանակ կամ մարտում կապայի փեշերը հավաքվում էին և ամրացվում գոտիով: Ենիչերները անգերազանցելի զինվորներ էին և ունեին բարձր մարտական ոգի: Ոչ մի եվրոպական բանակ նրանց հետ չուներ գոնե մոտավոր համեմատություն: Շատ երկար ժամանակ նրանք համարվում էին անպարտելի: Հենց միայն նրանց «Ալլահ ակբար» մարտական կոչը եվրոպացիներին գցում էին խուճապի մեջ: Կռվելով զորքի կենտրոնում, սուլթանի շուրջը, շատ հաճախ նրանք վճռում էին ճակատամարտի ելքը: Սկզբում նրանք հետևակ զինվորներ էին, ունեին փայտի ու ոսկորի մի քանի շերտերից սոսնձված հսկա աղեղներ, որոնք 200 քայլից ծակում, փշրում էին ամեն մի զրահ: Գործածում էին նաև արբալետներ: Մարտական շարքերը հակառակորդի հեծելազորից պաշտպանելու համար օգտագործում էին նիզակակիրների: Հակառակորդի սարսափն ավելացնում էին ահավոր ձայները, զրնգոց - դրնգոցները ենիչերների նվագախմբի, որն ուղեկցում էր գրոհողներին:

Ենիչերների զենքերն ու հանդերձանքը

Ենիչերները հմտորեն էին օգտագործում նաև հրազենը, որն առաջին անգամ զանգվածայնորեն օգտագործվեց 1453 թ. Կոստանդնուպոլիսի գրավվման ժամանակ: Նոր զենքը «նոր զորքի» ձեռքին, - աշխարհը դեռ չէր տեսել ավելի հզոր ուժ: Հրազենի գյուտը բախտի քմահաճույքով անցավ օսմանցիների ձեռքը, որը տեղի տվեց թուրքական նվաճումների նոր ալիքին: Թնդանոթների որոտից կոտրվում էր ամեն մի դիմադրություն: Ենիչերների մուշկետնները (հին հրացան) ավելի դիպուկ ու թեթև էին եվրոպականներից: Ի տարբերություն եվրոպացիների, որոնք գերադասում էին հրազենը ձեռնամարտից, ենիչերները չէին վախենում սառը զենքից: Նրանց յաթաղանները սարսափելի կոտորած էին կատարում ձեռնամարտերի ժամանակ:

Քայքայումը

496 տարի ենիչերները օսմանական նվոճողների հիմնական հարվածային ուժն էին: Նրանց էին սուլթանները պարտական իրենց ռազմական հաջողությունների համար: Ի վերջո «նոր բանակը» հասավ 200 հազարի: Սրան զուգընթաց սկսվեց ենիչերների հավաքագրման կարգի, թեկուզև դանդաղ, բայց սիստեմատիկ քայքայումը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «նոր բանակը» դարձավ էլիտար: Բարձրացավ նրա հեղինակությունը, այստեղ ծառայելը համարվում էր մեծ պատիվ ու բախտավորություն: Թուրքերը չէին ուզում, որ դրան արժանանան «անհավատները» և «բախշիշով» (կաշառքով) սկսեցին իրենց տղաներին տեղավորել ենիչերական կորպուսում` ձգտելով նրանց համար ճանապարհ հարթել դեպի վերնախավ: Թուրքերը համաձայնության էին գալիս քրիստոնյաների հետ, որպեսզի վերջիններս մանկահավաքի ժամանակ թուրք տղաներին ներկայացնեին որպես իրենցը: Սուլթան Սուլեյման II ժամանակ թուրքերին արդեն բացեիբաց ընդունում էին «աչեմի օղլան» կամ ուղակի «նոր բանակ»: Նրանց քանակը մեծացավ հատկապես դյուշերմեի (մանկահավաքի) վերացումից հետո, իսկ XVII դարի վերջին նրանք կազմում էին ենիչերական բանակի մեծ մասը: Դժվարը սկիզբն էր, հետո սկսեցին կաշառքով կորպուսում գրանցել «մեռած հոգիների», որպեսզի հարկային արտոնություններ ստանան: Երբեմնի ահեղ բանակն այժմ կազմված էր երիտասարդներից, որոնք պիտանի չէին նույնիսկ սովորական ծառայության համար, շատ նորակոչիկներ պատրաստ չէին բանակային դժվարություններին և մեռնում էին դեռևս ուսուցման ընթացքում: Մյուս կողմից ուսուցման խիստ պայմանները դարձան ոչ պարտադիր զինվորական կարիերիայի համար: Հին ենիչերները հրաժարվում էին ծառայել նորերի հետ, նրանց միջև հաճախ արյունալի ընդհարումներ էին լինում:
Աստիճանաբար ենիչերները սկսեցին ավելի շատ զբաղվել առևտրով ու արհեստներով, քան զինվորական պատրաստվածությամբ: Նրանց ձեռքն անցան արտաքին առևտրի մի մասը և արհեստների որոշ ճյուղեր: Ամբողջությամբ վերահսկում էին Ստամբուլում մրգերի, բանջարեղենի և սուրճի արտադրությունն ու վաճառքը: Սուլթանները թույլատրում էին դա, հուսալով դրանով հեռու պահել նրանց քաղաքականությունից:
Զորքը կորցնում էր իր հարվածային զորությունը և այլափոխվում էր եվրոպական ֆանատ - հոգևորականների օրդենին նմանվող ռազմական եղբայրությունից վերածվելով էլիտար կաստայի, որը չուներ նախկին մարտնչող ոգին: Հովանավորչությամբ կամ կաշառքով կորպուս մտածը, որպես կանոն, մարտի դաշտում աչքի չէր ընկնում քաջությամբ: Արտոնությունները «օջախ բերեցին» նաև շատ քրեական տարրերի և ռազմական արշավանքների ժամանակ ենիչերները հաճախ էին հրաժարվում կռվելուց և զբաղվում էին դիակապտությամբ: Նրանց մեծամասնությանն արդեն չէր հետաքրքրում նորագույն սպառնազինությունը և չէին ձգտում ունենալ ու տիրապետել այն: Սա պատճառ դարձավ, որ տեխնիկապես և մարտավարությամբ նրանք հետ մնան եվրոպական բանակներից: Վերջիններս արդեն մոռացել էին նախկին սարսափը անպարտելի բանակից, որն ավելի հաճախ էր պարտություն կրում: Օսմանյան կայսրության հյուսիսային սահմանները սահուն իջնում էին հարավ: Ենիչերական կորպուսը կորցնում էր իր զուտ ռազմական բնույթը: XVII դարում ենիչերների թվաքանակի աճի հետ ընդլայնվեցին նրանց ֆուկցիաները, բացի ռազմական գործողություններին մասնակցելուց և զինվորական պատրաստությունից կատարում էին նաև ոչ զինվորական խնդիրներ` ոստիկանական ծառայություն, հրդեհների մարում, փողոցների մաքրում և այլն:

Վերացում

Գիտակցելով պետության համար իրենց կարևորությունը, ենիչերները դարձան լուրջ քաղաքական ուժ: 1449 թ. նրանք առաջին անգամ խռովություն բարձրացրին ռոճիկները բարձրացնելու համար և հասան իրենց ուզածին: 1451 թ. սուլթան Մուհամմեդ II գահին նստելով, ցանկացավ շահել ենիչերների լոյալությունը և դրամական պարգևներ տվեց նրանց: Եվ դարձավ սովորություն իշխանափոխությունից հետո, նոր սուլթանի առաջին արշավանքի կապակցությամբ, ճակատամարտից առաջ նվերներ ստանալ սուլթանից. փողի տեսքով, իհարկե: Նախկին օրինակելի հավատարմությունից ոչինչ չէր մնացել: Հիմա փողի, հարստության համար նրանք պատրաստ էին աջակցել ամեն մի դավադրություն: Այսպես` նրանց ձեռքով գահընկեց արվեցին 1623 թ. Մուստաֆա I, 1648 թ.` Իբրահիմը, 1703 թ.` Մուստաֆա II, 1730 թ.` Ահմեդ III և բազմաթիվ բարձր պաշտոնյաներ: Սուլթանները թաքնվում էին դեռևս իրենց հավատարիմ լեյբ գվարդիայի թիկունքում, իսկ ենիչերների վերնախավը իշխանության համար պայքար էր մղում վեզիրների և հարեմի ազդեցիկ տիկինների հետ: 1648 թ. նրանք նույնիսկ իրենց ձեռքը վերցրին կայսրության ողջ իշխանությունը: Սակայն ենիչերները ոչ մի անգամ չփորձեցին ոչնչացնել Օսմանյան արքայատոհմը, հպարտորեն կոչելով իրենց նրա «ձեռքն ու թևը»: Համառորեն բոյկոտելով անհրաժեշտ կենսական բարեփոխումները բանակում և պետությունում, նրանք Թուրքիայում վերածվեցին պահպանողական կաստայի: Նրանց աջակցում էին մուսուլման հոգևորականությունը, բեկթաշները, ուլեմները (օրենսգետները), ինչպես նաև հասարակության ստորին խավերը: Ենիչերների կորպուսը վերացնելու փորձի համար սպանվեց Օսման II: 1807 թ. խռովություն բարձրացավ Սելիմ III դեմ, որը համարձակվեց փորձել եվրոպական զինվորական խորհրդականների օգնությամբ արդիականացնել բանակը:
1826 թ. Մահմուդ II կառավարման ժամանակ ենիչերները կրկին խռովություն բարձրացրին նորից սկսված բարենորոգումների պատճառով: Բայց այս անգամ բնակչության համակրանքն ու աջակցությունը սուլթանի կողմն էր և նա խռովարարների վրա հարձակվեց մեծ ուժերով ու դաժանությամբ: Նրանց այլ զորքերի օգնությամբ քշեցին զորանոցները և ռմբակոծեցին թնդանոթային 50 համազարկերով: 10 հազար ենիչերներ (այլ աղբյուրներով` 30 հազար) մահապատժվեցին, սուրբ կաթսաները ջարդվեցին
Մահմւդ II հրապարակավ, իսլամի հոգևորական հատուկ որոշմամբ ենիչերները պաշտոնապես տրվեցին անեծքի:

Բացվել է 255 անգամ
Կարծիքներ
Րաֆի Առաքելեան | 2013-01-24 13:32:17
Արդեօք ենիչերները դերակատար չէին ցեղասպանութեան մէջ?
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ