ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 35
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արմինե Բաբայան
Նորավանքի վանքային համալիրը և ճարտարապետ Մոմիկը

Հասմիկ Ղազարյան
Գրաբար

Гаянэ Парванян
Обучение говорению на русском языке как неродном

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
Թատրոնը կրտսեր դպրոցում

Տաթևիկ Թամազյան
Զատկական ծես. նախագիծ

Հասմիկ Ղազարյան
Թարգմանությունը՝ մայրենին մշակելու լավագույն միջոց

Ժաննա Հակոբյան
Բանաձևերի և կանոնների փոխարեն կոմիքսներ

Жанна Акопян
Вместо формул и правил – комиксы.

Դավիթ Մինասյան
Հաշվարկման համակարգեր, որոնք օգտագործվում են համակարգչում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Ուսումնական ճամփորդություն ԱՄՆ Կենտուկի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից
Նորարար ուսուցիչների հայաստանյան 2-րդ ֆորումին ներկայացված նախագծեր

Լուսինե Մանուկյան
Կայքը` որպես ուսումնական միջավայր

Նաիրա Հարությունյան
Համակարգիչն ու առողջությունը. նախագիծ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Շամիրամ Պողոսյան
Կարևորում եմ «Հայրենագիտության և էքսկուրսավարության» դասընթացը
Ղազարոս Աղայան

(Պատմական-գրական ուսումնասիրություն)

Սկիզբը

II
Դեպի քաղաք

Մոնթության բարձունքները թևակոխած մանուկ Աղայանը դեռ վերջնականապես կազմակերպված մի բնավորություն չէր: Նույնիսկ ֆիզիկապես էլ թույլ էր նա զարգացած: Ամենաշատը նա այդ հասակում շնորհալի մի երեխա է, որ սովորում, յուրացնում է շատ լավ: Տաղանդավոր մի աշակերտ: Բայց դեռ որոշ ձուլվածք ստացած անհատ չէ, դեռ ինքնուրույն դեմք չէ:

Ուժեղ, ինքնուրույն անհատականության գծեր նրա մեջ մշակվում են աստիճանաբար, դանդաղ կերպով, տարիների ընթացքում:
Մենք տեսնում ենք, որ ամենից առաջ նրա մեջ գլուխ է բարձրացնում ինքնասիրությունը: Նա սիրահարվում է ինքն իր վրա: Սա ստացական հատկություն է - բավական է մի անգամ էլ աչքի առջև բերել Ղազարոսի պապին ու հորը:

Եվ այդ ինքնասիրությունը, իհարկե, անբովանդակ ու սնամեջ չէ: «Երբ մի մանուկի ամենքը գովում և սիրում են,- ասում է Աղայանը իր ինքնակենսագրության մեջ,- երբ նրան համարում են կարգե դուրս մի բան ու զարմանում, անկարելի է, որ նա ինքն էլ չսիրահարվի իր վրա և չզարգացնե իր մեջ այն ընդունակությունը, որի համար որ սիրվում է ինքը»: Այստեղ արդեն զարթնում է նրա մեջ ինքնազարգացման և ինքնակրթության ոգին:

…«Ես շատ շուտ սիրահարվեցի ինքս ինձ վրա: Իմ այս զգացմունքս չէի թաքցնում և պարզմտությամբ խոստովանում էի շատերին, թե` գիտե՞ք, ես ուրիշ բան եմ, այսպես մի նայեք վրաս, ես շատ երևելի մարդ պետք է դառնամ: Բայց այս պարզմտությանս համար սարսափելի ծաղրի ենթարկվելով` զգացումս ծածկեցի իմ մեջ` առանց իմ վրա ունեցած կարծիքս փոխելու»…

Բնավորության կազմակերպման մեջ այս ինքնազգացումը, ինքնաներշնչումը կատարում է իսկապես ահագին դեր: Առանց այսպիսի խոր հիմնավորման չէր էլ կարող ծնվել ու զարգանալ գործիչ: Զգալ կոչում, հավատալ իր առաքելության` սա է ամենագլխավորը: Եվ որքան վառ է այդ զգացմունքը, այնքան անհատականապես ուժեղ, ինքնուրույնացած է գործիչը, այնքան նա հեռու է և բարձր է սովորական մակերևույթից, շաբլոնից: Այդ է այն մթերանոցը, որի մեջ երբեք չեն ցամաքում ուժի և եռանդի աղբյուրները, երբ ինքն իրան հավատացող գործիչը դառնում է մաքառող, երբ նա գործում է մրցությունների և պայքարների ասպարեզում:

Այդ ինքնասիրությունն էլ Ղազարոս Աղայանին հանում է մոնթության և գյուղացիության նեղ շրջանակից, տանում է աշխարհ տեսնելու, որոնումներ կատարելու:

Առիթը Ղազարոսի մանկական սիրահարությունն է:
Շամշուլդա գյուղում նա սիրահարվում է Մայիկո անունով մի աղջկա վրա: Երկուսն էլ երեխաներ են, և նրանց սերը «սուրբ էր, անմեղ, անարատ, անիմանալի և անգիտակից»: Վարժապետ տերտերը նկատում է այդ և սկսում է խրատել Ղազարոսին: Մենք շատ լավ գիտենք, թե որքան անօգուտ են լինում և պիտի լինեն խրատները այդպիսի դեպքերում, երբ սրտերը կապված են իրար հետ, և մարդը, թեկուզ 12-13 տարեկան մի երեխա, հափշտակությունների և երազների աշխարհն է մտնում:

Անմեղ սերը զարթեցնում է Ղազարոսի մեջ նորանոր զգացմունքներ, նորանոր տրամադրություններ: «Սիրտս այնպես կպավ Մայիկոյին, որ էլ չէի կարողանում նրանից բաժանվել, միշտ ուզում էի նրա հետ նստել, նրա համար երգել: Նրա անունով գրում էի սիրո երգեր, իհարկե, նախագեղարվեստական, բայց սքանչելի երկուսիս համար էլ. քաշում էի և իմ ու նրա պատկերները կողք-կողքի, ինչպես հարս ու փեսա, իհարկե, նախապատմական ճաշակով, բայց մեր երևակայության համար շատ զմայլեցուցիչ: Դասերս այլևս չէի սերտում և բերան անում առաջվան ժրաջանությամբ. այժմ նրանք շատ չոր էին թվում և շատ տաղտկալի, ինչպես որ էին իրոք էլ»:

Հեղաշրջումը կատարյալ է: Նա զարթեցնում է հույզեր, նա գալիս է անմիջական զգացմունք հաղոր դելու երգասեր երեխային, որ վաղուց արդեն սկսել էր բանաստեղծության մեջ որոնել թարմություն և կյանք: Ու, դասերը, միանգամայն հասկանալի է, դառնում են ձանձրացուցիչ: Ալբերտի աստվածաբանությունը և այս թարմ հոտավետ իրականությունը - կարո՞ղ էին հաշտ ապրել իրար կողքի: Աստվածաբան սքոլաստիկը չպիտի տնկեր Ղազարոսի սրտում մարդկայնության, առաքինության սերմերը, այլ այս փոքրիկ և սիրուն աղջիկը, որ անգիտակցաբար տաքացնում էր Ալբերտի աշակերտին: «Մայիկոյիս կարոտը քաշելով` սկսեցի օրեցօր նվազել: Որքան նվազում էր մարմինս, այնքան դյուրագրգիռ և դյուրազգաց էի դառնում և այնքան քնքշանում: Կոպիտ գործ ու խոսք տանել չէի կարողանում, ուրիշների թշվառ վիճակը, նրանց աղքատությունը, մերկությունը, տկարությունը այնքան ունեցողների վրա չէին ազդում, ինչքան ինձ վրա, որ միայն ականատես էի»:

Ահա երբ և ինչպես է սաղմնավորվում Ղազարոսի մեջ լացն ու մեծ մարդասեր սիրտը:

Բուռն է Մայիկոյի սերը: «Ես սկսեցի իմ լավ հեքիաթների հերոսների ջունուն դառնալ և սար ու ձոր թնդացնել իմ սիրուհու անունով»:

Ամառը Մայիկոն գնում էր սարը, իսկ Ղազարոսը կեսգիշերին փախչում էր տերտերի մոտից, որ գնա տեսնե իր սրտի թագուհուն: Գնում էր ոչ թե սովորական ճանապարհներով, այլ խոր ձորերով և խիտ անտառներով, որպեսզի իրան տեսնող չլինի:

Գիտենք արդեն, թե ինչ է սերը մեր ժողովրդի համար: Բնականաբար այս անժամանակ, երեխայական սիրահարությունը ավելի ևս պիտի գայթակղություն պատճառեր: Այլևս չէին հիանում Ղազարոսի վրա, այլ համարում էին նրան հրեշ: Նա ընկնում է ամենքի աչքից: Իսկ ի՞նչ պիտի աներ Ստեփանը:

Լսում է նա թե չէ` իսկույն որդուն բերել է տալիս իր մոտ, որ արդեն ինքը խրատե: Եվ ահա ինչ է պատմում Ղազարոսը.
«Մայիկոն մտիցս չէր ընկնում: Նորանոր երգեր էի հորինում, որոնց մեջ կարոտ էի հայտնում` ինչպես Քյարամն իր կորած Ասլուն: Գիշերները տեսնում էի երազումս, ուրախությունիցս զարթնում էի իսկույն, բայց տեսնելով, որ երազ է, սկսում էի լաց լինել: Իսկական պատճառը չէի հայտնում, ասում էի` գլուխս է ցավում: Բայց մեկ օր հայտնեցի մորս: Մայրս կարծելով, որ աղջկա մայրը ինձ կախարդել է, հորս խնդրում է, որ գիր անող մոլլաներին դիմե և ինձ փրկել տա այս ցավից: Գիր-միր հարկավոր չէ, պատասխանել էր հայրս, ես ինքս շատ լավ գիր կանեմ: Եվ ճշմարիտ, մի գիշեր էլ, երբ ըստ սովորության սկսեցի լաց լինել և սուս չկացա, հայրս վեր կացավ, մի փափուկ ճիպոտ վեր առավ, որ իր լավ գիրն անի ինձ վրա, ես իսկույն վեր թռա տեղիցս, և շապկանց ու ոտաբոբիկ փախա մինչև գյուղի ներքի թաղը` քեռանցս տունը, որ ինձ պատսպարեցին` իմանալով բանի հանգամանքը»:

Իր հոր տղան, ասում եք դուք, կարդալով այդ տողերը: Եվ սխալված չեք:

Ստեփանի դեմ ծառանում է նրա սեփական, նրա տոհմի ինքնասիրությունը` մարմնացած այդ երեխայի մեջ: Դա նույն այն ինքնասիրությունն է, որ մի ժամանակ հարկադրել էր Ստեփանին հարձակվել Արզումանի վրա, երբ սա, ըստ սովորության, պահանջեց փեսացուի «մեղան» ասել:
Ղազարոսը այլևս տուն չվերադարձավ: Ստեփանը այնպիսիներից չէր, որոնք շատ հեշտ են մոռանում այնպիսի ըմբոստ արարքներ: Մայրն է, որ լուծում է երկու ինքնասիրությունների ընդհարումից գոյացած կնճիռը: Ղազարին նա ուղարկում է Թիֆլիս, իր աղջկա` Օսանի մոտ:

Այդ ճանապարհորդությունը նկարագրված է «Արություն և Մանվելի» մեջ: Քաղաք տանողը տեր Պետրոսն է, վարժապետը: Եվ այստեղ, այս ճանապարհին, մենք չենք տեսնում Ղազարոսին սիրով խենթացած: Մի ուրիշ մեծ հանգամանք, նրա վաղեմի տենչանքը, նրան վաղուց հափշտակած ձգտումը, իրականացած է: Դա քաղաքն է: Եվ տեսնելու, որոնելու, նոր-նոր բաներ սովորելու նվիրական ուխտը այնքան ուժեղ է, որ հետզհետե նսեմացնում է գյուղական աղջկա հմայքը:

Ահա նա մոտեցել է այն սարին, որի ետևում Թիֆլիսն է: Իջնում է տերտերի ձիու գավակից, վազեվազ բարձրանում է սարը, որպեսզի շուտ տեսնե կախարդական քաղաքը: Նա սարի գլխին է: Թիֆլիսը, Նավթլուղից մինչև Վերա, փռված է նրա առաջ: Տեսարանը դյութում է գեղջուկ պատանուն և գրգռում է նրա երևակայությունը: Խոսում է հիացմունքը, խոսում է «Պղնձե քաղաքի», Սողոմոնի «Վեց հազարյակի», Աստվածաշնչի աշակերտի լեզվով:
«- Հրաշալի~ տեսարան, բացականչեց վերջապես Արությունը (Ղազարոս Աղայանը):- Սա ինքն է «Պղնձե քաղաքը»,- ասում է Արությունը և քիչ է մնում Տալիփի նման «շաբա~շ, շաբա~շ» աղաղակելով թռչել սարի գլխից և ընկնել իր ներքևն ընկած խորերն ու ձորերը:- Էս անպատճառ Սողոմոնի հրաշագործությունովը կլինին էսպես պայծառացրած… Ա~խ, Աստված, թև տուր ինձ, էս րոպեիս կթռչեի ու կսկսեի նրա վրա պտույտ-պտույտ գալ: Քաղաքացիք կզարմանային, կասեին` «Էս ով է, երկնքիցն է գալիս»… Տերտերը Եղիսեի նման կաղաղակեր. «Հա~յր, հա~յր, կառքդ Իսրայէլի և հեծեալդ դորա»… հենց կիմանար թե Եղիայի նման երկինք են տանում ինձ…»:

Բազմաթիվ գավառացի երիտասարդների համար է Կովկասի մայրաքաղաքը եղել երազ, տենչանք. բազմաթիվ ջահել ու թարմ մարդկանց վրա է նա թողել այսպիսի խոր տպավորություն:

Բայց ի՞նչ ուներ այդ կախարդիչ Պղնձե քաղաքը այն միջոցին, երբ Ղազարոս Աղայանը առաջին անգամ մտնում էր նրա մեջ:

Այդ մուտքը տեղի ունեցավ 1853 թվականին: Եվ այդ միջոցին Թիֆլիսը շատ բանով չէր կարող պարծենալ, մանավանդ նրա հայ ազգաբանակությունը: Ուսում որոնողի համար նա դեռ մի Շամշուլդա էր, միայն ավելի մեծ չափերով: Տեր Պետրոսի դպրոցը այդտեղ մի հատ չէր: Տերտերներ, տիրացուներ, թերուսներ էին վարժապետները, որոնք մի-մի դպրոց բացած` Շամշուլդայի իմաստությունները, գուցե նրանցից մի քիչ ավելի բան, սովորացնսում էին աշակերտներին:
Չկար հայերեն գրականություն, չէր հրատարակվում հայերեն և ոչ մի լրագիր:

Կար միայն մի հիմնարկություն, որ պայծառ ճրագ էր խավարի թագավորության մեջ: Ներսիսյան դպրոցը:
Ինքնըստինքյան դա էլ մի մեծ բան չէր: Ուներ երեք դասարան, ուր «ուսման առարկաներն էին` հայոց լեզու, ընդարձակ, և կրոն իր բոլոր մասներով, ռուսաց լեզու, մասամբ կամավոր, և մի կտոր թվաբանություն, և այն էլ ավանդվում էր չինական մեթոդով: Դպրոցի բոլոր ջանքը երկու առարկայի վրա էր դարձրած - կրոնի և լեզվի, և այդ վատ չէր այն ժամանակվա ամենակարևոր պահանջին նայած: Այդտեղ հայախոս էին դառնում և լավ գրում, կարդում ուտեախոս, չերքեզախոս և վրացախոս պատանիք: Մի երկրորդ լավ բանն էլ այն էր, որ սովորություն ունեին բարձր դասատան աշակերտներին քարոզներ գրել տալու»:

Աղայանը մտնում է այդ կրթարան, որ, ինչպես տեսնում եք, իր ուսման ծրագրով շատ բան չպիտի տար նրան: Բայց Ներսիսյան դպրոցի նշանակությունը այդ միջոցին այնքան առարկաների բազմազանության մեջ չէր, որքան ոգու, ուղղության մեջ:

Լինելով գերազանցորեն կրոնական կրթարան, դպրոցը միաժամանակ հանդիսանում էր այն միակ ասպարեզը, ուր հանդես էր եկել նոր, ավելի ազատ մտածողությունը: Շանշյանի տեսչության ժամանակն էր: Իսկ Շանշյանը խոր հավատացող մի քրիստոնյա էր, դաս էր տալիս կրոն, դա մի ամբողջ հեղափոխություն էր մտցրել մեր ավանդական սքոլաստիկ կրոնագիտության մեջ: Եվրոպական կրթություն ստացած մարդը, իհարկե, այն չպիտի լիներ իբրև կրոնուսույց, ինչպես էին մեր նույնիսկ «գիտնական» վարդապետներն ու տերտերները: Առողջ քննադատության սկզբունքներ, որոնք արմատախիլ են անում նախապաշարմունքները, կրոնական ֆանատիկոսությունը, լայն հայացքներ, հայտնի չափով պատմական աշխարհագիտություն են մտցնում իբրև ուսումնասիրություն - այսպես էր երևան գալիս ազատ միտքը մեր իրականության մեջ: Այդ տեսակ մտքի ռահվիրաներից էին Ստեփանոս Նազարյանը, Պետրոս Շանշյանը:

Դրանք էին նոր սերնդի ներկայացուցիչները դպրոցի և գրականության մեջ: Վերանորոգիչներ շատ անձուկ մասնավոր իմաստով: Սակայն այս անձուկ հանգամանքը ամենևին չէր սահմանափակում նրանց կատարած դերի նշանակությունը: Վերցրեք տեր պետրոսների ավանդած գիտություններով ապրող մի ամբողջ ժողովուրդ, և դրեք նրա մեջ անհատներ, որոնք հին աշխարհայացքները, ավելորդապաշտությունները խորտակում են վերլուծության, քննադատության, լայն հայացքների անդիմադրելի ուժով: Նրանք նոր հորիզոններ էին բաց անում մատաղ սերնդի աչքերի առջև, թարմ հոսանքներ էին մտցնում վանական ավանդապահությամբ կաշկանդված մտքերի մեջ:
Հայրերի և որդիների մշտնջենական հաջորդումների մեջ նրանք որդիներն էին: Եվ ինչպես միշտ ու ամեն տեղ է եղել, ընդհարումը այդ երկու սերունդների մեջ կատարյալ էր և մեզանում: Հին ավանդապահությունը արշավանքներ էին գործում Ներսիսյան դպրոցի վրա, ուր բույն էր դրել հիմքեր փորող ազատամտությունը: Պայքարը խիստ էր: Եվ այդ պայքարի մեջ Շանշյանի աշակերտները ցույց էին տալիս, որ օրենքը օրենք է և մեզանում, որ նոր գաղափարների կողմնակիցները, զինվորները ամենից առաջ երիտասարդությունից են դուրս գալիս:

Աղայանն էլ այդ երիտասարդության մեջ էր: Դպրոցում խառնակություններ սկսվեցին, Շանշյանը հեռացավ, նրա հետ հեռացան և շատ աշակերտներ: Աղայանն էլ հեռացողներից էր: Դպրոցում նա շատ քիչ մնաց, հազիվ երկու տարի: Կարելի է ասել, թե նա այդտեղ նոր ուսման համը միայն առավ, տեսավ ինչ բան է եղել, սակայն չստացավ նրան: Դպրոցից նա դուրս եկավ ավելի ևս ծարաված, ավելի ևս կարոտ ուսման:

Հեռացած աշակերտները պատրաստվում են պետական դպրոց մտնելու: Աղայանն էլ սկսում է պատրաստվել: Եվ պատրաստողները գիմնազիայի վեցերորդ դասարանի մի քանի հայ աշակերտներ են, որոնք օգնության են գալիս իրանց կարոտ և չունևոր ընկեր աշակերտներին:

Ահա դրանց շրջանում Աղայանը ճաշակում է գիտության պտուղները: Շրջանը ընկերական էր, ոչինչ պաշտոնականություն չկար, որ արգելեր ազատ զարգացումը: Եվ առարկաներն էլ բոլորովին ուրիշ էին, այնպիսիները, որոնցից զուրկ էր խեղճ հայ դպրոցը, սկսած տեր Պետրոսի մոնթանոցից մինչև Ներսիսյան դպրոցը: «Մտավոր հեղաշրջում»- այսպես է անվանել Աղայանը «Արություն և Մանվելի» այն գլուխը, ուր նկարագրել է Թիֆլիսի իր դպրոցական կյանքը:

Հեղաշրջում` այս բառի իսկական մտքով: Շամշուլդայի աստվածաբանությունը, պղնձե քաղաքները, վեցհազարյակները մի կողմ են քաշվել, նրանց տեղ հանդես են եկել նոր ու հրաշալի ուսմունքներ` բնագիտություն, աշխարհագրություն: Նոր, անհայտ աշխարհներ են բացվել: Աղայանին նոր մարդ են դարձնում: Մինչև այդ նրան պակսել էր մի մեծ հայտնություն. «Բնություն և կյանք, որոնք մի բառով կարող են և կյանք անվանվել»:

Իսկ ա՞յժմ, հայ իդեալիստ ուսանողների շրջանո՞ւմ: «Բնագիտության անխախտ օրենքները,- ասում է Աղայանը,- թվաբանության ճիշտ կանոնները, պատմության երևելի անցքերը, աշխարհագրության գեղեցիկ նկարագրությունները, բանաստեղծական սրտաշարժ գրվածները, թեև փոքր սահմանի մեջ, իբրև մի փնջիկ միայն, բայց բավական է մի մատաղահաս և դեռ փոքր գլխի մեջ ահագին հեղաշրջում ձգելու»:

Ինքն իրան Աղայանը սրամիտ այլաբանությամբ նմանեցնում է աղբով պարարտացրած մի հողի, որի մեջ ընկած բեղմնավոր սերմը կարող էր մեկին հարյուր տալ: Մտավոր հողը պարարտացնող աղբը տեր Պետրոսի տված ուսմունքն էր:
Սակայն ստացվե՞ց հունձ մեկին հարյուր:

Դրա համար հարկավոր էր, որ շնորհալի պատանին կարողություն ունենար շարունակելու իր մտավոր զարգացումը` ստանալով կանոնավոր և սիստեմատիկ ուսում:

Նա զրկված է այդ կարողությունից: Նա միջոցներ չունի: Եվ գնում է միջոցներ գտնելու: Ո՞ւր: Իհարկե իրանց տուն, ուրիշ տեղ չուներ նա: Իրանց տուն, ուր Ստեփանն էր տիրապետում:

Այժմից իսկ կարելի է գուշակել, որ դա մի անհուսալի ձեռնարկություն էր: Ուստի մենք պիտի տեսնենք, թե Աղայանը ինչ էր կրում իր մեջ, որ կարող կլիներ նրա համար նյութ կազմել ապագա ինքնագործունեության համար:

Թիֆլիսից մեկնելուց նրա ընկեր Մանվելը ընտանեկան քեֆ է կազմում: Աղայանը դեռ բոլորովին չէ կազմակերպվել: Նա մի տեսակ ընկճված է, հոգսերի տակ ճնշված: Մանվելն է նրան խոսացնում, նրա լեզուն բաց անում:

Եվ մենք տեսնում ենք, որ Ղազարոսի մեջ ավելի զարգացել է աշուղական տրամադրությունը: Նա կատարելապես յուրացրել է աշուղության արվեստը, ուսումնասիրել է այդ արվեստի բոլոր տեսակները: Հարուստ նյութեր ունի, բացատրություններ է տալիս:

Բայց այդքան լավատեղյակությունը կույր յուրացում չէ ցույց տալիս: Աղայանը աշուղական երգերի վերլուծումների միջոցով ապացուցում է, թե որքան արհեստականություն, որքան մթություն է դիտավորյալ կերպով մտցվում այն բանաստեղծության մեջ, որ ահագին ազդեցություն ունի ժողովրդի վրա, որ դաստիարակում է նրա ճաշակը, նրա աշխարհայեցողությունները: Նա ցույց է տալիս և այն, թե որքան կեղծ ու պատիր բաներ է ստեղծվում և ընդունվել տալիս ժողովրդին:

Վերանորոգություն մտցնել ժողովրդական բանաստեղծության մեջ, պարզություն, դյուրըմբռնելիություն հաղորդել նրան, մաքրել ավելորդություններից ու հնարովի ստություններից- ահա, իմիջիայլոց, ինչ գաղափար է ծնել նրա մեջ իբրև արդյունք այն կարճատև անսիստեմ կրթության, որ նա ստացել էր քաղաքում:
Սերմերը, ճիշտ որ, պարարտ հողի մեջ էին ընկել:

Այս է ասում ընթերցողը, մինչդեռ Ղազարոսը, բաժանվելով Մանվելից, Բոլնիսի ս. Գևորգ ուխտատեղին գնացող ուխտավորների սայլն է մտնում:

Հեռանում է նա Թիֆլիսից: Աջողության ի՞նչ հույսով: Մանվելը գիտեր, որ իր ընկերի մեջ ապագա «կռվասեր զինվորի նշանները երևում են արդեն»: Գիտեր, որ իր ընկերը «մի ծայրահեղությունից դեպի մյուսը թռչելու հակումն ուներ»:
Իսկ այդ ընկերն ասել էր նրան. «Մենք մարդիկ ենք, բանական մարդիկ, մենք պարտական ենք գնալ դեպի հառա~ջ, հառա~ջ, ո~ն անդր հառա~ջ, մի ձախ, մի աջ, դեպի կատարյալն և դեպի բարին…»:
Հիշեցեք տեր Պետրոսի մոնթին Թիֆլիս մտնելիս: Եվ հիմա ինչպես է նա Թիֆլիսից գնում դեպի այն գավառը, ուր Շամշուլդա կա, ուր Աղանց Ստեփանի աշխարհն է:

III
Թափառումներ

«Կռվասեր զինվորի» նշանները Աղայանը ցույց տվեց հենց ճանապարհին, ուխտավորների մեջ: «Պղնձե քաղաքի» աշակերտը քաղաքում դարձել է մի կատարյալ հեղափոխիչ: Եվ վերադարձին նա զինված է այն իսկ նախապաշարմունքների, սնոտիպաշտությունների դեմ, որոնք մի ժամանակ նրա ստացած կրթության գլխավոր պաշարն էին կազմում:

Խեղճ ու մութ ուխտավորները գնում են իրանց երեսը քսելու ս. Գևորգի քարերին: Դարերով հարթված, սրբագործված մի ճանապարհ, որի վրա քարերից ու կոշկոռներից ավելի շատ թափված են միամիտ, տգետ ավանդություններ, պաշտամունքներ, հավատալիքներ: Եվ ահա այդ հի~ն, հի~ն ճանապարհին մի պատանի է լույս ընկել, որ հարվածում է պապերի ավանդությունները, ծաղրում է սնոտիպաշտությունները, նույնիսկ ս. Գևորգին մեծ բան չէ համարում: Գոնե նա, այդ հռչակված Գևորգ զորավարը, հենց ս. Վարդանից մեծ չէ: Այսպես է ասում այդ պատանին:

Նրա դեմ վրդովվում են ջերմեռանդ ուխտավորները: Ուրիշ կերպ չեն կարող լինել նրանք: Եվ Աղայանը ի վերջո վռնդվում է իրան հյուրընկալած սայլից, ստիպված է ոտով գալ մնացած ճանապարհը:

«Կռվասեր զինվորի» բնավորությունը արդեն շատ բնորոշ գծերով է ցոլանում: Նա ինքն է կռիվ որոնում, նա չէ պաշտպանվում, այլ հարձակվում է: Հարձակվում է նույնիսկ այնպիսի հանգամանքների մեջ, ուր չկան ստիպողական դրդիչներ: Զուր չէ Աղայանը շատ տեղ իրան համեմատում Դոն-Քիշոտի հետ: Նրա կռիվները, ճիշտ որ, շատ են հիշեցնում լամանչեցի ասպետին: Սեյդի-շենցի Աղանց Վերդին կռվում էր արդարության և իրավունքի համար. Կռվում էր սրով և հրով, կռվում էր` հարյուրից ավելի սպանությունները օրենք և կարգ համարելով և ոչ թե հանցանք: Այդ կռիվը դարերով հարթված ուղիներ ուներ, նորություն չէր մարդկության համար: Մեկը բյուրավորներից - ո՛չ ավելի:

Նրա թոռը ժառանգել է այդ կռվասիրությունը, բայց ապրում է բոլորովին այլ հանգամանքների մեջ, բոլորովին այլ կենսական-կուլտուրական պահանջների արտահայտիչ է: Նա էլ կռվում է մարդկանց բարիքի համար: Բայց նրա զենքը ջոկ է, նրա գաղափարը կարող էր Աղանց Վերդիի ոսկորները տակնուվրա անել գերեզմանի մեջ:

Աղանց Վերդիին հասկանում և մեծարում էին մարդիկ: Հասկանում էին և նրա որդի Ստեփանին: Քաջությունը, հերոսությունը պաշտվում էր, քանի որ նրան ճանաչել, մեծարել էին անհուն դարերից ի վեր: Այլ է Աղանց Ղազարոսը: Սա պապենական ժրությունը, քաջությունը ցույց է տալիս պապենական հայեցողությունները կործանելու, նոր աշխարհայացքներ կանգնեցնելու համար: Եվ նրան դուրս են անում ուխտավորների սայլից, և նա պիտի ոտով գնա` իր հարձակումները շարունակելու համար:

Ահա թե ինչ կերպարանափոխության է ենթարկվել Աղանց տան ժառանգական քաջամարտությունը:
Նա վերադառնում է իր հայրենի միջավայրը որպես բողոք նրա կարգերի ու հասկացողությունների դեմ: Նա սիրահար չէ իր թողած կյանքին, գյուղի ու գյուղացիության անվերապահ սիրահարը չէ: Երևույթները այդ աշխարհում այլևս անբարբառ չեն նրա համար, զզվանք և կսկիծ են պատճառում նրան:

Ի՞նչ է նա տեսնում հայրենի աշխարհում:

Նույնը, ինչ տեսել էր առաջ, ինչ մշտական իրականություն էր կազմում: Բայց այդ բոլորը այժմ բոլորովին այլ լեզու առած են նրա համար:

Ահա մայրը: Քնքշասիրտ, զավակասեր, բարի: Զավակներին սիրելուց է, որ նա հաճախ ծեծվում է իր ամուսնուց: Արտասուքներն են նրա միակ բաժինը, բայց ավա~ղ, աղի արտասուքները ե՞րբ են կարողացել աշխարհի վրա փրկել, դրությունը փոփոխել:

Մտնելով գյուղը, Ղազարոսն զգում է, որ այս աշխարհում ինքը ապրել չէ կարող: Աղբը, կեղտոտությունները, կոպտությունները, խավարն ու անասնականությունը հեղձուցիչ տպավորություն են գործում: Բայց որպիսի~ հեգնանք պատանու այդ զգացմունքների վրա. հայրը նրան ուղարկում է գյուղական աշխատությունների - տավար պահել, փայտ բերել և այլն:

Այդ հայրն էլ նույնն է, ինչպես առաջ: Մի լավ մարդ իբրև հասարակության անդամ, բայց եսամոլ բռնակալ իր տանը: Առանց հյուրի հաց չի ուտում, բայց իր երեխաներին տկլոր է պահում: Հավ չէ մորթում` իր երիտասարդական մեղքերը քավելու համար, բայց կնոջը ծեծում է: «Հայրս,- գրում է Ղազարոսը,- մի զարհուրելի մարդ է նաև իր հսկայական հասակով, իր բարկացկոտ և կնճռոտ դեմքով, իր ծանրաբարոյությամբ և մանավանդ իր կամակորությամբ և այն մեծ համարմունքով, որ վաստակել է իր մասին»:

Եվ Ղազարոսը գնացել է, որ օգնություն ստանա նրանից` ուսումը շարունակելու համար…
Եվ նա, իհարկե, մերժում է օգնել ոչ թե ժլատության պատճառով, այլ որովհետև ավելորդ է համարում: Ավելորդ է այնպիսի մեկին օգնել, որ շեղվել է ուղիղ ճանապարհից, որին ուսումը դարձնում է առնվազն անհավատ, խենթ:
Հոր և որդու մեջ ընդհարումը անխուսափելի է: Նա տեղի է ունենում, չէ կարող տեղի չունենալ: «Վեմն ապառաժի է հանդիպել,- ասում է Ղազարոսը:- Եթե Ստեփանը վեմ չլինի, նրա որդին էլ ապառաժ չէր լինի»: Սա շատ ճիշտ է:
Ընդհարումը սկսողը նույնիսկ հայրը չէ, վեմը չէ, այլ որդին` ապառաժը: Հայրը հանդարտ է խոսում, բացատրություններ է տալիս: Որդին հարձակողական դիրք է բռնում, դատապարտում է հոր հնապաշտությունը, տգետ հավատալիքները, ինքն է առաջ քաշում «մարդագելի» առասպելը, որ այնքան տարածված է ժողովրդի մեջ և որ, ինչպես գիտեք, ասում է, թե մարդը գայլի մորթի հագնելով, դառնում է իսկական գայլ, մինչև որ մորթին խլվում է նրանից: Գուցե սա այլաբանական մի բարոյախոսություն է ժողովրդական փիլիսոփայության մեջ, բայց ժողովուրդը նրան հասկանում է բառացի մտքով, հավատում է, որ չար ոգիները այդպիսի դժվարություն են պատճառում մարդկանց:

Ղազարոսը ուզում է զտել առասպելը, ցույց տալ նրա իսկական նշանակությունը, ցույց տալ մանավանդ հակաբանական հանգամանքները, որոնք սուտ ու պատիր հասկացողություններ են կազմում: Հայրը պաշտպանում է հինը- և պաշտպանողի բնական հետևողությամբ գալիս կանգնում է այն եզրակացության, թե իրանք, հայր և որդի, միասին ապրել չեն կարող:
- Ես հիմա լավ ճանաչեցի քեզ,- ասում է Ղազարոսը,- քո գլուխը ծուռ ու մուռ գաղափարներ է լցվել, էլ ուղիղ մտքի, ուղիղ գաղափարի համար տեղ չի մնացել:

- Եղբայր,- պատասխանում է Ստեփանը,- որ դու հենց էդպես ես ճանաչել, դուրս ուրեմն իմ տանիցս, էլ ինձ մոտ մի՛ կենալ, վե՛ր կաց, վե՛ր կաց կորիր… Հակառակի պես որտեղից եկավ էլի քաջքերս մոդ արավ գլխիս, մաղուլ մեզ համար հանգիստ նստած էինք…
- Քաջքեր էլ ունի~ս, ի՞նչ տեսակ զատեր են քաջքերը…
- Դե~, հառամզադա, դո՛ւրս, դո՛ւրս իմ տանից, գնա՛ կորի, էլ աչքիս չերևաս…
Եվ Ղազարոսը, մի քանի զենքեր վերցնելով պատից, դուրս է գնում տանից: Արհամարհում է մոր արտասուքները, գնում է սարերն ու ձորերը ընկնելու:

Տոհմի արկածախնդրական ոգին է ծուլ-ծուլ եղել երիտասարդի մեջ: Հարկավոր էր մի այդպիսի շրջան էլ` բնավորությունը վերջնականապես կազմակերպելու համար:

Յոթ տարի տևեցին նրա թափառումները:

«Ես ընկա երկրիս օվկիանոսը ինչպես մի հեքիաթական աշխարհի մեջ, ինչպես մի առասպելական, այլ ոչ իրական կյանքի մեջ: Այդ կյանքի հետ ես բնավ ծանոթություն չունեի, դրսի կեղևն էի տեսել միայն և շատ հավանել, բայց չգիտեի, որ նա մի զարդարուն գերեզման է, չգիտեի, որ նրանում զարհուրելի գազաններ և միջատներ կան: Շարունակ յոթը տարի պտտվեցի ես այդ զզվարանումը»:

Հայրենագիտության գործնական դասեր: Ինչպե՞ս և ո՞ւր է նա շփվում հայրենի իրականության իսկականի, բուն արմատի հետ:

Այս շատ դժվար է ասել, որովհետև մեր թափառականը մի տեսակ հեքիաթական Սինդբադ է մեր գյուղական աշխարհի ծովում: Այսօր այստեղ, վաղը մի ուրիշ հեռու տեղ: Այսօր Լոռի, վաղը Շիրակ: Այսօր վարժապետ գյուղում, վաղը ծառայող Աղբուլաղի կապալառուի մոտ, որ ուտեստ է հայթայթում զորքերին: Այսօր որսորդ, վաղը աշուղ: Այսօր Լոռու անտառներում, վաղը կաթոլիկ հայերի գյուղում, ֆանատիկոս կաթոլիկ տերտերի հետ վիճելիս:

Շատ մանրամասնություններ Ղազարոս Աղայանը տվել է մանավանդ իր որսորդական կյանքի մասին: Ամիսներով լեռնային բնության գոգում է անտառաբնակ, հեռու մարդկանցից, տարված որսորդի արկածալից որոնումներով: Շփվում է մարդկանց հետ այնքան, որքան հնարավոր է բոլորովին վայրենի, խոտեղենով ու վայրի պտուղներով չապրելու համար:
Ահա և նրա հագուստը. «Նա ուներ վայրի վարազի հաստ կաշվից տրեխներ, արխալուղի փեշերքը հավաքած էր բրդե շալվարի մեջը, օսի չուխա ուներ հագին` փեշերքը վեր կապած, մի մեծ` թարաքյամի փափախ ուներ գլխին` ճակատի կողմը ներս ծալած: Վայրի այծի կաշվից մի պարկ ուներ շալակին` մեջը մի կտոր սև հաց և մի կտոր էլ թել պանիր: Ատրճանակը մեջքի կողմից գոտիկը խրած, խանչալը ձախ կողմից կախած, հրացանը ուսը գցած և մի հաստագլուխ թավարզին անունով մահակ ձեռքն առած»:

Մի վայրենի՞: Ո՛չ: «Առանձնությունը և՛ վայրենացնում է մարդուն, և՛ փիլիսոփա է շինում,- գրում է Ղազարոսը:- Արությունը (այսինքն` ինքը) չէ վայրենանում, բայց փիլիսոփա էլ չէ դառնում»:

Մի ավազա՞կ գուցե: Այսպես կարծողներ էլ կային, երբ տեսնում էին այդ անտառաբնակի բարձր հասակը, վառվռուն աչքերը, հանդուգն բնավորությունը:

Բայց նա, իհարկե, ավազակ էլ չէր:

Ի՞նչ էր ուրեմն:
Բնության մեջ կազմակերպվող մի բնավորություն, վայրենի, լեռնային անասելի մեծ բնության մեջ: Փիլիսոփա, ճգնավոր, բնազանցական մտքերով հափշտակած ասկետ դառնալ չէր թողնում նրա խառնվածքը: Չափազանց դյուրագրգիռ էր նա, չափազանց դյուրազգաց էր, և փիլիսոփայի պաղարյունություն չէր կարող լինել նրա մեջ: «Նրա բոլոր ուղիղ կամ խելոք ասած բաները մի սրտի փղձկուն էին, կիրք դարձած զգացողության արտահայրտություն»: Եվ այդ մարդը ընկերությունից զրկված, խոսակից չունենալով, ինքն իր հետ էր խոսում, ինքն իրանով էր ապրում:
Եվ նրան ղեկավարում էր լեռների, մութ ձորերի, կուսական անտառների ահեղ ու սքանչելի բնությունը: - Ի՞նչ էր նա տալիս այդ մենավոր թափառականին:

Ալբերտի աստվածաբանության աշակերտից, իհարկե, այլևս ոչինչ չէր մնացել: Բայց կարճ ժամանակի ընթացքում Թիֆլիսի մեջ դեսից դենից հավաքած մտավոր պաշարը նստած էր նրա հոգու խորքում: Լեռնային բնությունը զարգացնում էր նրա ժառանգական հատկությունները: Իսկ հոգու խորքում նստած մտավորականը, գաղափարականը զարգացնում էր մեղմը, զգացողությունը, մարդկայնությունը:

Եվ գոյացավ երկվորություն կազմակերպվող բնավորության մեջ: «Բնավորությամբ երկու սեռերի մի խառնուրդ էր ներկայացնում, և այդ երկու իրար հակառակ կողմերը մերթ հաշտվում և օգնում էին միմյանց և մերթ կռվում և ընկճվում միմյանցից, նայած թե որտեղ, որ կողմն էր ավելի պետք, կամ որպիսի տրամադրություն ուներ հոգին… Նա մի գազան էր և միևնույն ժամանակ մի սոխակ, գոռում էր գազանի պես և երգում սոխակի նման: Պատահմունքը երբեմն այնպես է կրթում մարդու, որպես կարող չէ կրթել ոչ մի տաղանդավոր դաստիարակ. ո՞վ կարող է արհեստական կերպով տալ մեկին այն, ինչ որ միայն բնությունը կարող է տալ…Մտածող միտքը, զգայուն սիրտը միայնության մեջ, բնության գրկում, նրա մեղմ ու ահեղ երևույթների ազդեցության տակ` վերանում է մտքով և հափշտակվում մինչև երկինք, հմայվում, կախարդվում է և հոգով ու մարմնով անձնատուր լինում մի աներևույթ զորության: Այնուհետև գիտակից ոչինչ չէ լինում նրանում, նա վարվում է ինչպես մի խենթ, բայց խելքը չկորցրած, այլ վերացրած, թռցրած դեպի վեր, դեպին բարձրը»:
Այդ բնավորությունը, երկվոր, այրական և կանացի, կոպիտ ու քնքուշ, Ղազարոսը պատկերազարդել է մի վերին աստիճանի տիպիկ և գեղեցիկ միջադեպով:

Իբրև որսորդ, նա ընկերանում է Դսեղ գյուղացի Պողոսի հետ, որ նույնպես որսորդ է և Լոռու հարազատ զավակ: Ընկերակցությունը երկար է տևում, բայց պատահում է և գժտություն: Հետաքրքրական րոպեն այս է: Միմյանց դեմ են ելնում երկու լեռնաշխարհ. Պողոսի մեջ մարմնացած է Լոռին, Ղազարոսի մեջ` Ղարաբաղը: Վիրավորում են իրար գավառական հայրենասիրությունը: Մոտ է վայրկյանը, երբ զենքերը պիտի գործ տեսնեն: Բայց լոռեցին խոհեմության է դիմում, ավելի լավ է համարում հեռանալ գժից:

Եվ ահա այդ գիժը կերպարանափոխվում է մի ակնթարթում: Նա զղջում է և հարկադրում է լոռեցուն վերադառնալ, հաշտվել: Բայց ի՞նչ պայմաններով: Մարտնչող լեռնաստաններից ոչ մեկը չէ ուզում մյուսի մոտ գնացող լինել: Հաշտության գործը սկսող լինել: Արժանապատվության հարց կա: Եվ ոչ մի զիջում: Ի՞նչ անել: Միջոցը գտնում է Ղարաբաղը:

- Դե որ ըտենց ա,- ասում է Ղազարոսը,- ոչ դու արի ինձ մոտ, ոչ ես քեզ մոտ: Դու էլ վեր կաց, ես էլ: Դու դեպի ինձ արի, ես դեպի քեզ:

- Դե լավ, ըտենց անենք, ղարաբաղցին անկոտրում կըլի: Ես մի ոտ… դե մի ոտ էլ դու առաջ դիր… ես երկու ոտ… հիմի մեկէլ ոտդ փոխի… ես իրեք… դե ասա` մեղա Աստծու…

- Ինչո՞ւ առաջ դու չես ասում…

- Չէ, առաջ դու պիտի ասես:

- Չէ, դու պիտի ասես:

- Ոչ դու, ոչ ես, մըտեղ ասենք…

- Մըտեղ ո՞նց ասենք, դե դու ասա, ես էլ քեզ հետ կասեմ:

«Վերջապես «մեղա Աստծու» ասելը գլուխ չէ գալիս,- շարունակում է Աղայանը:- Սերտ սիրով գգվում են միմյանց և համբուրում իրար շրթունքից և հետո լուռ ու մունջ իրանց տեղերը նստում»:

Սքանչելի է այս լեռնական պատկերը` իբրև արյուն ու խառնվածք բնորոշող:

Լեռը այսպես դաստիարակեց, կամ ավելի ճիշտ ասած` վերահաստատեց, ամրապնդեց այն, ինչ բերել էր Աղանց Վերդին Խաչենի անտառապատ լեռներից և տվել էր իր ժառանգներին:

Բայց ես ասացի, որ Թիֆլիսում ստացածն էլ մնացել էր այս խաչենցու սրտի խորքում: Եվ ճիշտ, մենք տեսնում ենք այս որսորդին ոչ որսորդական դերում: Նրա մեջ հզոր շեշտերով խոսում է հասարակաց ցավը: Անտառների խորքից նրան դուրս է քաշում հասարակական զգացմունքի ջիղը, և նա գնում է Լոռու Հայդարբերգ գյուղը` մի շատ անվանի աշուղի հետ մրցելու համար:

Գիտենք արդեն, որ Ղազարոսը կատարելապես յուրացրել էր աշուղական արվեստը: Գիտենք նույնպես, որ նա ուզում էր բարեփոխել այդ արվեստը, շինծու, արհեստական, տգետ բովանդակությունից ազատել նրան, դարձնել բնական, պարզ, ազգայնացրած: Այդ նպատակով էլ նա «բաս է մտնում» աշուղ Շոհլայի հետ: Եվ հաղթում է նրան, սազը ձեռիցն առնում: Ինչո՞վ է հաղթում: Ոչ թե միայն լուծելուվ աշուղի առաջարկած այլաբանական հարցերը: Այդ անում է նա աջողությամբ: Եվ երբ հերթը իրեն է գալիս, նա հարցնում է հռչակված աշուղից. «Ո՞վ է հիմքը դրել հայոց ազգության»:

Եվ պապանձվում է աշուղը, նա, որ այնքան հմուտ էր թուրքական արվեստի բոլոր մանվածապատ կանոններին ու գաղտնիքներին:

Ազատել հային կույր ու հին նախապաշարմունքից, զարթեցնել նրա մեջ նոր ոգի և ազգային գիտակցություն- ա՛յս էր և ա՛յս կարող էր լինել այն ժամանակների կրթական կուլտուրական առավելությունը: Դա առաջին և գլխավոր նպատակը չէր Աղայանի թափառումների մեջ, բայց կարևոր դեր էր կատարում:

Նույն այն նպատակով նա վեճի բռնվեց հայ կաթոլիկ գյուղի քահանայի հետ: Գնացել էր այդ գյուղում դպրոց բաց անելու, բայց այնպիսի խստությամբ առաջ տարավ իր վեճը քահանայի հետ, որ հետո ինքն զգաց. թե վարժապետ դառնալ չէ կարող: Մարդկանց հետ խոսելն էլ մանվածապատ արվեստ է: Ո՞վ էր տվել այդպիսի լեզու լեռան որսորդին: Հարազատ հորը չխնայողը կարո՞ղ էր «պալիտիկա» ունենալ մի մոլեռանդ հոգևորականի մոտ:

Հայոց պատմությունից մի դաս է նա տալիս և դսեղցի որսորդ Պողոսին: Եվ տեսնում է, թե ինչ զգացմունքներ է հարուցանում հայրենի անցյալը լեռան կոպիտ ու անտաշ զավակի մեջ:

Բայց ուշ էր սկսվել Պողոսի դաստիրակությունը: Ղազարոսը այլևս ժամանակ չուներ:

Շարունկությունը

Բացվել է 256 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ