ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 36
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Յուրա Գանջալյան
Գրել սովորեցնելը ավագ դպրոցում

Հասմիկ Ղազարյան
Տեխնիկական միջոցները դպրոցում և կյանքում

Դավիթ Մինասյան
Թվաբանությունը դիրքային հաշվարկման համակարգերում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Արտակ Զարգարյան
Համաշխարհային քաղաքակրթությունների եւ հայության դերի շուրջ

Հայկազ Մարգարյան
Ենիչերներ

Գևորգ Հակոբյան
Փոքրագույն արժեքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարիա Մոնտեսորի
Երեխայի տունը

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Աշոտ Բլեյան
Կրթահամալիրը՝ ազատ-ստեղծագործ-համերաշխ մարդկանց կոոպերացիա

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Բիլ Գեյթսից
Հաջողության հասնելու 10 գաղտնիք և 11 խորհուրդ կյանքի համար


Քո միջավայրը

ԱՐՁԱԳԱՆՔ
Ղազարոս Աղայան

Սկիզբը

ԳԼՈԻԽ ԵՐՐՈՐԴ

I
Տպարանական բանվոր

Յոթը տարվա թափառումներից հետո Ղազարոս Աղայանը դարձյալ ընկնում է կուլտուրական միջավայր։ Դարձյալ Թիֆլիսում է նա։

Այս անգամ նա վերջնականապես կազմակերպված մի բնավորություն է, մի ամբողջացած ֆիզիկական և բարոյական ձուլվածք։ Վերջացել է «գժությունների» շրջանը։ Նա կպչում է կյանքին՝ այլևս նրանից չբաժանվելու, նրան արհամարհանքով չլքելու համար։ Եվ մենք կարող ենք նկարել կյանքի և աշխատանքի շեմքով նոր ներս մտնող այդ նոր մարդուն։

Նախ՝ ֆիզիկական կազմվածքը։
Արտաքինով - ճիշտ իր հայրը, «ինչպես մի խնձոր կես արած»։ Եվ նրա պես ուժեղ։ «Ես շատ ուժեղ էի և օրինավոր ըմբիշ,- ասում է նա։- Եթե բանն ուժի ընկներ, գրաշար ժամանակս ես այնքան ուժեղ էի, որ «Կռունկի» բոլոր աշխատակիցները միասին հավաքված կարող չէին կուռս ոլորել... Վազելում, ցատկելում, մագլցելում և մենամարտելում միշտ հաղթող էի հանդիսանում և ոչ հաղթվող»։

Ղազարոսը բաց է անում և իր հոր հոգին, և մենք տեսնում ենք ըմբիշի քաջարի կրծքի տակ մի անսահման հավատացող հոգի։ Նա մեծ հավատ ունի։ Եվ սա մեծագույն ապահովությունն է, որ կյանքի մեջ այդ եփված, ամրապնդած կազմվածքը ինքնավստահ առաջ կերթա, ինքն իր համար ճանապարհ բաց կանի՝ հույսը դրած իր սեփական ուժերի վրա, չարքաշությունների և զրկանքների մեջ բովված իր կազմվածքի, անվհատ ինքնագործունեության վրա։ Այդ հավատը՝ մաքուր, բյուրեղային, զուտ մանկական-միամիտ, թովիչ ու ապշեցուցիչ, անփոփոխ մնաց Աղայանի մեջ մինչև վերջին շունչը։
«Շնորհակալ եմ Աստվածանից,- ասում է նա,- որ ինձ շատ շուտ մոտեցրեց իրան և ազատելով ինձ ամեն տեսակ բարեխոսներից և չարախոսներից, ուղղակի իր հովանավորության տակ առավ, որում կամ և մնամ ցմահ և հետմահու... Ես իմ բոլոր գոյությամբ այս հավատի արդյունքն եմ, չեմ ունեցել մի այլ խնամակալ և հովանավոր՝ բացի Աստվածանից»...

Այնուհետև Աղայանի մեջ տեսնում ենք մանկությունից ի վեր զարգացող ժառանգական և ինքնուրույն հակումներ, սեր դեպի ուսումը, որ մոռացնել է տալիս նույնիսկ իր առաջին սիրահարությունը, գիտության և ճշմարտության որոնում, շիտակություն, որ հասնում է նույնիսկ լեռն ական խաչենցու կոպտության, կռվասիրության, դիմացկունության։

Սարերից ու անտառներից քաղաք եկած երիտասարդը բանվոր է դառնում, նա գրաշար է և ձուլարանի աշակերտ Համբարձում Էնֆիաջյանի տպարանում, որ այնքան խոշոր դեր է կատարել մեզանում։

Ինքը Ղազարոսն էլ լավ չէ հասկանում, թե ինչպես կարող էր կատարվել այսպիսի մի ծայրահեղ կերպարանափոխություն։ «Զարմանալի կթվա շատերին,- գրում է նա,- թե այդ աստիճան վայրենացած մեկը ինչպես է վիզը ճկում ձուլողի և գրաշարի ծանր լուծի տակ, անտառի ազատ արծիվը ինչպե՞ս է կամովին վանդակի մեջ ձգում իրան»։ Եվ ավելացնում է. «Թո՛ղ ավելի մեծ հոգեբանները մեկնաբանեն այդ երևույթը, իսկ ես այսքան կասեմ միայն, որ այդ վայրենության մեջ ես այնպես էի, ինչպես մի կորուստ փնտրող»։

Մենք տեսանք, որ այս միանգամայն ճիշտ է։ Որոնող, փնտրող- այս է Աղայանի բնավորության հիմնաքարը։ Եվ երբ կա այս հիմնաքարը, առանց մեծ հոգեբանների միջամտության էլ կարելի է հասկանալ մեր առաջ դրած խոշոր երևույթը։
Պատահաբար այդ ամեհի բնավորությունն ընկնում է մի միջավայր, ուր նրա մշտատև որոնումների համար առատ նյութեր կան։ Եվ ամեհի բնավորությունը իրան հատուկ խանդավառ հափշտակությամբ կպչում է այդ նյութերին, սանձահարվում է ու կանգ առնում։ Հեքիաթական Քյարամը գտել է իր տենչացած սիրուհու, իր Ասլիի հետքերը: Եվ նա այլևս չէ կարող հեռանլ այդ տեղերից, ուր հետքերն են երևում։ Նա պիտի գտնե իր սիրուհուն ամբողջապես:
Առանց երկմտության կարելի Է ասել, որ մի ուրիշ, սովորական, անհայտ, զուտ առևտրական տպարանում Ղազարոս

Աղայանը երկար չէր դիմանա։ Ձուլողի և գրաշարի ծանր աշխատանքը, առանց գաղափարական տեսիլների, լոկ իբրև արհեստ, չէր կարող ընկճել Լոռու սարերից իջած ամեհի բնավորությունը։

Բայց Էնֆիաջյանի տպարանը մի հասարակ արհեստանոց չէր։ Այդտեղ էր խփում Թիֆլիսի հայ մտավորականության զարկերակը։ Ինքը Էնֆիաջյանը ոչ միայն գրասեր կուլտուրտրեգեր էր, այլև գրող, մեկենաս նույնիսկ։ Այդ տիպը վաղուց անհետացել է մեզանում։

Եվ Թիֆլիսը այլևս այն չէր, ինչպես տեսել էր նրան Աղայանը առաջին անգամ, երբ մոնթությունից ազատվեց։
Այժմ, 60- ական թվականների սկզբին, այստեղ կար գաղափարապաշտ մտավորականություն, ինտելիգենցիա, կար գրականություն, հրապարակախոսություն, կային հասարակական հրատապ խնդիրներ։ Ներսիսյան դպրոցի և պետական գիմնազիայի առաջադեմ աշակերտներից կազմվել էին թարմ ուժերի շրջաններ, որոնք տաղանդով և ավյունով աշխատում էին զարթեցնել հասարակական միտքը, ինքնուրույնացնել հայկական կյանքը նոր ժամանակների պահանջների համեմատ։
Այդ թարմ ուժերը համախմբված էին գլխավորապես «Կռունկ» ամսագրի շուրջը, որ տպվում էր Էնֆիաջյանի տպարանում, որի հրատարակիչը Համբարձում Էնֆիաջյանն էր, իսկ խմբագիրը՝ մի բազմաշխատ և վառվռուն թուրքահայ, Մարկոս Ազաբեկյանը։ Այդտեղ էին գրում և աշխատում էին գյուղից դուրս եկած Գարեգին Մուրադյանը (հետո Մելքիսեդեկ արքեպիսկոպոս), Պերճ Պռոշյանը, նույնպես մի շատ ինքնատիպ և նշանավոր գյուղական բնավորություն, որ իբրև գործիչ՝ Աղայանի չափ ամբողջացած մի հոգեբանություն էր, բայց տարբերվում էր նրանից և շատ բաներով, իբրև բոլորովին ուրիշ աշխարհագրական միջավայրի արդյունք։

Այդտեղ աշխատում էին և Ալեքսանդր Երիցյանր և Գևորգ Տեր-Ալեքսանդրյանը, որոնք ոչ միայն գրողներ ու հետազոտողներ էին, այլև կազմել էին հայ գիմնազիստների շրջան, որ ձրի ուսուցչություն էր անում քաղաքի ետ ընկած մասերում, դասախոսություններ էր կարդում, գրքեր էր հրատարակում։ Ավելացնենք այս բոլորի վրա և հայկական նորածիլ թատրոնը, որ անասելի թարմություն էր մտցրել հասարակաց մտքի մեջ, և որ իր շուրջն էր հավաքել երիտասարդ եռանդոտ ուժերի մի պատկառելի թիվ:

Մի խոսքով՝ Ռուսաստանի համար հավետ անմոռանալի վաթսունական թվականները ծաղկաբույր գարուն էին բացել և Թիֆլիսում։

Ռուսահայ միտքը արդեն գունավորումներ էր ստացել և այդ գունավորումները արդեն ներկայացվում էին պարբերական մամուլի օրգաններով:

Ծայրահեղ ձախակողմը Մոսկվայի «Հյուսիսափայլն» էր։ Հակառակ ծայրը, աջակողմը, հրատարակվում էր միևնույն տեղը, միևնույն տպարանում՝ «Ճռաքաղը»։ Սրա հարազատ եղբայրակիցներն էին Թեոդոսիայի «Մասյաց աղավնին» և Թիֆլիսի «Մեղու Հայաստանին»։

Երբևիցե, երբ կգրվի մեր գրականության պատմությունը, մեր առջև կբացվի գրական մի հզոր ազդեցություն, մի ամբողջ դպրոցի երկարատև և շատ հզոր աղդեցոլթյունը ամբողջ հայության վրա։ Դա Մխիթարյանների դպրոցն է- գերազանցորեն կրոնական- ազգասիրական։ Իր կրոնական իդեալներով Մխիթարյան դպրոցը կաթոլիկության ջերմ պաշտպանն էր, և նրա քարոզությունները ոչ միայն համահայկական համակրանք չէին գտնում, այլև առաջ էին բերում դիմադրություն և բանակռիվներ մյուս դավանություններին պատկանող հայերի կողմից։

Ընդհանուրը, համազգայինը Մխիթարյան դպրոցի ազգագրությունն էր։ Նա հիմնվում էր բացառապես հայ ազգի պատմության վրա, որ և ներկայացնում էր իբրև անսպառ աղբյուր փառքի, պարծանքի, ինքնագոհության։ Մխիթարյանների ազդեցությունը սաստիկ էր մանավանդ թուրքահայերի վրա։ Եվ որովհետև թուրքահայերը ավելի առաջադեմ էին, քան ռուսահայերը, ուստի ազդեցություն ունեին և վերջիններիս վրա։
Այդ տեսակ պատմությունը-ազգային սնապարծությունը և շովինիզմը կերակրող պատմությունը կատարելապես ողողել էր ամեն ինչ և´ թատերական ու բանաստեղծական գրականությունը, և՛ մամուլը, և՛ դպրոցը։
Եվ ահա այդ ծայրահեղ միակողմանի ուղղության, ոգևորության դեմ առաջին անգամ ռեակցիա է կազմում Ռուսաստանի դպրոցներում կրթված հայ երիտասարդությունը։ Չհերքելով միանգամայն պատմության նշանակությունը, հեռու չմնալով նույնիսկ այդ պատմության գեղեցիկ կողմերով ոգևորվելուց, նա առաջ քաշեց իրական կյանքի պահանջները, այժմեության հարցերը։ Պատմության մատակարարած ինքնագոհությունը, մեծամտությունը և սնապարծությունը միայն օրորում, քնացնում էին հասարակաց միտքր, նրա խավար հետամնացությունը։ Կյանքի երևույթների քննադատությունը առաջ բերեց և պատմության քննադատությունը։ Եվ կծու, վիրավորական էր նրա լեզուն։ Նա պահանջում էր վերանորոգություն, լիովին վերածնութ յուն հասարակական գաղափարների և նրանց գործոնները կազմող եկեղեցու, գրականության, դպրոցի մեջ։
«Հյուսիսափայլը» ռուսահայ ինքնատիպ, նոր կազմակերպվող, ռուսական հզոր ազդեցության տակ դաստիարակվող մտավորականության օրգանն էր։ Անողոք, խստապահանջ, մերկացնող և խարազանող։

Նրան դիմադրում էին երեք դաշնակիցները, Թիֆլիսի «Մեղուն» դիմադրական եռանդի կողմից «Մասյաց աղավնիի» չափ ուժեղ Է։ Բայց իբրև գրական երևույթ՝ շատ խղճուկ է։ Շատ քիչ են նրա մեջ երևան գալիս վարժ գրողներ, սովորական տեսքն է՝ գրական բթամտությունր։

«Կռունկը» գրական արժանիքների կողմից անհամեմատ բարձր է իր բոլոր ժամանակակիցներից։ Իսկ հրապարակախոսական ուղղության տեսակետից միջին տեղն Է գրավում «Հյուսիսափայլի» և «Մեղվի» մեջ։ Մարկոս Աղաբեկյանը Մուրադյան վարժարանի աշակերտ էր, ուրեմն ամբողջապես Մխիթարյան գրական ազդեցության արդյունք, բայց մի ինքնուրույն առանձնահատկությամբ։ Նա և նրա ընկեր Մատթեոս Մամուրյանը հավատարիմ մնալով լուսավորչական եկեղեցուն, Մխիթար յանների կաթոլիկական պրոպագանդայի ուխտյալ հակառակորդներ հանդիսացան և, իբրև այդպիսին, չափազանց բարձրացրին ազգային եկեղեցու պատմական և այժմեական նշանակությունը։
Աղաբեկյանը մի սերտ կապ հաստատեց հայության երկու անջատված խոշոր մասերի՝ արևմտյան և արևելյան, մեջ։ Եվ սա մի չափազանց խոշոր երևույթ է մեր հասարակական կյանքի պատմության տեսակետից: «Կռունկը» միացնող օղակը հանդիսացավ, և ազգային կյանքի հորիզոնը ընդարձակեց Բոսֆորի ափերից մինչև Կասպից ծովի ափերը։
Այնտեղ հաճախ երևում էր տաղանդավոր և բազմավաստակ Մատթեոս Մամուրյանը։ Այնտեղ մանրամասն նկարագրություններով հանդես էին գալիս թուրքահայերի այդ ժամանակվա վերին աստիճանի հետաքրքրական և նշանակալից ազգայնական շարժումները։

Ազգային ինքնագիտակցության մի կրակարան հանդիսացավ «Կռունկը»։ Մարկոս Աղաբեկյանը բավականաչափ զարգացած մի մարդ էր, որպեսզի կարողանար Այվազովսկու, Չերքեզյանի, «Մեղվի» լուսավախության և անհամբերողության կողմնակից լինել։ Բայց նա չէր սիրում մերկացումներ, հարձակումներ, ազգային արատների դեմ, թեև նա էլ լույս և առաջադիմություն էր կանչում։ Նրա ազգասիրությունը ավելի լուսավորված էր, ավելի մեղմանուշ, սենտիմենտալ։ Հինգերորդ դարը «Կռունկի» համար մի մեծ պաշտամունք էր, հափշտակության առարկա, ինչպես և Սխիթարյանների համար։ Իր էությամբ, իր դավանանքներով նա ավելի մոտ էր «Մեղվին», բայց «Հյուսիսափայլի» կողմնակիցն էլ էր մի քանի դեպքերում, թեև հակառակ էր նրա այնպիսի առաջարկություններին, որոնք ծայրահեղություն էին համարվում այն ժամանակ։

Ահա այս «Կռունկի» շրջանումն է Ղազարոս Աղայանը իբրև տպարանի բանվոր։ Գործի գլուխ անցած երկու անձնավորություններն էլ՝ Համբարձում Էնֆիաջյան և Մարկոս Աղաբեկյան, ամենագեղեցիկ ազդեցություն են անում գրաշար Ղազարոսի վրա իբրև «լավ մարդիկ», նրան խրախուսում են, և Ղազարոսը իր ինքնակենսագրության մեջ խոսք չէ գտնում նրանց բարերար ազդեցությունը դրվատելու համար։ Մարկոս Աղաբեկյանը, քնքշասիրտ և բարի մի մարդ, Աղայանի մենտորն է հանդիսանում, նրան խորհուրդներ է տալիս, վառ է պահում նրա մեջ մշտական որոնումների՝ ուսման և գիտության տենչանքը։ Նույնպիսի սքանչելի տպավորություն թողնում է նրա վրա նաև ժամանակի նշանավոր և ազդեցիկ մարդը՝ բժ. Յուրի Հախվերդյանը[1], «Սայաթ-Նովայի» հմուտ հրատարակիչը։
Եվ ահա թե ինչ ընդարձակ, նոր, գեղատեսիլ աշխարհ էր Աղայանին առել իր մեջ։ Ահա թե որքան քնքուշ, սրտագին թելերով նա կապվեց գրական-մտա վորական այն շրջանին։

Թիֆլիսի հայության համար մի ամբողջ ազգային երևույթ էր Խրիմյան Հայրիկի ճանապարհորդությունը դեպի Կովկաս։ Հայաստանցի պարզ վարդապետի հրաշունչ, զգլխիչ հայրենասիրական քարոզները Թիֆլիսի եկեղեցիներում ցնցող-հեղափոխող էին։ Աղայանն էլ ենթարկվեց Խրիմյանի հմայքին։ Ահա ինչ է գրում նա.
«Հայրիկի քարոզը ես առաջին անգամ լսեցի Մեյդանի ս. Գևորգ եկեղեցումը։ Կանգնած էի առջևի կարգումը։ Դեռ չէի տեսել Հայրիկի պատկերը։ Երբ որ բարձրացավ բեմի վրա և հայացքը ձգեց ժողովրդի վրա, դեռևս ոչինչ չխոսացած՝ սոսկ այդ հայացքը ինձ վրա մի չլսված տպավորություն գործեց։ Մեծն Ներսես, Սահակ Պարթև և սուրբ Մեսրոպ վայրկենապես պատկերացան երևակայությանս մեջ իբր կենդանացած և առջևս կանգնած։ Սիրտս լցվեց, բուկս խեղդվեց, քիչ մնաց բղավեմ- վա~յ, օգնեցե'ք, մեռա... Բայց ամենայն ուժովս զսպեցի ինձ և տեղս ու տեղս չոքեցի, գլուխս դրի գետնին երկու ձեռքիս մեջ և խեղդված հեկեկանքով հորդ արտասուք թափեցի: Նա սկսեց խոսել, բայց ես չէի իմանում ոչինչ, իմ հոգին իր բոլոր զգացումներով թռել էր Հայաստան...»։

Այս գերագույն էքստազը և՛ հատկանշական է, և՛ հասկանալի։ Նա ցույց է տալիս, թե որպիսի բուռն, փոթորկային հույզերով էր Ղազարոսը տպավորությունները յուրացնում: Այդ միանգամայն հարազատ է նրա բնավորության, նրա սրտի և հոգուն: Խրիմյան Հայրը հուզված, հափշտակված ունկնդիրներ շատ է ունեցել: Բայց այսպիսի մի ուրիշ ունկնդիր հավանական է, որ չէ ունեցել: Հայ հայրենիքը, հայ պատմությունը Աղայանի համար ս. Գևորգ եկեղեցում հանկարծակի ծնված տեսիլներ չէին: Ինչպես տեսանք, սքոլաստիկայի կապանքներից ազատող առաջին թարմ և հափշտակիչ գաղափարները հայ հայրենիքն ու հայ պատմությունն էին, և այս նա ցույց է տալիս Լոռու անտառներում անգամ: Այստեղ, եկեղեցում, հանձին Խրիմյանի Աղայանը տեսնում է իր մտապատկերների կոնկրետ թանձրացումը: Եվ հասկանալի է, որ հույզերը այնքան բուռն ու սանձակտոր էին: Ժամանակը ամբողջովին հայրենասիրական, «Կռունկի» դպրոցը ամբողջովին այդ հայրենասիրության քնարերգություն . . .

«Ահա այս ժամանակը,-ավելացնում էԱղայանը,- իմ առաջվան ցավերի վրա ավելացավ և այս ցավը և ինձ համար անբուժելի դարձավ: Աստվածասիրություն, հայրենասիրություն և ուսումնասիրություն երրորդություն պես միացյալ ուժով տիրեցին իմ ամբողջ բնությանը, այլևս ուրիշ զգացումների տեղի չտեվին»:

Հայրենասիրության «անբուժելի ցավն» էր, որ ապագայում նրան, ծերության հասակում, բուռն և միամիտ ոգևորությամբ մտցրեց թուրքահայ հեղափոխության մեջ և աքսոր ուղարկեց նրան:

Աղայանի բնավորության տիրած երրորդության վերջին անդամը` ուսման տենչը, պակաս կրակոտ չէր: Իր մի ուրիշ աշխատության մեջ նա ասում է, որ, տեսնելով գիմնազիան վերջացրած հայ երիտասարդների գործունյան շրջանը, ասում էր ինքն իրեն.«Ա~խ, ե՞րբ կլինի, որ ես էլ սրանց չափ բան գիտենամ»:

Այս հառաչանքը, այս ցանկությունը մի գրաշար բանվորի ամբողջ անօգնականությունն էին ցույց տալիս: Ո՞վ է տվել. . . Ինչպե՞ս կարելի է, որ վառ ցանկությունը հառաչանքների աշխարհից դուրս գա, իրականանա:
Իսկ Մարկոս Աղաբեկյանը շարունակ խորհուրդ է տալիս նրան գնալ մայրաքաղաք, այնտեղ սովորել, այնտեղ ուսում ձեռք բերել: Համբարձում Էնֆիաջյանը, ընդհակառակը, խրատում էր նրան ետ կենալ այդ տեսակ դիտավորությունից: Խոստանալով ամեն հարմարություն տալ Թիֆլիսում` պատրաստվելու, ուսում առնելու համար:
Ղազարոսին ավելի հափշտակողը Աղաբեկյանն է: Իսկ նա ծարունակ ասում է իր Ղազրիկին. «Գնա, Տերը քեզ հետ կլինի միշտ: Ինչ որ այնտեղ կսովորես միայն տեսնելով ու լսելով`այստեղ ամենալավ վարժապետից անգամ չես կարող սովորել»:
Եվ այս միտքը հաստատվում է Ղազարոսի մեջ: Նա շատ էր ուզում հնալ Վարագի վանքը, մտնել Խրիմյանի աշակերտների շրջանը, բայց թե' իր ունեցած ուսումն էր քիչ համարում և թե' իր հմտությունը տպարանական արհեստի մեջ: Այս վերջին հանգամանքն էլ ձգում էր նրան դեպի հեռավոր հյուսիս:

Բայց մենք չմոռանանք Աղանց Ստեփանին:

Այն օրվանից, երբ «անառակ որդին» Լոռու սարերից եկել էր Թիֆլիս և գործով էր զբաղված, ստեփանը հաշտվեց նրա հետ:
-Փառք իմ ստեղծողին, որ քեզ ջուր ու կրակ գցելուց հետո վերջապես օրինավոր մարդ շինեց,-ասումէ նա:- Ապրես, որդիս, ապրես, հիմա կարող եմ ասել, որ իմ հարազատ ծնունդն ես, իմ սիրելի զավակս։ Ես էլ քիչ դառն օրեր չեմ քաշել, ես էլ գժություն շատ եմ արել, բայս դու չափն անցկացրիր, այնպես որ ես չէի կարող ուրիշ կերպ վարվել, ուրեմն ներելի է և իմ վարմունքս դեպի քեզ։
-Իհարկե ներելի է,- ասացի,- հա՛յր։ Ամեն բանի մեջ Աստուծո մատը կա, եթե դու այնպես չվարվեիր, ես էլ այսպես չէի դառնալ կամովին։
Խեղճ Ստեփանը, հարկավոր է, որ այս անգամ «խեղճ» անունը հատկացնենք նրան, չգիտեր, որ իր որդին մինչև այղ դեռ իսկապես չափը չէր անցկացրել։ Չափը անցկացնելը նա դեռ պիտի տեսներ. . .


II
Հյուսիսում

1862-ի ամառը Թիֆլիսից փոստի կառքով դեպի Վլադիկավկազ ճանապարհ ընկան երկու երիտասարդներ։ Մեկը Աղայանն էր, մյուսը՝ նրա մտերիմ ընկեր Միքայելը, նույնպես գրաշար։

Գնում էին Ռուսաստանի մայրաքաղաքները ուսում և արվեստի կատարելագործություն որոնելու։
Այդ ճանապարհով նրանցից առաջ հարյուրավորներն էին գնացել, նրանցից հետո հազարավորներն էլ գնացին։ Բայց ոչ ոք նրանց պես չէր։ Ոչ ոք չէր պատրաստել նրանց, ոչ ոք չէր օգնել։ Եվ նրանք գնում էին այնքան հեռու և հույսները միայն իրանց բանվորական բազուկների վրա դրած։ Նրանց գրպանում միայն 75 մանեթ կար։

Ղազարոսը ինչ որ աշխատում էր տպարանում, տալիս էր իր հորը։ Եվ ահա նա մի օր հայտնում է նրան իր նպատակը, խնդրում է իր աշխատանքը իրան տալ։

Որդու դիտավորությունը ապշեցնում է հորը։ Ոչ Վերդին, ոչ ինքը՝ Ստեփանը, այդքան հեռու չէին գնացել, գժությունը այդ աստիճանին չէին հասցրել։ Եվ ընդդիմացավ հայրը, սկսեց խնդրել որ Ղազարոսը ձեռք վերցնե այդ մտքից։ Մայրն էլ, որ միշտ պաշտպանել էր նրան, այս անգամ նույնպես դեմ է այդ հեռավոր պանդխտության։ Լաց է լինում, աղաչում է չգնալ։
Որդին սկսում է բացատրել, բերելով այնպիսի փաստեր, որոնք շատ համոզիչ պիտի լինեին շինականի համար։ Նա ասում է, որ իր ունեցած ուսումով ոչինչ չի կարելի անել և միայն Ռուսաստանում կարելի է այնքան սովորել, որ կարգին ապահովված մարդ կարելի է դառնալ։ Այն ժամանակ ծնողներն էլ կազատվեն գյուղական ցավերից ու տանջանքներից։ Դեռ մանկությունից Ղազարոսը մինչև հոգու խորքը վրդովվում էր, տեսնելով մովրովների, յասաուլների գործ դրած բռնությունները գյուղացիների վրա, տեսնում էր, թե ինչպես էին ծեծում, ինչպես էին խլում-տանում։ Ստեփանը մի տարի զրկվեց վար անելու հնարավորությունից, որովհետև նա հարկավոր էր մովրովին և ակամա, բռնադատված ապրում էր նրա մոտ, հեռու իրանց գյուղից, որպեսզի թարգմանի դեր կատարե, օգնե մովրովին գողեր գտնելու և այլն։

Ահա այս տանջանքների վերացումն էր խոստանում Ղազարոսը։ Բայց նրա դիտավորությունը չափազանց անօրինակ էր, ճանապարհորդության նպատակակետը չափազանց հեռու էր, և ծնողները չհամաձայնվեցին։

Այսպես էին և Միքայելի ծնողները։ Ու տեսնելով, որ ասելով ոչինչ չի դառնա, երկու ընկեր ծախեցին իրանց ունեցած-չունեցածը, և ահա գնում են:

Մինչև Վլադիկավկազ նրանք սովորական ճանապարհորդներ էին: Բայց այնտեղից սկսվում էր նրանց արկածալից ոդիսականը: Եվ մենք անշուշտ կասեինք, թե Ղազարոսի մեջ էլի գլուխ է բարձրացրել, և այս անգամ ավելի բուռն կերպով, արկածախնդրական թափառումների սերը, եթե չտեսնեինք նրա առջև որոշակի դրված նպատակ, ուղիղ ճանապարհ:
Փոստային սայլակը այլևս երկու ընկերների համար անմատչելի մի շռայլություն է: Եվ նրանք շարունակում են ճանապարհը բեռնակիր քարավանների հետ, ոտով կամ բեռնակիր սայլերի վրա նստելով:

Չարքաշ, ուղղակի դաժան տեղափոխություն: Բայց մեր երիտասարդները սովոր են: Միքայելը անգին հատկություններով օժտված մի համեստ մարդ է, որ տանում է ամեն մի զրկանք առանց մի ծպտուն հանելու:Իսկ ղազարոսը նրանից ավելի եփված է: Ահա նա պատմում է մի միջադեպ, որ ուղղակի աննման է նրան բնորոշելու համար:
Քարավանը բաղկացած է երեսուն բեռնակիր միաձի սայլերից(պովոզկա): Գլխավորն է մի հսկա միականի ռուս, որին դուր չեն եկել երկու հայ երիտասարդները և որ հենց այդ պատճառով նրանց ծաղրում է, արհամարում է «արմյաշկա» է ասում, շուտ-շուտ հրնդում է: Ղազարոսը վերջապես դուրս է գալիս համբերությունից: «Մեկանգամ էլ,-ասում էնա,- երբ պիտի մոտովս անցներ, ես պատրաստվեցա, և հենց ուզեց հրնդել, ես այնպիսի մի զարկ տվի ոտքովս, որ նա բերանքսիվայր փռվեց գետնի վրա: Նա վեր կացավ և ուզեց բռնել ինձ, բայց ես սպառնացի ասելով.«Չմոտենաս, եթե ոչ` խանչալս փորդ կկոխեմ: Ուզում ես ուժդ փորձել, ես պատրաստ եմ, առաջներիս դվորումը կոխ կենանք, տեսնենք ով ում կհաղթե»:
Այդպես էլ համաձայնություն է կայանում: Եվ ահա տեսարան: Իջևանում հավաքվել են բոլոր սայլապանները, նրանց մեջ Ղազարոսը կոխ է բռնել ռուսի հետ: Այդ գոտեմարտը նա նկարագրում է իրեն հատուկ գրավիչ, միամիտ պարզությամբ:
«Ես չգիտեի, թե ռուսներն ինչպես են կպչում: Վրաստանի սովորությամբ երկու ձեռքով խաչմերուկ բռնեցի օձիքից և աջ ծունկս հանկարծ գետնին խփելով` ուսիս վրայով մեր հասկային կլոխպուզ արի այնպես, որ առաջ գագաթը դիպավ գետնին, հետո մեջքի վրա փռվեց գետնին ահագին թրմփոցով: Սարսափելի էր հարվածը, բայց վեր կացավ տեղից և բողոքեց, թե այդ սատանություն է և ոչ կպչել. Պետք է կպչել իրանց օրենքով»:

Գոտեմարտը նորից սկսվում է, այժմ արդեն ռուսական եղանակով: Ղազարոսը նորից տապալում է ռուսին: Սա վեր է կենում և սկսում է կռիվ: «Նա ինձ խփեց, ես` իրան, բոլոր ռուսներն իրար խառնվեցան և բոլորն էլ շների պես թափվեցին վրաս, որ գզգզեն: Այդ միջոցին Միքայելը` չգիտեմ որտեղից` ճանկ գցեց մի ահագին մահակ և տուր թե կտաս` մեկ սրան և մեկ նրան»:
Կռիվը, որ սպանությամբ պիտի վերջանար, ընդհատվում է հանդիսատեսների միջամտությամբ և երկու ընկերները մի ուրիշ սայլ վարձելով, իսկույն ճանապարհվում են Ստավրոպոլ:

Ռոստովում նրանց փողը հատում է: Բայց նրանք երկյուղ չունեին, թե քաղցած կմնան կամ կկորչեն անծանոթ աշխարհում: Արհեստավորներ են, և ընդհատում են ճանապարհորդությունը, մինչև որ փող կվաստակեն:

Գնում են Թեոդոսիա, որ Գաբրիել Վարդապետ Այվազովսկին Խալիֆյանի հաշվով տպարան էր բացել և հրատարակում էր «Մասյաց աղավնին: և զանազան գրքեր: Ընդունվում են այդ տպարանում, աշխատում են ամբողջ ամառը և շարունակում ճանապարհը դեպի հյուսիս։ Շարունակում են, ինչպես կարող էին շարունակել իրանց աշխատանքի մի մասը ետ դրած բանվորները։ Երկաթուղիներ չկային, փոստային երթևեկությունը անմատչելի է բան-վորական գրպանին։
Ու գնում են դարձյալ նույն միջոցով, ինչպես գնացել էին Վլադիկավկազից Ռոստով։ Դարձյալ բեռնակիր սայլերի քարավան, դարձյալ ճանապարհի մեծ մասը ոտով։

Ղրիմից նրանք ճանապարհ են ընկնում մրգեր տանող սայլերի հետ՝ սեպտեմբերի սկզբներին։

Մոտ երկու և կես ամսվա ճանապարհ կար նրանց առջև։ Ռուսական ստեպների (դաշտավայրերի) անծայր տարածությունը՝ միանման, տափակ, ձանձրացուցիչ, ճանապարհների ուղղությունը ցույց էին տալիս տեղ-տեղ դարսած քարերը։ Բայց և այդպես, ռուս սայլավարը մի գիշեր կորցրեց ճանապարհը և սկսեց հակառակ ուղղությամբ դեպի հարավ գնալ: Աստղերն էին ուղղություն ցույց տալիս, ինչպես օվկիանոսում։

Աղայանը մանրամասն չէ նկարագրել այղ ճանապարհորդությունը, որպեսզի իմանանք, թե ինչեր են քաշել ուսման և արհեստի գնացող մեր երիտասարդները։ Այդ հասկանալի է։ Ամեն տեղ մենք նրան տեսնում ենք դժվարություններն արհամարհող, զվարթ ու կայտառ։ Իսկ այդպիսի մի ճանապարհորդ չէր կարող խոր տպավորություններ ստանալ արգելքներից, բանի տեղ դնել արգելքները և նկարագրեր նրանց մանրամասն։ Սակայն ռուսական ստեպներում ճանապարհորդությունը նկարագրել է Չեխովը, և մենք կարող ենք մեր երևակայության մեջ ներկայացնել 2,5 ամիսները, որ անցկացրին Աղայանը և իր ընկերը ճանապարհին։

Մոսկվա հասան նրանք նոյեմբերի կեսին, բավական տխուր դրության մեջ- գզգզված, քաղցած։ Հինգ մանեթ չունեին, որ սայլապանի վարձը տային։

— Հաց չունինք,- ասում է Միքայելը։
— Ի՞նչ անենք, թե հաց չունինք,- ասացի ես։
— Երևակայիր, որ շատ հաց ունինք, և քեզ բոլորովին կուշտ կզգաս։

Ասում է, բայց ինքն էլ գիտե, որ իր առաջարկածը մշտական ու ապահով միջոց չէ։ Ու շտապում է իսկույն ևեթ, առանց հանգիստ իսկ առնելու, գործ որոնել։

«Կոշիկներ չունեինք և ոչ տաք հագուստ,- ասում է Աղայանը,- իսկ Մոսկվայումն արդեն ձյուն կար և ռուսական «մարոզ»։ Եմ կոշիկներս ոչ երես ունեին և ոչ տակ, իսկ Միքայելինը երես ունեին, բայց տակ չունեին։ Հագա ընկերիս կոշիկները, բան, ուզեցի և մեր սայլապանի արմյակ վերարկուն, և այս տարազի մեջ շատ նման էի սալմաստեցի խաչագողի, որպիսիք մեզ շատ պատահեցին Ռուսաստանում»։

Այդ կերպարանքով նախ՝ Լազարյան ճեմարանի տպարանը, ապա այն ժամանակ անուն հանած հայ մտավորականների մոտ՝ Նազարյանի, էմինի, Մսերյանի։ Հիասթափումներ։ Ի վերջո գործ են գտնում տպարանում։ Վերջացավ երկու ընկերների ոդիսականը, որ նմանեցնել կարող ենք ուխտագնացության, այն էլ ասկետական ժամանակների ուխտագնացության։ Մեզանում այդ ժամանակները հավատում էին, որ մտավոր շնորհք, բանաստեղծի կամ փահլևանի տաղանդ, մի խոսքով որևէ արտակարգ կարողություն ստանալու համար պետք է յոթը տարի պաս պահել, հետո ոտով գնալ ս. Կարապետ, որ սա մուրազ տա, ուխտը, հայցվածքը կատարե:

Ահա այսպիսի ջերմեռանդ հավատով, այնքան չարքաշություններով եկել հասել են այս երկու ուխտավորները: Ո՞ւր է նրանց մուրազը:

Նա դեռ հեռու է: Մայրաքաղաքում գիտություն, այո, կա: Բայց տպարանի խորքում մրոտած գրաշարի համար չէ նա: Նրան պետք է որոնել, Նրան պետք է հասնել: Եվ այդ կողմից շատ տխուր է մանավանդ Ղազարոսի կացությունը: Նրա ընկեր Միքայելը բոլորովին ձգտում չուներ դեպի ուսումը, նա ուզում էր միայն իր արհեստը կատարելագործեր: Մինչդեռ Ղազարոսը դրա համար չէր չորս հազար վերս ճանապարհ եկել: Նրան ոգևորում էր մեծ օրինակը-ամերիկացի Բենիամին Ֆրանկլինը[2]:

Աշխատելով Լազարյան ճեմարանի տպարանում, Աղայանը գտնվում էր Մոսկվայի այն ժամանակվա հայ գրական շրջանի մեջ: Բայց ոչ «Հյուսիսափայլը», ոչ «Ճռաքաղը» նրա համար «Կռունկ» չդարձան:Եվ Մոսկվայում մնալն էլ ժամանակավոր հանգամանք ուներ: Ճանապարհածախս աշխատել և Պետերբուրգ գնալ-այս էր երկու ըմկերների նպատակը: Հայկական շրջանները իրանց ցուրտ, պաշտոնական վերբերմունքով չգրավեցին Ղազարոսին: Ի՞նչ կտար Նևայի ափին շինված մայրաքաղաքը:

Առաջին անգամ նա էլ շատ բան չտվեց: Ղազարոսը բանում էր Ռափայել Պատկանյանի տպարանում: Բայց հայ նշանավոր բանաստեղծի մասնավոր շրջանն էլ ոչ մի գրավչություն չունեցավ նրա համար: Ամեն ինչ նրան հրում էր, հեռացնում հայկական շրջաններից: Եվ օտար հիմնարկությունները, օրինակ` Ակադեմիայի տպարանը և Լեմանի ձուլարանն էին այն տեղերը, որ երկու ընկերներ իրանց դրությունը բավարար էին համարում:

Սակայն 1863-ի վերջերին Ղազարոսը նորից գնում է Մոսկվա, ուր շատ ձեռնտու պայմաններով աշխատում էր «Հյուսիսափայլի» վրա: Կարևորը, իհարկե, գրաշարական գործունեությունը չէր, այլ հիմնական նպատակը, գրաշարի մուրազը:

Եվ ահա վերին աստիճանի հետաքրքրական երևույթ: Ղազարոսը մոտենում էիր իդեալին, հասնում էիր մուրազին: Բայց ո՞ւմ միջոցով:

Նա միանգամայն հեռու է Մոսկվայի հայերից, նույնիսկ հայ ուսանողությունից: «Հայ ուսանողներին,-ասում էնա,-ճանաչում էի միայն հեռվից, տեսնելով նրանց թղթամոլությունը և բուլվարներում քարշ գալը անանուն աղջիկների հետ, ես ըածում էի դեպի նրանց խորին արհամարհանք: Զուր տեղ վատնում էին իրանց հայրերի և բարերարների փողերը, առանց հոգ ըանելու իրանց բարոյական և մտավոր զարգացման վրա»:

Գրաշարությունը երկու մայրաքաղաքների հայ խմբագիրների մոտ (Նազարյան, Պատկանյան) նույնպես բավական մեծ առիթ էր, որ նա ոչ միայն սառնասիրտ մնա դեպի այդ անձնավորությունները, այլև զգա այդ արհեստից ազատվելու անհրաժեշտությունը, մի արհեստ, որ ստորացնում էր նրանով ապրողի արժանավորությունը, վրդովեցուցիչ դեպքերի առիթներ տալիս:

«Մենակ մեր խմբագիրների տմարդի վարմունքը բավական էր, որ մի ազատասեր սրտի մեջ կրակ վառեր, առաջ մղեր և այդ կախարդական շրջանից դուրս մղեր: «Ի՞նչ հայեր են այստեղի հայերը, ասում էի ես,-ինչպես կան ռսի նեմեցներ, ռսի ջհուդներ, այնպես էլ կան և ռսի հայեր.դրանց բոլորին միմյանցից զանազանել չես կարող բարոյական կողմից»:
Եվ Ղազարոսը ռուսական և լեհական շրջանների մեջ է պտտվում, այդտեղ է գտնում և' սրտագին վերաբերմունք, և' գաղափարականություն:

Համալսարանի մի խումբ ուսանողներ ձրի դասատվություն էին անում զանազան գործարանների աշակերտներին և վարպետներին:

Ղազարոսն էլ իր գրաշար ընկերներով դասեր է առնում։ Նրա խումբը բաղկացած էր քսան հոգուց, իսկ դասատու ուսանողների թիվը չորս էր։ Հետզհետե սովորողների թիվը նվազեց և վերջը Ղազարոսը մեն-մենակ մնաց։
Եվ ահա այդտեղ Աղայանը առաջին անգամ ծանոթություններ է ստա նում գիտական մանկավարժությունից, մի առարկա, որ պիտի նրա համար ստեղծեր մի եզակի, նշանավոր դիրք հայերի մեջ։ «Այս ուսանողները,- ասում է նա,- հմուտ էին ժամանակակից մանկավարժական գրականությանը, որ նոր էր զարգանում, հետևում էին նորագույն մեթոդներին, ունեին և դասատվության շնորհք։ Երբ որ մենակ մնացի, այլևս տպարան չեկան, այլ ուղղակի իմ սենյակը։ Նրանք աղքատ էին և իրանց ստացած նպաստի փոխարեն էր, որ դաս էին տալիս ձրի»։

Այս ուսանողական շրջանը, ինչպես երևում է, շատ խոր ազդեցություն է ունեցել Աղայանի վրա, որովհետև նա ասում է, թե այդ ժամանակամիջոցը իր մտավոր զարգացման «ոսկեդարն» էր։ Սակայն դա դար չէր, այլ միայն մի տարի։ Մի տարուց հետո Աղայանը ստիպված է հեռանալ, կամ ավելի ճիշտ՝ փախչել Մոսկվայից։

Պատճառները մի քանի հատ էին։

Տպարանական բանվորներից և ուսանողներից մի խումբ էր կազմվել, որ ժողովներ էր անում, զանազան նախագծեր կազմում, դատում «մեր խելքից շատ վեր բաների վրա...»։ Այս դեռ ոչինչ, ինքնազարգացման նտաստող ժողովներ էին։ «Բայց մեր ժողովներից հետո,- ասում է Աղայանը,- խենթություն շատ էինք անում։ Միքայելը մոտս չէր, որ ինձ զսպեր, գժության մեջ չէի ուզում ոչ մեկից ետ մնալ, այլ թե կարելի է, գերազանցել բոլորին։ Ուր որ գնում էինք խմբովին, մեր առաջին գործն էր լինում անկարգություն անել։ Տակնուվրա էինք անում շատ պանդոկներ և կանանոցներ մի որևէ առիթով, իսկ առիթներ այդպիսի տեղեր միշտ լինում էին և այն էլ շատ առատ»։

Խմբի անդամներին հաճախ տանում էին ոստիկանատուն, բայց այդ ժամանակները խստություններ շատ չկային, նրանց խրատում էին և արձակում։ Բայց և այդպես, Ղազարոսը զգում էր, որ այդ «գժությունները» կարող են շատ հեռու տանել, «մանավանդ որ մտադրվել էինք ծեծել մի քանի գերմանացի ֆակտորների (տպարանական կառավարիչների), որոնք շատ բարբարոսաբար էին վարվում ռուս գրաշարների հետ»։

Մյուս պատճառը ավելի հզոր ու վճռական էր։ Ղտզարոսի վրա սիրահարվել էր մի ռուս տղջիկ՝ Վարվառա անունով։ Ինտելիգենտ, զարգացած, գրականության սիրահար մի աղջիկ։ Ղազարոսի գրական դաստիարակության մեջ խոշոր դեր է կատարել և այդ աղջիկը։ «Սիրահարված էի և ես,- ասում է նա,- մինչև անգամ հիացած և հափշտակված, բայց իդեալական սիրով, պաշտելու չափ։ Շատ անգամ ամբողջ գիշերներ էինք լուսացնում... Նա պատմում էր իր կարդացած վեպերի բովանդակությունը, և այդ տեղից սկսում էինք մարդկային հոգու զանազան հատկությունների մասին ճառել, զոռ տալով մեր երևակայությանը, որ անսանձ կերպով թռչում էր առանց մեր կամքի»։ Սիրահարված զույգի այս դրական մարզանքները, փոխադարձ սիրային զիջումները իրանց բարերար ազդեցությունն էին անում։ Այս երկրորդ սերն էր, որ գալիս էր քնքշացնելու Ղազարոսի սիրտը, նրա «շատ կոպիտ բնավորությունը»։

Բայց Ղազարոսը իբրև ժամանակի վառվռուն ազգասեր երիտասարդներից մեկը, չէր կարող թույլ տալ, որ օտարուհու, մանավանդ ռուսուհու սերը բոլորավին հաղթահարե իրան. Նա վախենում է «ռեալան սերից», վախենում է սրբապղծություն կատարել, զրկելով իր պաշտած աստվածուհուն երկնային զորությունից. Վախենում է, թե միգուցե կրակի հետ խաղալով`«ընկնեի մեջը` ճրագի չորս կողմով թրթռող թիթեռնիկի նման»: Եվ վճռում էփախչել այդ սերից:
Վերջապես կա և այն, որ Ղազարոսը կռվում է Նազարյանի հետ։

Մենակ էր «Հյուսիսափ այլի» խմբագիրը, ինքը պիտի լցներ իր ամսագիրը։ Նյութերն ուշացնում էր և հանկարծ բերում էր տպարան ու պահանջում, որ շուտ շարվեն։ Սակայն Ղազարոսը չէր ուզում դրա պատճառով զըրկվել իր դասերից։ Մի օր գալիս է տպարան, տեսնում է, որ Ղազարոսը այնտեղ չէ և տեղեկանալով, որ նա դասի է գնացել, տաքանում է և ասում, «Այդ ասիացի ախմախը ահագին կենդանի է դառել, նոր ուզում է ուսում առնել, գնացեք շուտ, կանչեցեք»։
Այնուհետև թող ինքը՝ Ղազարոսը պատմե.

«Գնացի և կանգնեցի տառարկղիս առջև՝ բիզը ձեռիս։ Նա դուրս եկավ գրասենյակից և սկսեց իր հանդիմանությունը կոպիտ խոսքերով, ես պատասխանեցի իրանից ավելի կոպիտ կերպով։ Նա աչքերը խփեց, ինչպես սովորություն ուներ և սկսեց ձեռքերը շարժել, որ ասածն ավելի ազդու դուրս գա, բայց այս անգամ նրա մի ձեռքը դիպավ իմ ձեռքի բիզի ծայրին, որ անգիտությամբ մեկնեցի դեպի իրան` ուզենալով պատասխանս իր ձևովը տալ: Նազարյանը վիրավորվելով թե իմ խոսքերից և թե խթանից, երեսը շրջեց ու հայհոյելով հեռացավ, իր հետ տանելով և իմ հայհոյանքը, որ անխնա իր ետևից թափեցի գլխին»։

Նկատենք այստեղ, որ Աղայանը, ընդունելով հանդերձ 60-ական թվականների մեր գործիչների մեծ երախտիքը, մերկացնում է նրանց պակասություններն էլ։ Ահա Նազարյանն ու էմինը։ Նազարյանը թույլ չէ տալիս, որ Ղազարոսը էմինի մի ռուսերեն գործի համար անհրաժեշտ մի քանի տող հայերեն շարվածքն անե, նա ասում է Ղազարոսին. «Եղբայր սիրելի, նա մարդ չէ, այլ խոզ է, խոզ, քո տեսած խոզերից չէ, դա վատթար տեսակից է»։ Ւսկ էմինն ասում է Նազարյանի մասին. «Դուք ինչո՞ւ եք լսում, դա խելագար է, զուրկ մարդավարությունից»։

Այս տեսակ կրքոտ վերաբերմունք հատուկ է մեր բոլոր գործիչներին։ Եվ այս հատկությունը ահագին բացասական ազդեցություն է ունեցել մեր գրականության և մանավանդ մամուլի վրա։

Ղազարոսը գրում է. «Մտքումս ասացի՝.., երկուսիդ էլ երեք նահլաթ, ամեն մեկիդ հինգ»։ Եվ պե՞տք է ավելացնել, որ ինքը Ղազարոսն էլ ազատ չէր մեր բոլոր գործիչների սեփականությունը կազմող կրքոտությունից...
1864-ի վերջերում նա նորից Պետերբուրգ է։ Եվ նրա շրջանը դարձյալ այն է, ինչ Մոսկվայում՝ գլխավորապես լեհական։ Պետք է չմոռանալ, թե ինչ դրության մեջ էին այդ ժամանակ լեհերը. 1863-ի ապստամբությունը ճնշված էր և Մուրավյովի դաժան խստությունները կսկիծ էին պատճառում լեհերին, ավելի ևս վառելով նրանց հայրենասիրությունը։ Աղայանը իրան հատուկ հափշտակվող բնավորությամբ մասնակից է դառնում լեհական վշտին։ Նա հիշատակում է մի ճաշկերույթ լեհ մի ընտանիքում և ասում է. «Ամբողջ կյանքումս չեմ կարող մոռանալ այդ ճաշը, ուր լաց ու խնդում իրար խառնված տևեց վեց ժամ։ Ի՜նչ ճառեր, ի՜նչ կենացներ»։

Նա ինքն էլ ճառ ասաց։ Եվ նրա ասածն այս էր. «Լացը կյանքի նշան է, նորածին երեխան երբ լաց է լինում իսկույն, ամենքն էլ ուրախանում են, տեսնււմ են, որ կենդանի է. մենք հայերս դեռ չենք արժանացել այդ բախտին»։
Սա մի ամբողջ քաղաքական դավանանք էր մեր շատ գործիչների համար, և այդ դավանանքից ծնունդ առավ թուրքահայ դատի ռազմական ընթացքը։ Շատ և շատ գործիչների չվիճակվեց տեսնել հային արժանացած «լացի բախտին»։ Աղայանը տեսավ, չափազանց շատ տեսավ, մի քանի տասնյակ տարիների ընթացքում, և համոզվեց, որ մի փոքրիկ, աղքատ, տգետ ու ցրված ազդի համար «բախտ չէ լացը»։

III
Նոր աշխարհ

Մինչդեռ Աղայանը այսպես օտար շրջաններում էր որոնում գաղափարական ություն, ոգևորության և հոգեկան մխիթարանքների աղբյուրներ, նրա առջև հանկարծակի, անսպասելի կերպով բացվում է Պետերբուրգի հայ իրականության մի փոքրիկ անկյունը. մի բոլորովին նոր աշխարհ, որ և գրկաբաց ընդունում է նրան իր մեջ։

Այդ նոր աշխարհը Պետերբուրգի հայ ուսանողական շրջանն էր, որ մի պաշտոնական հիմնարկություն չէր, այլ կազմվել ու պահպանվում էր մի մասնավոր անհատի, այժմ հանգուցյալ Կարապետ Եղյանի ջանքերով։

Եղյանը ամեն շաբաթ հավաքում էր հայ ուսանողներին իր տանը՝ նրանց ազգային ուղղությամբ ինքնազարգացման նպաստելու համար։ Այդ ժողովներում տիրում էր հայ լեզուն։ Ամենալավ և ախորժելի ժամանցն այն էր, որ ուսանողները հայերեն շարադրություններ էին գրում, կարդում էին, որից հետո գրվածքը ընդհանուրի քննադատությանն էր ենթարկվում։

Եվ մենք պետք է ասենք, որ այստեղ, Եղյանի հարկի տակ, իրար հանդիպում էին, զուտ հայկական երեկույթներ էին անցկացնում մի շարք այնպիսի ուսանողներ, որոնք հետո նշանավոր հանդիսացան, անուն հանեցին մեր գրական-հասարակական կյանքում։ Սա անշուշտ պատահմունք չէ։ Շրջանը, գաղափարները անշուշտ որոշ դաստիարակչական ազդեցություն ունեին հայ երիտասարդների վրա, տալիս էին նրանց ապագա գործունեության հրահանգներ, դրդիչ էին հանդիսանում։

Այդ երիտասարդների մեջ էին Արծրունի եղբայրները (Գրիգոր և Անդրեաս), Աբգար Հովհաննիսյան, Գևորգ Եվանգուլյան, Ավետիք Բաբայան[3], Կարապետ Կոստանյան, Սեդրակ Մանդինյան և շատ արիշներ։ Ղազարոս Աղայանին այդ շրջանի մեջ մտցնողն էր ուսանող (հետո փաստաբան, այժմ հանգուցյալ) Ռուբեն Ջալալյանը։

Առաջին իսկ երեկոն գրաշար Ղազարոսը գրավում է ամենքի սերն ու համակրանքը և արժանանում է մի պատվի, որ ցնցող և հափշտակիչ ազդեցություն է ունենում նրա վրա։
Նա միաձայն ընտրվում է ուսանողական ժողովի անդամ։

Այդ ընտրությունը նրա ներկայությամբ չէ կատարվում, այլ այն ժամանակ, երբ նա հարևան սենյակում խոսում էր Եղյանի հետ։ Ոչ ոք չէ հայտնում նրան այդ մասին։ Ժողովի վերջին միայն, երբ քարտուղար Ռուբեն Ջալալյանը կարդում է արձանագրությունը, Ղազարոսը լսում է այսպիսի բան. «Այս երեկոյին, անդամների միաձայն հավանությամբ, պ. Ղազարոս Աղայանր ընդունվեց ուսանողական ժողովի անդամ))։ Հետևում են բուռն ծափահարություններ, Եղյանը սեղմում է նրա ձեռքը, շնորհավորում է և ասում. «Հուսով եմ, որ եկող ժողովին դուք էլ մի բան կբերեք կարդալու»։
Իսկ ի՞նչ էր զգում ինքը, այդ նոր անդամը։ Աչքի առաջ բերենք նրա ամբողջ կյանքը, նրա բուռն ձգտումները, նրա կրած տանջանքները, և ամենևին չենք զարմանա՝ կարդալով նրա ինքնակենսագրության մեջ հետևյալ տողերը.
«Ուսանողական ժողովի անդամ ընդունվելս այնքան անակնկալ էր ինձ համար, հանկարծական, որ երբ լսեցի արձանագրությունը, քիչ մնաց ուշաթափվեի իսկույն և վայր կընկնեի, եթե չբռնեի աթոռի մեջքից։

Շատ հետո ես հանդիմանեցի Ռուբենին, որ շատ անզգույշ վարվեց։ Մենք ամենքս էլ նկատեցինք, ասաց Ռուբենը, որ դու շատ զգացվեցար, բայց չէինք կարոդ իմանալ դրա չափը։

ժողովից հետո ես և Ռուբենը միասին գնացինք տուն։ Ամբողջ ճանապարհին ես լուռ էի, էլ այս աշխարհումս չէի և չէի իմանում ինչ էր խոսում Ռուբենը։ Հենց որ հասա հռչակավոր անկյունի սենյակը, ուր գիշերը ես մենակ էի լինում, որովհետև տանտիրոջս արհեստանոցն էր և ոչ ննջարանը, ես բերանքսիվայր ընկա մ ահճակայիս վրա և մի կուշտ լաց էլա։ Այսպես թեթևացնելով լցված սիրտս, վեր թռա տեղիցս և բացականչեցի.
- Ես պետք է գրեմ, այո´ , պետք է գրեմ»:

Ինչպես գիտենք, նա վաղուց Էր սկսել գրել ոտանավորներ: Հենց այդ միջոցին էլ գրում էր մի ոտանավոր պոեմ, որի մեջ իր կյանքն էր նկարագրում։ Բայց պատռում Է այդ ոտանավորը, նստում է և մի շաբաթվա ընթացքում, մեծ հափշտակությամբ, գրում է իր «Արություն և Մանվելը»։

Հոգեբանական մոմենտը չափազանց ճիշտ է ներկայանում Աղայանի այդ լացի, այդ հափշտակության մեջ։ Նա միանգամայն հասկանալի կլինի այն ինքնուս սկսնակներին, որոնք հանկարծ իրանց զգում են ցածրից բարձրացած, զգում են, որ բարձրացնողը իրանց շնորհքն է, զգում են, որ այդ շնորհքն Է տեղ բաց անում նրանց համար և ոչ թե ստացած բարձր կրթության իրավունքը, վկայականը։ Սա հոգեկան կարողության մեծագույն նվաճումն է, որ չէ կարող չլցնել նվաճողի սիրտը այդպիսի ծայրահեղ հույզերով։

Ահա ինչ արավ բարոյական խրախուսանքը։ Նա մի ահագին հեղաշրջում է մտցնում Աղայանի մեջ։ Այդ րոպեից նա գրող է։ Որոշված ու սահմանված է ճակատագիրը։

Վեպը կարդացվում է հաջորդ ժողովին և, իհարկե, հիացում է պատճառում։ Այլապես չէր կարող լինել։ Նայեցեք այն ժամանակվա մեր գրականության։

Թողնենք առայժմ «Արություն և Մանվելը»։ Ասենք, որ նա ճանապարհ հարթեց իր հեղինակի համար, Աղայանի դրությունը փոխված է։ Նա ընդունվում է Պետերբուրգի եկեղեցու երգիչ, ռոճիկ է ստանում և բնակարան, արժանանում է Լազարյան տոհմի վերջին շառավիղի ուշադրության։ Հիմա արդեն կարելի է ամբողջովին նվիրվել ուսման:

Բայց ի՞նչ տեսակ ուսման:
Խոսք է լինում համալսարան մտնելու մասին։ Սակայն ո՞ւր է սիստեմատիկ պատրաստությունը, առանց որի չէր կարելի իրագործել այդ միտքը։ ժամանա՞կն էր անցել, թե Ղազարոսն էլ զգում էր, որ անհնարին է պատրաստվել քննություն տալու։ Նա հրաժարվում է ընդունել Սանասարյանից թոշակ, որովհետև վստահ չէր, թե կարող է պատրաստվել համալսարան մտնելու: Համեմատաբար դժվար չպիտի լիներ արևելյան ֆակուլտետ մտնելը, բայց Ղազարոսր ներկա է լինում այդ ֆակուլտետում հայերենի դասախոսության և գտնում է, որ այդտեղ ինքը սովորելու բան չունի, այն, ինչ ավանդվում է հայրենից, ինքը արդեն շատ լավ գիտե։

Այսպես թե այնպես, համալսարան մտնելը չէ աջողվում։ Մնում է դարձյալ ինքնակրթությունը։ Եվ Աղայանը շարունակում է այդ բանը և Պետերբուրգում հաճախելով հասարակական և մասնավոր գրադարանները և ընթերցանության նվիրվելով։ Այդ զբաղմունքի մեջ էլ, իհարկե։ նա չէ հետևում որոշ ու խիստ սիստեմի։ Կարդում էր իրան հետաքրքրող գրքերը, ինչ բովանդակություն էլ ունենային նրանք։ Նա չէր կանգ առնում նույնիսկ լուրջ մասնագիտական բովանդակության առջև։
Մի ուրիշ ժամանակ այդ տեսակ ինքնակրթությունը գուցե այնքան էլ արդյունավետ չլիները։ Բայց Ղազարոսի բախտից Պետերբուրգը այդ ժամանակ ներկայացնում էր մտավոր եռուն շարժման և գաղափարական հեղաշրջման ասպարեզ։
«1864 թվականի վերջին և 1865 թվականի սկզբի ամիսները Պետերբուրգի մտավոր կյանքի վերածնության ամենաթունդ ժամանակն էր։

Ինչպես գարնանամուտը ավելի քնքուշ ծաղիկներ է բուսցնում, իսկ ամառնամուտը սար ու ձոր լցնում է ամեն տեսակ լավ ու վատ, կոշտ ու քնքուշ, հոտավետ և անհոտ բույսերով, այնպիսի մի ամառն էր ներկայացնում Պետերբուրգի այդ ժամանակվա մտավոր կյանքը։ Հնությունն ու նորությունը պատերազմ էին հայտնել իրար դեմ... Արևմտյան Եվրոպայի լուսավոր մտքերի առջև դրված թումբը քանդվելով` այդ քաղաքը հեղեղեց նորանոր գա-ղափարներով։ Դա էր առավելապես թարգմանական գրականությունը։ որ յուրաքանչյուր օր տասնյակ հատորներով էր դուրս գալիս։ Մարդ շշկլվում էր, չգիտեր որը կարդա և որը թողնի, քանի որ մեկը մյուսից զարգացուցիչ էր, մեկը մյուսից գրավիչ։ Դուրս եկավ Բոքլը և ահագին հեղափոխություն ձգեց ոչ միայն իր գրքովը այլև իր անձովը։ Այգ մարդը համալսարանի երես չէր տեսել, ուրեմն կարելի է եղել երևելի հանդիսանալ և առանց համալսարանի։ Այդ համոզմունքը հաստատեց Սմայլսի «Ինքնօգնությունը»։Սա հազարավոր կենսագրական փաստերով ցույց տվեց, թե մարդս ինքը կարող է միայն զարգացնել իրան. թե` «ուրիշի օգնությունը պակասեցնում է ինքնօգնության ուժը»։

Եվ մտքի նոր, առաջավոր հոսանքների մեջ ընկած Աղայանը, բնականաբար, պիտի ենթարկվեր և նոր աշխարհայացքների ազդեցության. «Որով,- ասում է նա,- և ընկա պ. Եղյանի աչքից»։ Պահպանողական հայը կարծում է, թե Աղայանը զանազան իզմերի և իստերի կարգն է ընկել և հենց այդ պատճառով էլ նրա մեջ թուլացել է համալսարան մտնելու ցանկութկունը։
Ահա, այսպիսի հանգամանքների մեջ, այսպիսի միջավայրում Աղայանը առաջ է տանում իր ինքնազարգացումը, որքան կարող էր և ինչպես թույլ էր տալիս նրա որոնող, կրակոտ բնավորությունը։ Միաժամանակ նա և կատարում էր գրական աշխատանք, թարգմանություններ անելով Միքայել Միանսարյանի համար։

Ռուսաստանի երկու մայրաքաղաքներում անցկացրած ժամանակամիջոցը բավական երկար էր, որ Աղայանը այդպիսի ճանապարհներով մտավոր պաշար ձեռք բերե։ Թիֆլիսից հեռացավ, ինչպես գիտենք, 1862 թ.։ Իսկ Պետերբուրգից հեռանալու պատճառ դարձավ Գևորգ կաթողիկոսը։ 1867-ին նա գնացել էր կայսրին ներկայանալու և այդտեղ նա հայտնեց տեղական հայերին, որ դիտավորություն ունի վերանորոգել էջմիածնի տպարանը և ամսագիր հրատարակել։ Եղյանի խորհրդով կաթողիկոսր Աղայանին հրավիրեց էջմիածին՝ այդ նպատակներն իրագործելու համար։ Եվ նա նույն թվականի վերջերին հեռացավ Պետերբուրգից։

Փակվում է Աղայանի կյանքի առաջին շրջանը։ Եվ մենք դուրս ենք գալիս այն վերին աստիճանի հարուստ, հետաքրքրական աշխարհից, ուր նախապատրաստվում էր մեր մտավոր-կուլտուրական կյանքի հզոր անհատներից մեկը։ Բոլնիսի Խաչեն գյուղում էր սկսվել այդ շրջանը։ Եվ այն տեղն էլ վերջանում է նա։

Ահա այդ վերջին տեսարանը:
Թիֆլիս հասնելուն պես Աղայանի առաջին գործն է լինում գնալ տեսնել իր ծնողներին։ Ստեփանը այժմ հո բոլորովին փոխվել է։ Վաթսուն յոթը տարեկան էր նա, որդու կարոտը քաշել էր և հետո, որ գլխավորն է, իմացել էր, որ իր օ«անառակը» արդեն այնպիսի մարդ է դառել, որ հայոց կաթողիկոսը հրավիրել է նրան իր մոտ, մեծ պաշտոն պիտի տա։ Եվ այժմ արդեն նա բոլորովին սովորական մի հայր է դարձել։

«Հայրս,- պատմում է Ղազարոսը,- որ նույնիսկ իր զավակներին չհամբուրելու մի նախապաշարմունք ուներ, որովհետև Հուդան համբուրելով էր մատնել Քրիստոսին, այս նախապաշարմունքը ծնողական ծովացած կարոտի առջև ջարդուփշուր եղավ։ Ինձ առավ իր հայրական բազուկների մեջ և սկսեց հեկեկալ երեխայի նման և համբույրների հեղեղ թափել: Մորս հերթ չէր տալիս։ Խեղճ մայրս ժպիտը բերանին և արտասուքն աչքերին՝ կանչում էր.- Ա՛յ մարդ, երեխիս կսպանես, թող մեկ էրեսին մտիկ տամ։ ...Հայրս բաց թողեց թե չէ՝ ես «ազի ջան» գոչելով ընկա մորս գիրկը և երեսս թաղեցի երկու հսկայական ծծերի արանքում։ Ամբողջ գյուղը հավաքվեց, ո´րը ժպտում և ո´րը լաց էր լինում ուրախությունից»։

Օրերով Ստեփանը ուրախություն կատարեց։ Նրա սուփրեն բաց էր առավոտից մինչև կեսգիշեր։ «Ւմ բացակայության ժամանակ բավական կոտրվել էին թե՛ հայրս և թե մայրս։ Հայրս մեջքից կռացել էր և գավազան էր առել ձեռքր, կորցրել էր իր առաջվան ուրախությունն ու աշխույժը։ Բայց երբ տեսավ ինձ, երբ իմացավ, որ առաջիս մեծ ասպարեզ է բացվում... մեջքը շտկեց, գավազանը դեն ձգեց, վերանորոգվեց վաթսունը յոթը տարեկան հասակում և առաջվա պես սկսեց Քյոռօղլին երգել»[4]։

Հին մարդը բոլորովին եղծվել է, տեղի տվել նոր մարդուն: Որովհետև այդ նոր մարդը ոչ միայն ամբողջովին իր մեջ է առել հին մարդուն ու հանդիսացել մի նոր, մշակված, կոկված ուժ, այլև սիրում, պատվում է նրան, իր հորը, ինչպես կարող է ամենալավ որդին։ Անցյալի բոլոր տխուր հիշողությունները հիմնավորապես մոռացված են - այսպես է որդին և այսպես էլ պիտի մնա իր ամբողջ կյանքում։ Գիտե այդ որդին, որ իր հայրը տվել է իրան շատ և շատ բան, և անչափ շնորհակալ է դրա համար։

- Եթե իմ հայրս դու չլինեիր,- ասում է նա,- քո բոյ ու բուսաթով, քո առողջ կազմվածքով, քո բնական ձիրքերով և շնորհքով, այլ լիներ մի անշնորհք մարդ, մի ապուշ և թույլ արարած, ինչ ես կարծում, ես այնուհետև մի՞թե կարող կլինեի բանի նման մի բան դառնալ, թեկուզ միլիոններ ծախսեիր վրաս։ Ո´չ, հայր, դու շատ բան ես տվել ինձ...
Եվ հայրը միայն օրհնել կարող էր այդպիսի որդուն։ Եվ նա օրհնում է։ Այղ պիտի լինի նրա դերը այնուհետև, մինչև գերեզման։

Այսուհետև այլևս կարիք չկա, որ մենք քայլ առ քայլ հետևենք Ղազարոս Աղայանի կյանքին։ Ամենագլխավորը, հիմնականը մենք արդեն իմացանք մանրամասնորեն։ Վերջնականապես պատրաստվել է ֆիզիկական և բարոյական ձուլվածքը։ Մտել է կյանքի մեջ, երկար ու երկար տարիներ պիտի գործե այդտեղ։

Նրան տեսնում ենք այլևայլ ասպարեզներում տեսա-տեսակ գործունեության նվիրված։ Պետերբուրգից հետո Էջմիածնի մթնոլորտը, «Արարատի» խմբագիր: Ուսուցիչ զանազան քաղաքներում։ «Փորձ» ամսագրի քարտուղար։ Թեմական տեսուչ։ Մանկավարժական ուրույն սիստեմի հեղինակ։ Մանկական գրող։ Մեծերի համար գրող, հրապարակախոս և քննադատ։ Լեզվաբանական հարցեր վճռող։ «Աղբյուրի» իրական խմբագիր։ Դաստիարակ Գևորգյան ճեմարանում։ Առանց պաշտոնի մնացած, նյութական զրկանքների ահագին բեռի տակ։ Հնչակյան կուսակցության անդամ։ Մասնավոր հանձնարարությամբ Երուսաղեմ, Խրիմյանի մոտ ուղարկված։ Հոգաբարձու Ներսիսյան դպրոցում։ Անդամ Հրատարակչական ընկերության խմբագրական մասնաժողովի։
Եվ այլն, և այլն:

Այս բոլոր տեղերում, այս բոլոր հանգամանքների մեջ, ուր և լինի, երբ և լինի, եթե կամենանք մի բնորոշ բան ասել Աղայանի՝ իբրև մարդու և գործիչի մասին, այդ միայն այն կարող է լինել, որ Աղայանը` Աղայան էր։
Իսկ այս անունը՝ Աղայան, ինքնըստինքյան չափազանց խոշոր ու անջնջելի գծերով հաստատված ու բյուրեղացած մի հասկացողություն է։

Աղայան ասելով, մենք ամենից առաջ իսկույն ներկայացնում ենք մեզ մի հոյակապ առանձնատեսակություն, անհատականություն։ Նա կարող էր հարց տալ իր ամբողջ շրջապատին «ապա´, ո՞վ է ինձ նման»։ Եվ հարյուրավորների մեջ չէր գտնվի մեկը, որ վեր կենար և ասեր, «ե´ս»։ Եվ եթե լիներ էլ այդպիսի մեկը, ո՞վ կհավատար նրան։ Ամենից առաջ մենք, ընթերցողներս չէինք հավատա, մենք, որ արդեն ծանոթացել ենք նրա տարօրինակ, ինքնուրույն, ինչ-որ տարբերական հանգամանք ունեցող կյանքի հիմնավորմանը։ Հազվագյուտ, հիացուցիչ է այն միա բան աշխատակցությունը, որով տոհմը, միջավայրը, բնությունը, ժամանակը կերտեցին, կռեցին, կոփեցին միանգամայն անուղղելի, ավելի ճիշտ՝ անաղճատելի ջղեր ու մկաններ այդ բնավորության համար։ Ոչ ոք Աղայանի պես չապրեց, ոչ ոք, ուրեմն, Աղայան լինել չէր կարող։ Իր տեսակի մեջ դա միանգամայն անհամե մատելի տիպ է։

Նյութական կյանքի մեջ նվաճումներ անելու, դիրք ու բախտ ստեղծելու, կյանքի խնջույքի մեջ վերևում նստածներից մեկը լինելու ոչ մի ընդունակություն չուներ նա; Այդ կողմից Աղայանը մի խեղճություն էր, հարստահարվռւմ էր նույնիսկ ամենափոքրիկ տզրուկների ձեռքին։

Ինչ որ ուներ, ինչ որ ստացել էր այնքան առատությամբ, միայն գաղափարական կյանքի համար էր։ Այդ կյանքի մեջ նա նետվեց իբրև ըմբիշ։ Կռիվ էր տանում ամեն տեղ։ Առանց կռվի, հաշտ կամ անտարբեր կացության մեջ, նա շատ քիչ է ապրել։ Հաշտ կամ անտարբեր կարող են լինել հեղհեղուկ, թեքվող, իրանք իրանց հետ առևտուր անող բնավորությունները։ Աղայանը, ինչպես գիտենք, այդպիսի «բարիք» չէր ստացել բնությունից։ Այդ առանձնացած, ինքնատիպ ձուլվածքը չափազանց ուժեղ էր, չափազանց եռանդալից, որպեսզի կարողանար անգործ ու անդարդ նստել։ Մինչև գերեզման իջնելը
նա հասարակության խղճմիտ անդամ էր, կատարում էր իր պարտքը դեպի այդ հասարակությունը։ Ամեն տեղ, ուր նա լինում էր, նրա հուժկու անհատականությունը պիտի խոսեր բարձր ու խրոխտ ձայնով։ Եվ ընդհարումները անխուսափելի էին այդպիսի մի մարդու ճանապարհին։ Այլապես չէր կարող լինել։ Այլապես պետք է ընդունել թե ուժեղ անհատականությունը բնության անմիտ խաղ է։

Բուռն տարերային էր Աղայանի բնավորությունր, և այդպես էլ պիտի լիրներ նրա պայքարը կյանքի ասպարեզում: Լեռնային բնությունը ծայրահեղություններով, հակասություններով, հակադրություններով է վիթխարի և ընկճող։ Այսպես էր և նրա մարդը։ Աղայանի մեջ հակասական ծայրերը միշտ շփվում էին իրար հետ, միշտ արտահայտվում էին կարճ տարածությունների վրա։ Նրա բնավորությունը խոշորացնող էր, սաստիկ արձագանքող։ Մեղմ գծեր, հարթություններ, ամփոփող, խլացնող տափակություն չկար նրա մեջ։ Եվ ամեն ինչ – թե´ոգևորություն, թե´ հավատ, թե´ սեր, թե´ ատելություն, արտահայտվում էին սովորականից շատ հեռու, սովորականին չնմանվող խոշոր, եթե կարելի Է ասել` որոտալից չափերով։
Եվ այդ է պատճառր, որ մենք նրան տեսնում ենք իրար հաջորդող տարբեր կացությունների մեջ։ Րոպեն տրամադրում է, րոպեն տաքացնում, բռնկում Է։ Պարզ ու չքնաղ էր լեռնային երկինքը. հանկարծ տեսար, մի րոպեում փոխված է նա, շանթեր է արձակում, հեղեղ է թափում, որպեսզի մի րոպեից հետո ուրիշ տեսարան ցույց տա - մեղմացողի, ժպտողի, սիրողի տեսարան։ Առաջին պետական Դումայի ընտրությունների ժամանակ Աղայանը Թիֆլիսում սոցիալ-դեմոկրատների թեկնածուն էր իբրև ընտրող։ Այդ շատ զարմացնում էր նրա բարեկամներին։ Եվ ամեն անգամ, երբ խոսք էր լինում այդ մասին, նա սքանչելի միամտությամբ ասում էր. «Եկան ասացին, ժամանակն այնպես էր...»։ Եվ նրա գեղեցիկ աչքերը, նրա ամբողջ դեմքը այդ միջոցին այնպիսի արտահայտություն էին ստանում, որ նայողը մինչև սրտի խորքը լցվում էր այս համոզմունքով թե՝ այո´, ուրիշ կերպ չէր կարող լի նել, թե այս ծերունուն ոգևորելով դեռ կարելի էր էլ հեռու տանել, թե նրա մեջ խոսում են երիտասարդական ժամանակների «գժությունները», թե կյանքի և թե հասարակական կազմի այլ պայմաններում նա ընդունակ կլիներ նույնիսկ հանճարեղ «գժություններ» անել։ Ուրիշ ի՞նչ պիտի աներ սրտի, զգացմունքների, հույզերի հուժկու մարդը։

Եվ հակասությունները, ծայրահեղությունները Աղայանին չէին իջեցնում այն դիրքից, որի վրա նա կանգնած էր իր ամբողջ հասակով։ Սխալվել, մարդկային թերություններ ունենալ, միշտ կարելի է և առանց ղրան մարդ էլ չկա։ Բայց այդ պակասությունները Աղայանի բնավորությունն ինքն էր ջնջում, ոչնչացնում։ Ինչո՞վ։ Իր շիտակությամբ, անկեղծությամբ։ Նրա շիտակությունը, «դուզությունը» նույնպես բարձրահայաց և ուղղաձիգ էր, ինչպես Խաչենի անտառներում ցցված հաճարկի ծառերը։ Նրա անկեղծությունը նույնքան վճիտ Էր, ինչպես Խաչենի լեռնային աղբյուրները։ Ի՞նչ աղբյուր։ Խաչենը մի ամբողջ գետ ունի (Քոլատակի գետ), որ հեղուկացած բյուրեղ է, որ չունի իր հորձանքների մեջ և ոչ մի խառնուրդ, որ հանդգներ աղարտել ջինջ մաքրության ամենաբարձր, պահանջկոտ հասկացողությունն անգամ։ Այդպիսի հրաշք ես ոչ մի տեղ չեմ տեսել...

Ահա ինչն էր հմայիչ դարձնում Աղայանի տիպարը նրա բնավորության բոլոր հախուռն արտահայտությունների մեջ։ Եթե նա անհեթեթություններ էլ ասեր, դարձյալ նրան կնայեին բարեկամական ժպիտով և կասեին՝ «Աղայան է»։ Մանուկ, մանուկ մինչև վերջը։ Այսպես էին ասում նրան բոլոր ճանաչողները։ Մանուկ, իհարկե, անարատ սրտի, բյուրեղ զգացմունքների կողմից։

Այդ զգացմունքները պատկերացնելու համար ես մի փաստ կհիշատակեմ։ Մի անգամ անպաշտոն էր մնացել Աղայանը: Չգիտեմ, որ քաղաքից դալիս է Թիֆլիս։ Հիվանդ է, ոչ մի միջոց չունի, վաղվա հացի խնդիրն է կանգնած առջևը։ Սենյակ է վարձում Քուռ գետի ափին, ոչինչ չունի, ոչ կահ-կարասիք անգամ։ Նրա մոտ գնում է Հովհաննես Թումանյանը՝ «հալը հարցնելու»։ Նրա հալը շատ վատ է, բայց ոչ մի գանգատ, ոչ մի հոգս։ Այդ րոպեին նրան մի բան է միայն զբաղեցնում։ Ի՞նչ։ Քուռը վարարել է, խոր քանդել իր ափերը, և մյուս ափի մի խոռոչում մի շուն է մնացել, որ գիշերները ոռնում է քաղցից։ «Պետք է ազատել նրան»,- ասում է Ղազարոսը։ Երկուսով դնում են ազատելու։ Գետի ափին հավաքվել է ամբոխ, «թամաշա» է անում երկու տարօրինակ մարդկանց։ Իսկ «թամաշայի» շատ բան կա։ Մադաթյան կղզում երկուսին էլ շրջապատում է շների մի մեծ ոհմակ։ Պետք էր պաշտպանվել։ Եվ Աղայանը իր ամբողշ հնարագիտությունը գործ է դնում իրան և իր մտերիմին պաշտպանելու համար։ Երկար կռիվ է լինում շների դեմ։ Բայց հոգնում են ազատիչները, չեն կարողանում հասնել իրանց նպատակին։ «Ի՞նչ արած,- ասում է Աղայանը,- ընկերները չեն ուզում, որ իրանց ընկերը ազատվի. . .»։
Այս դեպքը ինքը Աղայանը երբեք չէ պատմել։ Թումանյանն էր պատմում, իսկ նա մի տեսակ ամոթխածությամբ ժպտում էր։
Այս տեսակ մարդիկ, եթե նույնիսկ ստացած էլ չլինեն բնությունից առանձին առաքելություն, առանձին տաղանդ, հենց իրանց այս սրտով, այս վերաբերմունքով բավական են, որ կյանքի զարդը կազմեն։

Եվ հասկանալի է, որ այս տեսակ խառնվածքը չենթարկվեր կյանքի սովորական, հղկած ու տափակած նորմաներին։ Հասկանալի է, որ Աղայանը չպիտի կարողանար տեղավորվել այն նեղ խորշերի մեշ, որոնք գոյանում են հասարակական ուժերի այս կամ այն դասավորումից։ Այդ պատճառով է, որ Աղայանը չմնաց մեզանում գոյություն ունեցող որևէ կուսակցության մեջ, իբրև նրա մշտական անդամ, նրա դիսցիպլինային անխոս ու անկամք ենթարկված։ Նա եղավ համարյա բոլոր կուսակցությունների մեջ, բայց նրա հուժկու անհատականությունը չհպատակվեց շաբլոնին, կռիվներ հարուցեց և հեռացրեց։

Նա մենակ էր։ Նա չէր կարող այդպես չլինել։

Ահա մարդը։ Խոշոր մի ինքնուրույնություն։ Ուրեմն և խոշոր մի երևույթ։

Այժմ մենք համառոտ կերպով կներկայացնենք նրա կատարած գործը։

Շարունակությունը

[1] Գևորգ Ախվերդյանը հանդես է եկել նաև այս անունով (ծանոթ.կազմողի)

[2] Նկատի ունի այն փաստը, որ Բ. Ֆրանկլինը ժամանակի ամենազարգացած մարդկանցից է դարձել ինքնակրթությամբ:

[3] Աղայանի մահվան առիթով Ավետիք Բաբայանը (բժշկապետ) «Հորիզոնի» մեջ խոստացավ տալ իր հիշողությունները Պետերբուրգի ուսանողական շրջանի մասին։ Ես հույս ունիմ, որ հարգելի բժշկապետը անպատճառ կկատարե իր խոստումը և կտա մեզ մեր նոր պատմության համար կարևոր այդ նյութը (ծանոթ. հեղ.):

[4] Ինքը Ղազարոսն էլ աննման կերպով երգում էր Քյոռօղլին ( ծանոթ. հեղ.):

Բացվել է 256 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ