ՍԿԻԶԲ ԱՐԽԻՎ ԽՈՐԱԳԻՐ
 
ԴՊԻՐ 35
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Արմինե Բաբայան
Նորավանքի վանքային համալիրը և ճարտարապետ Մոմիկը

Հասմիկ Ղազարյան
Գրաբար

Гаянэ Парванян
Обучение говорению на русском языке как неродном

Աիդա Պետրոսյան
Զրույց 2-4 տարեկանների հետ 2-4 տարեկանների բարեկամների համար

Լեո
Ղազարոս Աղայան

Մեթոդական մշակումներ

Լուսինե Փաշայան
Թատրոնը կրտսեր դպրոցում

Տաթևիկ Թամազյան
Զատկական ծես. նախագիծ

Հասմիկ Ղազարյան
Թարգմանությունը՝ մայրենին մշակելու լավագույն միջոց

Ժաննա Հակոբյան
Բանաձևերի և կանոնների փոխարեն կոմիքսներ

Жанна Акопян
Вместо формул и правил – комиксы.

Դավիթ Մինասյան
Հաշվարկման համակարգեր, որոնք օգտագործվում են համակարգչում

Ուսումնական նյութեր

Պաուլո Կոելիո
Լույսի զինվորի գիրքը

Ծիսական տոնացույց

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

Պաոլո Ֆրերե
Ճնշվածների մանկավարժություն

ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

Գևորգ Հակոբյան
Ուսումնական ճամփորդություն ԱՄՆ Կենտուկի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից
Նորարար ուսուցիչների հայաստանյան 2-րդ ֆորումին ներկայացված նախագծեր

Լուսինե Մանուկյան
Կայքը` որպես ուսումնական միջավայր

Նաիրա Հարությունյան
Համակարգիչն ու առողջությունը. նախագիծ

ՓՈՔՐԵՐՆ ՈՒ ՄԵԾԵՐԸ (մանկավարժական ակումբ)

Մարկոս Էլիոս Ավրելիոս Վերոս
Ինքս ինձ հետ մենակ

ԱՐՁԱԳԱՆՔ

Շամիրամ Պողոսյան
Կարևորում եմ «Հայրենագիտության և էքսկուրսավարության» դասընթացը
Ուսումնական ճամփորդություն ԱՄՆ Կենտուկի

Ճամփորդական նոթեր (16 նամակ)

1.11.10թ.
Հոկտեմբերի 28-ին առավոտյան ճիշտ ժամանակին բոլորս հավաքվեցինք «Զվարթնոց» օդանավակայանում: Գրանցման և ստուգման փուլերը բարեհաջող անցնելուց հետո հայտնվեցինք ինքնաթիռում: Այն AirFrance ընկերությանը պատկանող A320 տիպի ինքնաթիռ էր: Այդքան երկար ճանապարհ անցնելու համար բավականին անհարմար ինքնաթիռ էր: Թիռչքը տեղի ունեցավ Ճիշտ ժամանակին: Թռիչքը սկսելուց մեկ րոպե հետո այն նորմալ էր ընթանում, երկրորդ րոպեն նույնպես նորմալ էր, երրորրդ րոպեն` նույնպես և այդպես ամբողջ հինգ ժամ, մինչև բարեհաջող վայրէջք կատարեցինք Փարիզի Շառլ Դե Գոլի անվան օդանավակայանում:

Այս թռիչքի հետ կապված երկու տպավորություն ցանկանում եմ կարևորել: Երկար տարիներ ես չէի օգտվել օդային տեղափոխումների ծառայություններց (վերջին անգամ ինքնաթիռ նստել էի 1987թ.): Ինչքան էլ ամեն օր տեսնում ես թռչող ինքնաթիռներ, ինչը շատ սովորական է դարձել, բայց երբ մասնակցեցի թռիչքի, ինձ նորից զարմացրեց և հիացրեց այն բոլոր մարդկանց աշխատանքը (գիտնականներ, ինժեներներ, մեխանիկներ, օդաչուներ, բանվորներ), որի շնորհիվ այդ հսկայական մեքենան պոկվում է գետնից և հանգիստ սավառնում օդում:

Երկրորդը ավելի հոգեբանական էր: Ինձ թվում էր, թե մենք կտրելու ենք Կովկասյան լեռները, անպայման անցնենք Ռուսաստանի տարածքով և մտնենք Եվրոպա: Բայց պարզվեց` Երևանը Եվրեպային կապող օդային ճանապարհը անցնում է Թուրքիայի տարածքով, որը ամենահարմարն է (չգիտեմ, հնարավոր է, որ ցամաքային ճանապարհն էլ այդպես ամենահարմարն է):

Շրջանցելով Սև ծովը` նրա հարավային ափով մտանք Եվրոպա: Օդում գտնվելու տպավորությունները կպատմեմ մյուս թռիչքից, քանի որ այն ժամանակ դրանք ավելի զգալի էին: Ամբողջ Եվրոպան ծածկված էր ամպերով, այնպես որ ներքևում ոչ մի բան չէր երևում:

Ճիշտ ժամանակին վայրէջք կատարեցինք Փարիզի օդանավակայանում: Որքան հասցրեցի նայել օդանավի պատուհանից, դա մի քանի օդանավակայանների միավորում է (որոնց տերմինալ են անվանում, և մեկից մյուսը գնալու համար պետք է տրանսպորտից օգտվել): Մեր ինքնաթիռը վայրեջք կատարելուց հետո գետնի վրայով մոտ քսան րոպե գնաց, մինչև հասավ մեր 2E տերմինալին:


2.11.10թ.
Մեր բախտը բերեց, որ մենք կարիք չունեցանք տերմինալ փոխելու: Փարիզում անվտանգութայն ծառայությունը մեզ մի անգամ էլ ստուգեց. ամեն ինչ կարգին էր, նույնիսկ կոշիկներում ոչինչ չունեինք թաքցրած: Բավականին երկար քայլեցինք այդ տերմինալով մինչև գտանք մեզ անհրաժեշտ ելքը, որտեղից պետք է թռչեինք Միացյալ Նահանգների Դեթրոյտ քաղաքը: Դրանից հետո մոտ կես ժամ պարապ էինք, մի քիչ քայլեցի օդանավակայանի այդ մասում: Հետո պարզվեց, որ պետք է երկու փաստաթուղթ լրացնեինք մինչև Դեթրոյտ հասնելը, բայց քանի որ էլ ժամանակ չկար, դրանք վերցրինք մեզ հետ` ինքնաթիռում լրացնելու համար:

Ինքնաթիռը նախորդի մեծ «եղբայրն» էր, նույն AirFrance ընկերությանը պատկանող A340 տիպի ինքնաթիռ էր: Սա ավելի մեծ էր չափսերով, ներսում միջանցքներ ուներ, կարելի էր ազատ տեղաշարժվել: Մեր տեղերը ինքնաթիռի վերջին մասում էին, բայց դա լավ էր, քանի որ այդ մասում շատ տեղեր ազատ էին: Իմ տեղը փոխեցի և տեղավորվեցի պատուհանի մոտ. գոնե թռիչքի ժամանակ Փարիզը կարող է երևար: Բայց այդպիսի բան տեղի չունեցավ:

Մինչև ինքնաթիռը կհասցներ բարձրանալ ամպերից վեր, իմ ուշադրությունը գրավեց հողմային էլեկտրակայանների առատությունը:
Հետո բարձրացանք ամպերից վեր և աշխարհը դարձավ երկու գույնի` սպիտակ ներքևում և կապույտ վերևում, իսկ հորիզոնում դրանք միանում էին իրար: Այն մասերում, որտեղ ինքնաթիռը շատ հանգիստ էր գնում, չէիր զգում շարժումը, կարծես կախվել ես տարածության մի կետում և վերջ` նույն սպիտակը, նույն կապույտը, ինքնաթիռի հսկայական նույն թևը (անկախ քեզանից մտածում ես` էյ, գիտի հա, ականջդ կանչի Գալիլեյ, առանց ինքնաթիռ նստելու էդ ո՞նց ես գլխի ընկել, որ շարժումը հարաբերական է): Այդպես պետք է թռչեինք ութ և կես ժամ:
Այս ինքնաթիռում անհատական հեռուստացույցներ էին: Ես հարևան նստատեղինը միացրել էի քարտեզի ծրագիրը (քարտեզի վրայի ինքնաթիռը ցույց էր տալիս մեր անցած ճանապարհը և տեխնիկական տվյալներ թռիչքի մասին), իսկ մյուսով ֆիլմ էի նայում: Ֆիլմը ֆրանսերեն էր, բայց ներքևում անգլերեն գրվում էր տեքստը, այնպես որ մի կերպ կարողանում էի նկարի և գրվածի միջոցով հասկանալ:
Ճանապարհի մի մասը անցավ Գրենլանդիայի հարավային պոչի վրայով: Ամպերն այդ մասում ավելի նոսր էին, և կարողացանք տեսնել քարային սարեր: Գրենլանդիայի հիմնական մասը իսկապես սպիտակ էր: Հետո նորից սպիտակ ու կապույտ մինչև հասանք Դեթրոյտ:

Այս քաղաքի օդակայանը իհարկե «Շարլ Դե Գոլ» չէր, բայց մերի հետ էլ չես համեմատի: Միայն այն տերմինալը, որտեղ մենք իջել էինք 77 ելք ուներ`մի հսկայական միջանցք էր, որը երկու կողմերից ելքեր ուներ: Այստեղ մեզ մի անգամ էլ ստուգեցին, նույնիսկ շունը հոտոտեց, բայց նորից ոչինչ չգտան: Այստեղ մենք տվեցինք մեր լրացրած թղթերից մեկը, դրա մի կտորը կտրեցին և ամրացրեցին անձնագրիս մեջ: Այդպես պետք է մնա մինչև վերջին օրը:

Այդտեղից պետք է թռչեինք Կենթուկի նահանգի Լուիվիլ քաղաքը: Այստեղ թռիչքին բավականին երկար ժամանակ ունեինք սպասելու, բայց այդ ժամանակը անցավ այդ միջանցքում (այդ միջանցք կոչվածում կային բազմաթիվ խանութներ, ռեստորաններ և շատ մարդիկ, որոնք բոլորը ցանկանում էին թռչել): Այստեղ արդեն մի փոքրիկ ինքնաթիռ էր մերը (ընդամենը 80 ուղևորի համար), և ժամ ու կես թռիչքից հետո բարհաջող հասանք Լուիվիլ:

Շատ տպավորված եմ այդ ընթացքում մեզ հանդիպած բոլոր աշխատակիցների վարմունքից: Միշտ ժպիտով, միշտ համբերատար. բոլորը ցանկանում են, որ դու քեզ լավ զգաս: Ինձ թվաց, թե ինձ հատուկ են վերաբերվում: Բայց պարզվեց` այդպես չէր: Վերաբերմունքը նույնն էր, առանց բացառությունների:

Լուվիլում մեզ արդեն սպասում էին: Նստեցինք մեքնան ու գնացինք հյուրանոց, որտեղ էլ գիշերեցինք: Այսքանը ճանապարհի մասին: Մնաց ավելացնեմ, որ իմ հոկտեմբերի 29-ը տևեց ոչ թե 24 ժամ, ինչպես ընդունված է, այլ 33:

3.11.10թ.
Հյուրանոցում ես և Երևանի 159 դպրոցի տնօրենը` Հակոբ Հակոբյանը, ում հետ նաև նույն տանն ենք ապրում, նշեցինք մեր բարհաջող ժամանումը ԱՄՆ և քնեցինք: Առավոտյան եկան մեր ետևից ու տարան ընդունող կազմակերպության` համաշխարհային հարցերով խորհրդի գրասենյակը: Այնտեղ հանդիպեցինք մեր թարգմանիչներին` Ռուբեն Ավետիսյանին և Արա Հակոբյանին: Նրանց հրավիրել են ուրիշ նահանգից: Հայստանում մեծացած տղաներ են, ովքեր հետո տեղափոխվել են ԱՄՆ մշտական բնակության: Մեզ հետ աշխատելու է այդ գրասենյակի ղեկավարը` Բեն Ջոնսը (Ben Jones), ով նաև այս ծրագրի ղեկավարն է, Ֆրանկը. ազգանունը չգիտեմ` հայերեն ինչպես է, էստեղ բոլորս իրար անունով են կոչում (Frank Rasche), ով ծրագրի բովանդակային պատասխանատուն է, և մի չինացի կին` Շո Իեն անունով ենք դիմում, ով կազմակերպչական մասի պատասխանատուն է: Առաջին նամակս ուղարկել եմ այդ ժամանակ` գրասենյակից: Այդ ամբողջ օրը մնացել ենք գրասենյակում:

Այս նահանգում շենքում ոչ մեկը չի ծխում, բայց փողոցում հանգիստ կարող ես ծխել: Այնպես որ մեր ծխող տղաներն իջնում էին փողոցում ծխելու, ես էլ դուրս էի գալիս մաքուր օդ շնչելու: Այդ օրը մեզ ծանոթացրեցին ծրագրում կատարված աննշան փոփոխությունների հետ, հարկ վճարելու հետ կապված որոշ փաստաթղթեր ստորագրեցինք, որ մենք հարկ չենք վճարելու, երկու լուր հայտնեցին` մեկը լավ, մեկը վատ: Լավն այն էր, որ մեր բոլոր օրերի համար օրապահիկը տալու են միանգամից, իսկ վատը` որ լանչը անելու ենք մեր հաշվին: Օրապահիկները, ինչպես խոստացել էին, տվեցին:

Հետո սպասեցինք, մինչև եկան հյուրընկալող ընտանիքները ու մեզ տարան տները: Այս ընտանիքները արդեն մի քանի տարի աշխատում են այս կազմակերպության հետ և բոլորն իրար ճանաչում էին: Բոլորն էլ շատ հետաքրքիր մարդիկ էին, տարիքներն առած: Առայժմ լավ չեմ հասկանում, թե նրանք ինչու են կատարում այս կամավորական աշխատանքը, քանի որ մենք բավականին ծանր բեռ ենք: Կարծում եմ` երեք շաբաթը բավական կլինի այս հարցին պատասխան գտնելու համար:
Այս օրվան ցանկանում եմ ավելացնել նաև Լուիվիլ քաղաքի մասին մի փոքրիկ տեղեկություն: Լիուվիլը նահանգի ամենախոշոր քաղաքն է, Օհայո գետի ափին: Օհայոն բավականին մեծ գետ է, Հյուսիսային ամերիկայի երկրորդ գետն է իր մեծությամբ, թե առաջինը որն է, ինքներդ գտեք: Քաղաքն արդեն մոտ մեկ միլիոն բնակչություն ունի: Իր անվանումը ստացել է Ֆրանսիայի թագավոր Լուիս XVI պատվին (նկարների մեջ սպիտակ արձան, որ եկել կողքիս կանգնել է), քանի որ այս քաղաքը առաջինը ֆրանսիացիներն են գրավել: Գտնվում է Կենթուկի նահանգի հյուսիսային սահմանին: Հենց կամուրջն անցնում ենք, հայտվում ենք Ինդիանա նահանգում: Բայց այս երկու նահանգներն իրար շատ նման են: Քաղաքը ունի գործարար կենտրոն` նոր, բարձրահարկ շենքերով: Մարդիկ հիմնականում ապրում են ցածրահարկ, սեփական տներում. դրանց մեջ կան նոր թաղամասեր և 1890-ականների շենքեր: Քաղաքը շատ մեծ մակերես է զբաղեցնում:

Քաղաքում ամեն գույնի մարդ ապրում է: Փողոցներում շատ քիչ մարդու կհանդիպես. նրանք կա´մ աշխատանքի են, կա´մ մեքենաների մեջ: Երեկոյան ժամերի չի ստացվել, որ լինեմ քաղաքի կենտրոնում, բայց ցերեկով մի քիչ ման եմ եկել: Իսկ կիրակի ցերեկը (այդ մասին առանձին կգրեմ), կարծես նեյտրոնային ռումբ գցած լինեն. ամեն ինչ կա, մարդը չկա:

4.11.10թ.
Շաբաթ օրը մեզ համար ճանապարհորդություն էին նախատեսել: Մեր հարևան Ինդիանա նահանգում, մեզանից մոտ երկու ժամվա հեռավորության վրա կա մի թանգարան բաց երկնքի տակ: Ինդիանան, կարծես, գյուղական նահանգ էր: Այստեղ էլ ուշադրությունս գրավեցին բիոգազի փոքրիկ կայանները: Որտեղ մի ֆերմա կար, անպայման այդ կայանը ուներ:

Հին գյուղի տեղում փորձել են վերականգնել այդ գյուղի տեսքը: Գյուղի հիմնական բաղադրիչները կային` դպրոց, խանութ, հյուրատուն, դարբնոց, խեցեգործարան, փոստ, կենդանիներ և այլն: Լավը այն էր, որ թանգարանը ինտերակտիվ էր: Համապատասխան շորերով մարդիկ կային, ովքեր իրենց աշխատանքն էին կատարում. մեկը դպրոցում դաս էր տալիս, կարող էիր մասնակցել դասի, դարբինը աշխատում էր, խեցեգործն աշխատում էր, կարող էիր ինքդ փորձել և այսպես: Կարծես հետաքրքիր բան էր ստացվել: Հետո գնացինք լանչի:

Մի տեղ յուրաքանչյուրս մուծեց տասը դոլար, մտանք ներս, ու ինչքան կարող ես կեր: Այս այստեղ ես վատացա՛: Էս ամերիկացիները ինչքա՛ն են ուտում: Հետո ուտելիքների էնքան տեսակներ կան: Ասում ես` էս էլ փորձեմ, էս էլ փորձեմ ու էդպես: Լավ էր` ես երկրորդ ափսեի վրա կանգնեցի: Ամերիկացիները երեք-չորս անգամ գնում նոր ուտելիքներ էին վերցնում ու գալիս նստում: Տես, ես ի՛նչ ուտող եմ որ: Հատուկ մի կին կար կանգնած, որ դուրս գալիս բարի օր էր մաղթում: Իմ դուրս գալիս էլ ասաց` հավ ը գուդ դեյ, միստր (have a good day, mister): Ես էլ ասացի` ես հավ չեմ կերել, ի՞նչ հավ:

Խոսքը որ եկավ, մի քիչ պատմեմ ամերիկացիների մասին առաջին տպավորություններս, քանի որ դրանք ավելի սուր են: Գեր մարդիկ շատ են այստեղ: Չես էլ փնտրում, բայց աչքիդ անընդհատ գեր մարդ է հանդիպում: Շատ հետաքրքիր է, որ ծանոթ-անծանոթ բարևում են ու ժպտում, կարծես մեր գյուղերում լինես: Մեր հայերը չեն հավանում, բայց ինձ շատ է դուր գալիս, և սիրով պատասխանում եմ: Անընդհատ ասում են շնորհակալություն (thank you), ընդ որում նույնիսկ երբ դիմացինը չի էլ լսում: Մի անգամ մեր պապիկի մեքենայով գնում էինք, մեկը ճանապարհը զիջեց, մեկ էլ լսեմ` մեր պապիկն ասում է thank you: Այսպես ես զարմացել էի մեկ էլ ուսանող ժամանակ` Մոսկվա քաղաքում. մարդը բարձրանում էր ավտոբուս և ասում «Մշտական» ու տոմսը ցույց էր տալի: Ոչ մեկը նրան չէր հարցնում: Ես էլ ունեի մշտական, բայց իմ մտքով չէր էլ անցնում, որ այդ մասին ասեմ, քիչ է, դեռ մի հատ էլ ցույց տամ: Մի խոսքով վերադառնալուց հետո, եթե անընդհատ ասեմ շնորհակալություն, չզարմանաք:

Վարորդները շատ հարգում են հետիոտնին: Մի առավոտ, մեր խաչմերուկում, որը ղեկավարվող չէ, առավոտյան շուտ երկու կին ղեկավարում էին փողոցային երթևեկությունը: Մի մարդ եկավ, որ փողոցն անցնի: Բոլոր մեքենաները կանգնեցրին, մինչև այս մարդը փողոցն անցավ, հետո երթևեկությունը շարունակվեց: Այստեղ կարծես ամեն մարդ իր գործը գիտի և բարեխիղճ կատարում է:
Այս մարդիկ կարծես անիվների վրա ապրեն. մեքենայում ուտում են, անընդհատ հեռախոսով խոսում են, կարդում են: Երկրի ամբողջ տարածքը, սարդոստյանի պես, պատած է հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք ձգվող մայրուղիներով: Մայրուղիների վրա էլ արագության սահմանափակումներ կան, և խախտելու դեպքում էլ տուգանքը հազար դոլար է:

Կիրակի օրը մեզ պետք է հյուրընկալող ընտանիքը զբաղեցներ: Բայց մեր պապիկը աշխատանքի էր և խնդրել էր իր ծանոթ ընտանիքին մեզնով զբաղվել: Առավոտյան ճիշտ ժամին եկան մեր ետևից: Երիտասարդ ամուսիններ էին Ստյուարտը և Քրիստինեն: Տան դուռը բացեցի, տեսնեմ` հայերեն են բարևում: Էս ի՛նչ լավ եղավ: Պարզվեց` Քրիստինեն ժամանակին երկու տարի դասավանդել է Հայաստանում, շատ լավ հայերեն խոսում է: Երկու տարի առաջ եկել են Հայաստան, մի պուճուրիկ տղա են որդեգրել, անունն էլ Հակոբ են դրել: Շատ լավ բալիկ է, ափսոս մի ձեռքը արմունկից ներքև չկա: Այդ ամբողջ օրը միասին անցկացրեցինք: Մեզ ցույց տվեցին նոր քաղաքը, հետո հին քաղաքը: Էնքան լավ ընտանիք է: Ստյուրտը ի՛նչ համբերությամբ էր զբաղեցնում որդուն, ինչ լրջությամբ պատասխանում էր հարցերին, տալիս բացատրություններ, վազում տղայի հետ: Քրիստինեն էլ` մի ուրախ, կենսախինդ աղջիկ: Շատ լավ ման եկանք, այնպես որ հոգնեցինք ու խնդրեցինք ժամանակից շուտ մեզ տուն տանել:

Այսօր էլ գնալու ենք այն դպրոցը, որտեղ Ստյուարտը ֆրանսերեն է դասավանդում:
Այս մի քանի օրերի իմ պատկերացումներով ամերիկացիք լավ մարդիկ են:

5.11.10թ.
Երկուշաբթի օրը մեր աշխատանքային առաջին օրն էր:
Մեզ տարան Կենթուկի նահանգի մայրաքաղաք` Ֆրանկֆորտ, որը Լուիվիլից մոտ մեկ ժամվա հեռավորության վրա է: Օրվա առաջին մասը բաժանվեցինք երկու խմբի, և ամեն մի խումբը այցելեց մի ավագ դպրոց:

Կպատմեմ մեր խմբի այցելության մասին: Դպրոցի դուռը փակ էր, մուտքը հսկվում է տեսախցիկով: Մի քանի րոպե հետո դուռը բացեցին, և մտանք ներս: Տնօրենը կին էր: Սուրճ հյուրասիրեց, հետո ասաց, որ մի քանի սովորողներ մեզ ցույց կտան դպրոցը:
Տեսա, որ մեր ժողովուրդը այդ բանին սովոր չէ. առանց տնօրենի ո՞ւր գնան: Երկու աղջիկներ կային` Պամելան` շեկլիկ մի աղջիկ, և Զերլինան, սևամորթ մի թմբլիկ աղջիկ: Ասացի. «Երեխեք ջան, եկեք ձեր դպրոցը ինձ ցույց տվեք»: Այս երկու աղջիկների հետ շրջագայեցի:

Դպրոցը, բացի ավագ դասարաններից, ուներ նաև միջին դասարաններ: Ամեն դասը այստեղ տևում է հիսուն րոպե: Միջանցքի պատերի տակ շարված են անհատական պահարանները: Այս երկու աղջիկները շատ նման էին մեր աղջիկներին` ուրախ, չաչանակ, համարձակ: Դասասենյակի դռների վրա կային ապակիներ, մերի պես մեծ չէին, բայց ներսը երևում էր: Որ դասարանը որ ցանկանում էի, աղջիկները դուռը բացում էին, ներկայացնում, և հանգիստ մտնում էի ներս: Այստեղ դասացուցակը կաբինետային էր, երեխաներն էին տեղափոխվում, նույնիսկ միջին դպրոցում: Բոլոր դասասենյակներում կային ուսուցչի համակարգչին միացած պրոյեկտորներ, բայց օգտագործում էին սովորական էկրաններ: Ամեն դասարանում կավիճով գրելու երկու մեծ գրատախտակ կար` տարբեր պատերի վրա: Սենյակների պատերի վրա տեղ չկար. տվյալ առարկայի մասին ինչ ասես որ չկար փակցված: Դասասենյակի պատերին փակցված դարակները լիքն էին գրքերով` ինչպես դասագրքերով, այնպես էլ այլ գրականությամբ: Ուսուցիչները բոլորն օգտագործում էին պրոյեկտորը: Որոշ ուսուցիչներ նաև երկու համակարգչից էին օգտվում` տեղադրվածից և իրենց սեփականից: Տարբեր սենյակներում տարբեր տեսակի նստարաններ կային: Կար, որ անհատական էր` սեղանն ու աթոռը իրար կպած, կար, որ մեծ սեղան էր, որի շուրջը չորս-հինգ հոգի էին նստած:

Ունեին երկու համակարգչային սենյակ. մեկը օգտագործում էին տարբեր առարկաներ դասավանդելիս, մյուսը` ծրագրավորում ուսուցանելիս: Այս սենյակներում SMART գրատախտակներ էին: Ունեին նաև մետաղե մի մեծ արկղ, որի մեջ երեսուն հատ լայփթոփ կար: Անհրաժեշտության դեպքում դրանք տեղափոխում են դասասենյակ: Երբ հարցրեցի` բա վերևի հարկեր ինչպե՞ս են տեղափոխում, պարզվեց, որ վերելակ ունեն:

Շատ լավ երաժշտության սենյակ-լաբորատորիա ունեին. մեծ սրահ էր` լիքը երաժշտական գործիքներով` էլ հարվածային, էլ փողային:

Նաև ունեին փոքր սենյակներ անհատական աշխատանքի համար: Յուրաքանչյուր այդպիսի սենյակում համակարգիչ կար դրված:

Հետո գնացինք գրադարան. մերի նման էր, բայց ավելի մեծ: Տիկին Մարին թող իմանա, որ մի աշխատողը ոչ միայն սպասարկում էր այդ գրադարանը, այլ նաև փոքրիկ գրախանութ ուներ հենց նույն սրահում: Երբ փորձեցի աշխատել համակարգչով (ցանկանում էի աղջիկներին մեր կայքը ցույց տալ), պարզվեց, որ ծածկագիր է ուզում: Յուրաքանչյուր սովորող ունի իր ծածկագիրը, որով կարող է մուտք գործել գրադարանի ցանկացած համակարգիչ, և դրանով էլ հաշվառում են նաև, թե ով քանի անգամ է օգտվել գրադարանի համակարգչից:

Աղջիկներին ցույց տվեցի մեր կայքը, շատ ուրախացան: Նրանց էլեկտրոնային հասցեներն ուղարկել եմ մեր 11-2 և 11-5 դասարանների մի քանի սովորողների ու խնդրել եմ նամակ գրել այդ աղջիկներին: Բայց դե մերոնք հավանաբար շատ զբաղված են, ժամանակ չունեն իմ խնդրանքը կատարելու, կամ կապեր հաստատելը իրենց գործը չեն համարում: Սովորողները հագնվում են ազատ:

Ամբողջ դպրոցը շրջելուց հետո վերադարձանք առաջին հարկ, որտեղ էլ մերոնց հանդիպեցինք ու դուրս եկանք դպրոցից:

Այդ դպրոցի մասին գրավոր նյութեր եմ բերում, կարծում եմ` մեր օտար լեզվի-թարգմանչության խորացված ուսուցման դասարանների սվորողները ավելի մանրամասն նյութ կպատրաստեն: Մոռացա ասել, որ տնօրենը և իր օգնականները օգտվում էին շարժական ռադիոկապից:

Օրվա երկրորդ կեսը և երեքշաբթի օրը հանդիպեցինք նահանգի կրթության բաժնի աշխատակիցների հետ, որոնք ներկայացրեցին կրթության կազմակերպումը Կենթուկի նահանգում: Այդ մասին` հաջորդ անգամ:

6
Կենթուկի նահանգի կրթական համակարգի մասին հետո կգրեմ, մի քիչ ինքս պարզեմ` հետո: Հավանաբար դա «Դպիրի» հաջորդ համարին կհասցնեմ:
Չորեքշաբթի օրը այցելեցինք երկու դպրոց: Առաջինը կոչվում էր Jefferson High scool, Technological coolege: Սա միհարկանի, հսկա տարածություն զբաղեցնող դպրոց էր, բավականին երիտասարդ տնօրենով: Այստեղի ավագ դպրոցները ուղղվածություններ ունեն: Այս դպրոցինը ճարտարագիտական ուղղվածությունն է: Դպրոցն ավարտողները ստանում են նաև մասնագիտական որակավորում: Ավագ դպրոցները մեծաքանակ են` ունեն մոտ հազար երկու հարյուր սովորող, ինչը նրանց հնարավորություն է տալիս ամենաբազմազան դասընթացներ կազմակերպելու: Այս դպրոցում առաջին տարին` 9-րդ դասարանը (այստեղ ավագ դպրոցը քառամյա է` 9-12-րդ դասարաններ) սովորելուց հետո աշակերտն ընտրում է Dezign, Build, Creat, Lead ուղղություններից մեկը: Դրանք էլ իրենց հերթին ունեն ենթաուղղություններ: Ավելի մանրամասն մեր սովորողները կներկայացնեն, երբ վերադառնամ:

Դպրոցի միջանցքները շատ մաքուր էին: Երևում է, որ լավ տնօրեն է. գետնին ընկած թուղթը հանգիստ կռանում վերցնում էր և գցում մոտակա թղթի արկղը: Երևում էր, որ ցուցադրական չէր անում: Այս տնօրենը շատ հստակ էր, թղթի վրա ուներ գրած, թե ուր պետք է տանի: Համ էլ մի հատ բանալի ուներ, որ բոլոր դռները բացում էր: Առաջինը մեզ տարավ դիզայնի սենյակը: Հսկա լաբորատորիա, աշխատանքային տեղերով: Յուրաքանչյուր տեղում 4-5 համակարգիչ և գծագրական մի տախտակ: Այստեղ երեխաները սովորում են գծագրել, ձևավորել, նկարել: Բայց գնահատական ստանում են խմբով կատարած որևէ պրոյեկտի համար: Ընդ որում այն, ինչը նախագծում և պատրաստում են, պետք է աշխատող լինի և բավարարի որոշակի պահանջների: Ասենք, եթե նավակ ես նախագծել և պատրաստել, այն պետք է որոշակի ժամանակ մնա ջրի երեսին:

Հետո ուղեկցեցին եռակցման արհեստանոցը: Միայն պետք էր տեսնել այդ արհեստանոցը: Ամենատարբեր տեսակի եռակցման սարքեր: Սովորողները աշխատում էին, ամեն կողմից թշշոց, ֆշշոց, կային նաև մետաղամշակման հաստոցներ: Շատ լավն էր: Հետո տարան արվեստի արհեստանոցը: Ընդհանրապես այստեղի արհեստանոցները շատ մեծ էին: Այստեղ հանդիպեցինք նաև հատուկ պայմանների կարիք ունեցող մի երեխայի: Հատուկ մանկավարժը կողքին նստած զամբյուղ էր գործում: Այստեղի ավագ դպրոցներում քիչ չէ ուսուցման հատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը:

Հետո տարան բնագիտական լաբորատորիաները: Մի քանի տեսակ օձեր ունեին: Ամենալավը մի մեծ պիթոն էր, որ նաև ձագեր էր ունեցել:
Հետո գնացինք զինվորական խորացված ուսուցման թևը: Այս մասը ղեկավարում էր նույն դպրոցի մի շրջանավարտ, ով երկար տարիներ ծառայել է ամերիկական ծովային հետևակում: Շատ լավ հրաձգարան ունեին: Սովորողները համազգեստներով էին: Սովորողների մոտ քառասուն տոկոսը աղջիկներ էին: Պարզվում է` այստեղ աղջիկներն էլ են բանակը համարում, որպես հետագա աշխատատեղ:
Այդտեղից գնացինք սպորտդահլիճ: «Դինամո» մարզադահլիճը քեզ օրինակ: Տասնյոթ մարզաձև են առաջարկում: Այս դպրոցը ամենահաջողակը բասկետբոլից էր: Դպրոցն ինքը ընդամենը երկու ավտոբուս ուներ, որոնք օգտագործում էր սովորողներին մրցումների տանելիս: Սովորողների տեղափոխումը կազմակերպելը քաղաքային կրթության բաժնի գործն է:

Համակարգիչները շատ-շատ էին և ամենուր օգտագործվում էին:

Հաջորդ դպրոցը, որ այցելեցինք, մասնավոր դպրոց էր (այստեղ մասնավոր դպրոցներին անվանում են անկախ դպրոցներ, որնք պետությունից փող չեն ստանում, և պետությունն էլ չի խառնվում նրանց գործերին), կոչվում էր Louisville Collegiate school: Այս դպրոցում որտեղ ինչ թողնեիր, հետո կարող էիր գալ ու վերցնել, ոչ մեկը ձեռք չէր տա: Նրանց անհատական պահարաններն էլ կողպեքներ չունեին: Սովորում են չորս տարեկանից մինչև տասնութ տարեկանը:

Այս դպրոցը շատ է կարևորում կրթական փոխանակումները: Այլ երկրից եկածը ապրում է սովորողներից մեկի տանը: Հաճախ, եթե փոխանակումը կազմակերպած կազմակերպությունը չի կարողանում վճարել ուսման վարձը, այն պակասեցնում կամ ընդհանրապես հանում են: Տնօրենը պնդում էր, որ այլ մշակույթից եկած երեխայի հետ իր սովորողների շփումը ավելի թանկ արժե: Մեզ ցույց տալու համար նրանք ինտերնետով կապ էին հաստատել չինացի մի աղջկա հետ, Սոֆի անունով, ով մեկ տարի սովորել էր այդ դպրոցում, իսկ հիմա սովորում է Լոնդոնում: Այդ կապի ժամանակ նա չինարեն ընտրած երեխաների հետ զրուցում էր: Անցած ամառ այդ դպրոցի քսան սովորողներ գնացել են Չինաստան: Այնտեղ նրանք ապրել են չինական ընտանիքներում:

Այստեղ սովորողները քիչ էին, ավագ դպրոցում մոտ երկու հարյուր սովորող ունեին: Համակարգիչներ, պրոյեկտորներ ունեին: Ունեին նաև համակարգչային դասարան: Այս դպրոցի տնօրենը ասաց, որ շենքը կառուցելիս իրենք շատ կարևորել են համակարգչային կենտրոնները, բայց կյանքը ցույց է տվել, որ դրանք իրենց սպառել են: Հիմա իրենք ցանկանում են լայփթոփեր գնել և անհրաժեշտության դեպքում տեղափոխել դասասենյակ: Սովորողների մուծած վարձերը չեն բավականացնում դպրոցը պահելու համար, և շատ կարևորվում է բարերարների դերը, ովքեր հիմնականում դպրոցի նախկին շրջանավարտներն են: Ամերիկայում, կարծես, շրջանավարտները իրենց դպրոցի նկատմամբ որոշակի պարտավորություն են զգում և շատ զգալի օգնություն են ցուցաբերում:

Վայ, էս ինչ երկար ստացվեց: Մնացածը մեր սովորողները կպատմեն:

7.11.10թ.
Հինգշաբթի օրը գնացին էլի մի ավագ դպրոց, որը կոչվում է Atherton high School: Տնօրենը էլի ջահել տղա էր: Այս դպրոցը լեզուների, մանկավարժության, պատմության ուղղվածություն ունի: Էն, որ ասում եմ` մեր սովորողները ավելի մանրամասն կպատմեն, նկատի ունեմ, որ հետս ամեն դպրոցի տպագիր նյութեր եմ բերելու, և մեր թարգմանիչները դրանք կթարգմանեն ու կներկայացնեն: Դրա համար ես ներկայացնում եմ միայն միջավայրը, ինչ որ թղթերում չկա գրված:
Այս դպրոցում շատ են այլ երկրներից եկածները, ում համար անգլերենը մայրենի լեզու չէ:

Մի դասարան մտանք, էլ չալմայով, էլ առանց չալմա, էլ հատուկ կարիք ունեցող. ով ասես, որ չկար: Այս տնօրենը մեզ զարմացնելու համար տարավ երեք դասարան, որտեղ ուսուցիչն էր գլխավոր գործող անձը և երկու դասարան, որտեղ փորձում էին խմբերով աշխատել: Այստեղ մի քանի բան նկատեցի, որ մյուս դպրոցներում աչքաթող էի արել: Դպրոցի բակում կանգնած էր ոստիկանական մեքենա: Մյուս դպրոցում էլ էի նկատել, բայց ուշադրություն չէի դարձրել: Այս դպրոցում միջանցքում հանդիպեցինք զինված ոստիկանի: Յուրաքանչյուր դասարանում կար ԱՄՆ-ի դրոշակը և հեռախոս: Անհրաժեշտության դեպքում ծնողը զանգահարում է ոչ թե երեխայի անձնական հեռախոսին, այլ դասարանի հեռախոսին: Սովորողը մոտենում է հեռախոսին և խոսում ծնողի հետ:

Այս դպրոցը տեխնիկապես ավելի թույլ էր: Պարզվում է` այստեղ էլ բոլորը չեն, որ լայփթոփ ունեն: Երգչախումբ ունեն, և այդ երգչախմբի պարապմունքը մտնում է սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության մեջ: Շատ լավ մարմնամարզական դահլիճ ունեին ու հանդիսությունների մեծ դահլիճ: Տնօրենն ասաց, որ ցանկանում է մի քիչ ձևափոխել այդ դահլիճը, բայց չի համարձակվում, քանի որ դպրոցի շրջանավարտները սիրում են դպրոցը տեսնել այնպես, ինչպես իրենք սովոր են: Այդ դահլիճը 1970-ականներին էր կառուցվել և կահավորվել, բայց նստարանները շատ լավ էին մնացել: Հսկայական բեմ ուներ, որտեղ նաև թատրոնի դասերն էին անում:

Այս տնօրենը շատ խորամանկ քայլ արեց: Գրադարանում բերեց լանչ տվեց, կանչեց տաներկու սովորող (մենք տասը հոգի ենք և երկու թարգմանիչ, յուրաքանչյուրիս մի սովորող) և ասաց, որ ինքը հանդիպում ունի, պետք է գնա, իսկ մենք ավելի մանրամասն կարող ենք իմանալ սովորողների հետ զրույցից: Ես էլ իմ աղջկա հետ մոտ կես ժամ զրուցեցի: Այս դպրոցի սովորողները շատ են կարևորում տարբեր մշակույթներ կրող երեխաների շփումը և կրթության ընտրության բազմազանությունը: Իմ աղջիկը դպրոցի պարի խմբի ավագն էր: Հումանիտար առարկաների հետ միասին նա նաև ընտրել էր բարձրագույն մաթեմատիկայի տարրեր: Ինքը տանը ուներ լայփթոփ, բայց դպրոց չէր բերում: Այս դպրոցի գրադարանի համակարգիչները շատ հին էին և բոլոր սովորողներ չէ, որ օգտվում էին դրանցից:

Օրվա երկրորդ կեսը անցկացրեցինք Լուիվլ քաղաքի կրթության բաժնում, կարծես կամաց-կամաց հասկանում եմ իրենց համակարգը: Մեր սովորողներին ցանկանում եմ փոխանցել, որ այստեղ ավագ դպրոցում դասարան (սովորողների խումբ, որ միշտ միասին են դաս անում) հասկացությունը չկա: Իրենք ընտրում են իրենց դասընթացները և յուրաքանչյուրը իր անձնական դասացուցակով գնում է համապատասխան դասի: Կարծես անցա ուրիշ թեմայի: Առայժմ այսքանը:

8.11.10թ.
Ուրբաթ օրը գնացինք Լիուվլի համալսարանը` մանկվարժական քոլեջ:
Այստեղի համալսարանը բաղկացած է տարբեր ուղղվածության քոլեջներից, որոնք չորս տարով են, և ավարտելիս ստանում ես բակալավրի աստիճան (կարծես մեր մոտի ֆակուլտետները): Համալսարանը պետական է, բայց տարեկան 14000$ վարձ են վերցնում:

Չորս դասախոսներ էին, բոլորն էլ կանայք: Հետաքրքիր էր, որ բոլորն էլ սկզբում դպրոցի ուսուցիչներ էին եղել: Նրանք ներկայացրեցին իրենց քոլեջը:
Այստեղ էլ կրթությունը դասընթացների տեսքով է. դու ես կազմում քո անցնելիք դասընթացները` կախված այն բանից, թե դպրոցի որ հատվածում ինչ առարկա ես որոշել դասավանդել: Շատ են դասավանդման հետ կապված դասընթացները: Ուսման չորս տարիների ընթացքում կան փորձառություններ, իսկ վերջին կիսամյակը անց են կացնում դպրոցներում: Այստեղ ուսուցիչ աշխատելու համար պետք թույլտվություն ունենաս, իսկ դա անում է ուրիշ կազմակերպություն, որը քեզ իրավունք է տալիս դպրոցի այսինչ հատվածում որևէ առարկա դասավանդելու: Եթե ցանկանում ես ուրիշ առարկա դասավանդել, կամ այլ տարիքի հետ աշխատել, պետք է վերապատրասվես, օրինակ` համալսարանում նոր դասընթաց անցնես, հետո թույլտվություն ստանաս:

Այստեղի ուսուցիչները տարեկան 24 ժամ վերապատրաստման նորմա ունեն: Համալսարանի շրջանավարտը եթե ընդունվում է աշխատանքի, նրան համալսարանից մենթոր է կցվում, որն այդ աշխատանքի համար վարձատրվում է: Մի դասախոս կար (Caroline Sheffield, [email protected]) մի դպրոցում ուսումնասիրություններ էր կատարում էլեկտրոնային գրատախտակի միջոցով ուսումը կազմակերպելու վերաբերյալ: Ինքը հասարակագիտության մասնագետ էր, բայց վերապատրաստվել է նաև ՏՀՏ գծով և ուսուցիչներին վերապատրաստում է: Կարծում եմ` կարելի է կապվել հետը:

Օրվա երկրորդ կեսը գնացինք Լուիվլ քաղաքի կրթական կենտրոն: Այստեղ կար մարդկային ռեսուրսների կենտրոն: Նրանք ունենում են կրթության բնագավառում թափուր աշխատանքային տեղերի բանկը և աշխատել ցանկացողների բանկը (ոչ միայն իրենց նահանգում): Այդպիսի ցանկացողներ գտնելու համար անցնում են տարբեր նահանգներով և տոնավաճառի պես բան կազմակերպում: Մարդկանց համար կազմակերպում են վերապատրաստումներ: Ընտրում և առաջարկում են աշխատողներ:

Մեզ հետ հանդիպմանը հրավիրել էին չորս երիտասարդների` երեքը աղջիկ, մեկը տղա, ովքեր այդ կենտրոնի միջոցով աշխատանք էին գտել և շատ գոհ էին: Այստեղ երիտասարդները շատ համարձակ են: Այդ աղջիկները չնայած իրենց տարիքին արդեն հասցրել էին համարյա բոլոր նահանգներում լինել: Շատ ինքնուրույն են: Ասում են, եթե տղան ինքնուրույն չի ապրում, նրա հետ չեն ամուսնանում: Մեր աշխատանքային առաջին շաբաթն ավարտվեց: Պատրաստվենք հանգստյան օրերին:

9.11.10թ.
Այսօր կպատմեմ հանգստյան օրերի մասին: Շաբաթ օրը ամբողջ խմբով ուղևորվեցինք հարևան Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքը:
Այս կողմի քաղաքները կարծես նույն տեսքն ունեն. Բարձրահարկ շենքերով գործարար կենտրոն, որը Downtown է կոչվում և հսկայական տարածության վրա փռված բնակելի տներ: Այս քաղաքն էլ Օհայո գետի ափին է և մեծ կամուրջներ ունի: Դրանցից մեկը շատ նման է Նյու Յորքի հայտնի կամրջին, քանի որ նույն ճարտարապետն է կառուցել:

Այստեղ Ազատությանը նվիրված թանգարան կա, որտեղ պատմվում է ստրկատիրության դեմ պայքարի և դրա հաղթանակի մասին: Թանգարանի մուտքի մոտ տեղափոխել և տեղադրել են մի կտոր բեռլինյան պատից: Թանգարանում մեզ ուղեկցողը մի տարեց մարդ էր: Այստեղ պարզվում է մարդիկ գալիս և կամավորության հիմունքներով աշխատում են: Առաջին հարկում կար տոնավաճառ, որտեղից ստացված եկամուտը տրամադրվում է թանգարանին: Թանգարանում նկարվելը արգելված է:

Երկու հանգամանք եմ ցանկանում նշել: Առաջին. ինձ թվաց, որ ամերիկացիները շատ են կարևորում այդ հաղթանակը, բայց պնդում են, որ աշխարհում հիմա էլ կա ստրկատիրություն, և պետք է պայքարել դրա դեմ: Երկրոդը, որ թանգարանի ցուցադրությունների մեծ մասը ինտերակտիվ էր և հարմարեցված էր երեխաների համար: Կարծես պատմության մի լաբորատորիա լիներ:

Թանգարանից հետո գնացինք մի փոքրիկ ռեստորան, որը Հակոբ անունով մի հայ մարդու է պատկանում: Այստեղ խորոված կերանք, երգեցինք, պարեցինք: Այդտեղից գնացինք այդ քաղաքի ակվարիումը: Լիքը ձկներ, սկզբում պատերի մեջ հարմարեցված ակվարիումների մեջ, հետո` ամենուր: Էլ կողքերդ, էլ վերևում, էլ ներքևում: Ամեն կողմից շնաձնկեր են վրա տալիս: Առաջին անգամ, որ պետք է անցնեինք ապակե հատակի վրայով, Գորիսի ավագ դպրոցի տնօրենը` Արմինեն, ով մի քանի անգամ եկել է մեր կրթահամալիր, պետք է, որ հիշեք, ասաց. «Գևորգ, ես էլ կանգնե՞մ դրա վրա, բա որ կոտրվի, ընկնեմ դրանց ռեխը»:

Մի առանձին բաժին էլ տրամադրված էր պինգվիններին: Շատ հետաքրքիր թռչուններ են. կարող ես ժամերով նայել: Հեռուստացույցով շատ էի տեսել այդպիսի ակվարիումներ, բայց մասնակից լինելը ուրիշ էր:

Կիրակի օրը նորից եկան մեր ընկերները` Ստյուարտը և Քրիստինեն. անցած կիրակի էլ միասին էինք եղել։

Մեր պապիկը աշխատանքի էր։ Համ էլ պապիկը ոտքը ոլորել է: Բայց այդպես, հենակների օգնությամբ գնում է աշխատանքի: Այստեղ աշխատանքի չգնալու հարցը կարծես խիստ է: Մեզ ընդունող գրասենյակի մի աշխատակցուհի էլ է հենակներով գալիս:

Մեր ընկերներին խնդրեցի, որ տանեն մի տեղ, որտեղ արտադրվում է հայտնի բուրբոնյան վիսկին: Մեկ ժամից ավելի ճանապարհ կտրեցինք, մինչև հասանք այդպիսի մի գործարան: Այդտեղ կար ցուցադրություն, որտեղ մակետի վրա բացատրում են, թե ինչպես է պատրաստվում բուրբոնյան վիսկին: Հետո մեզ բացատրեցին, թե ինչպես են փորձում վիսկին և տվեցին փորձելու:

Վերադարձին կանգ առանք մի փոքրիկ քաղաքում, որը Bardstown էր կոչվում: Նորից տեսա, թե մարդիկ ինչքան լավ են պահպանել հին շենքերը: Այստեղ շենքեր կային 1780-ականներից մնացած, որտեղ կա՛մ մարդիկ էին բնակվում, կա՛մ գրասենյակներ էին, կա՛մ հյուրանոց: Այդպիսի մի հյուրանոց կար, որը երկու հարյուր տարի ոչ մի օր չի փակվել: Ընդհանրապես, այստեղ հին շինություններին շատ լավ են նայում:

Վերադարձանք տուն. մեր ընկերներին չմոռացանք շնորհակալություն հայտնել:

10.11.10թ.
Երկուշաբթի օրը երկու ժամ մեքենայով գնալուց հետո հասանք Լեքսինգթոնի ավագ դպրոցը: Այս դպրոցը իր պայմաններով համարյա չէր տարբերվում մեր տեսածներից: Մեզ թույլ տվեցին մտնել անվտանգության ծառայության սենյակը: Տեսախցիկներով հսկվում են դպրոցի միջանցքները և դրսի շրջապատը: Դպրոցում մշտապես չորս ոստիկան է լինում: Տեսախցիկների նկարահանումները 30 օր պահպանվում են:

Մի դասարանի կողքով անցնելիս տեսա, որ ներսում աշխատում են նոթբուքերով, բայց չթողեցին մտնենք, քանի որ այդ դասարան մտնելը մեր ծրագրում չկար:

Կա Kentucky Science & Technologi Corporation հասարակական կազմակերպություն, որը պետությունից և տարբեր հիմնադրամներից գրանտներ է շահում, և նրա գործունեության ուղղություններից մեկն էլ կրթությունն է: Կրթական գործում իրականացնում են մաթեմատկայի, բնական գիտությունների և անգլերենի խորացված ուսուցում: Մեզ ցույց տվեցին այդ ծրագրում ընդգրկված խմբերը: Այդ կազմակերպությունը իրականացնում է ուսումնական ծրագրերի կազմումը, ուսուցիչների վերապատրաստումը: Այդ ծրագրով սովորողի ստացած կրեդիտը (թվարկված առարկաներից) ընդունվում է համալսարանների կողմից (ԱՄՆ-ի ավագ դպրոցներում գործում է կրեդիտային համակարգ): Ըստ իրենց տվյալների, իրենք աշխատում են 42 դպրոցների հետ, և այդ ծրագրում ընդգրկված են 11000-ից ավելի սովորող: Միասնական ստուգումներին այդ սովորողների ցույց տված արդյունքները զգալիորեն բարձր են միջինից:

Երեքշաբթի օրը էլի երկուժամյա ավտոարշավից հետո հասանք East Jessamine High School: Կենթուկի նահանգի East Jessamine շրջանը գյուղական շրջան է: Ճանապարհի մեծ մասն անցնում էր ֆերմերային տարածքներով: Դրանք մեծ արոտավայրեր էին, որոնք սահմանազատված էին տախտակներից պատրաստաված արգելափակոցներով (այստեղ քարից պարիսպ ընդհանրապես չկա): Հիմնականում ձիեր էին պահում: Միայն մի տեղ հանդիպեցինք կովերի:

Դպրոցի տեղը իդեալական էր` տներից հեռու, բաց տարածության վրա, հսկայական սպորտհամալիրով, այդ թվում` նաև թենիսի դաշտերով: Այս դպրոցը, որպես գյուղական շրջանի դպրոց, առանձնացված ուղղվածություն չուներ: Բոլոր տեսակի դասընթացներ կան: Մեզ կերակրեցին (բայց մեր հաշվին) դպրոցում խոհարարություն սովորողները: Պետք է խոստովանել, որ այսքան օրերի մեջ ամենահամեղ լանչը սա էր: Վերջապես ինձ հաջողվեց տեսնել դպրոց, որտեղ յուրաքանչյուր դասարանում էլեկտրոնային գրատախտակ կար:
Այս շրջանի կրթության բաժինը շատ է կարևորում տեխնոլոգիաների դերը կրթության մեջ: Օրվա երկրոդ կեսին հանդիպեցինք նրանց հետ: Բոլորն արդեն Ipad –ներ ունեին (գինը սկսվում է 600&-ից, նայած հիշողության չափին): Շրջանի տասներկու դպրոցներից չորսի բոլոր դասարաններում էլեկտրոնային գրատախտակներ կան դրված և կրթության բաժինը աշխատանքներ է տանում, որպեսզի մյուսներն էլ լրացնեն: Ընդհանրապես տեխնիկա շատ կար: Մի մեծ համակարգչային կենտրոն ունեին, որտեղ հիսունից ավելի սովորողներ անգլերենից առաջադրանք էին հանձնում: Եղանք մի քանի դասասենյակներում:

Հանդիպեցինք մի մարդու հետ, ով եղել էր այդ դպրոցի տնօրենը, հետո տեղափոխվել էր կրթության բաժին և երկու տարի աշխատելուց հետո աշխատանքից դուրս էր եկել ու հիմնել էր կրթության բնագավառում խորհրդատվության ընկերություն, որտեղ մենակ ինքն էր աշխատում: Այդ մարդը խորհրդատվություն է իրականացնում ոչ միայն ԱՄՆ տարածքում,այլ նաև արտասահմանյան երկրներում: Եղել էր Ճապոնիայում, Չինաստանում և էլի ուրիշ երկրներում (էս էլ որերորդ դպրոցն է, որտեղ չինարեն են անցնում): Հիմնական գաղափարն այն էր, որ նոր տեխնոլոգիաների պայմաններում ուսուցիչը պարտավոր է վերանայել իր ֆունկցիաները, հակառակ դեպքում նա դառնում է անհատի կրթական գործի արգելակ: Եվ, որ հիմա ավելորդ է դարձել լավ դպրոց գաղափարը, պետք է աշխատել բավարարել յուրաքանչյուր սովորողի անհատական պատվերը: Մեջ բերեց իր կարդացած գրքից երկու գաղափար. առաջինը` նոր տեխնոլոգիաները բոլոր միջնորդներին վերացնելու հնարավորություն են տալիս, և երկրոդը` արա այն, ինչը միայն դու ես լավ անում, մնացածը թող ուրիշներին: Եվ յուրաքանչյուր ուսուցիչ պետք է հարց տա, թե ով է միջնորդը գիտելիքի ու երեխայի միջև:

Դպրոցի ՏՀՏ մասնագետներից մեկը, ով պատասխանատու է կայքի համար, ներկայացրեց դպրոցի կայքը: Այստեղ կայքը օգտագործում են աշխատանքային ինֆորմացիայի պահպանման և օգտագործման համար: Տեղեկություններ էին սովորողների, նրանց դասացուցակների, ստուգումների, ուսուցիչների վերաբերյալ: Սովորողները կայքում նյութեր չեն տեղադրում: Երբ հարցրեցի կայքի աշխատանքներում սովորողների մասնակցության մասին, ասացին, որ կայքի դիզայնը իրենց նախկին աշակերտն է արել, ով հիմա համալսարանում է սովորում:
Դպրոցի պատերը լիքն էին տարբեր տեսակի հայտարարություններով ու թերթերով: Ամեն դեպքում չտեսա մեկին, ով կարդար դրանք: Իրենց ասելով, համարյա բոլոր ուսուցիչները ունեն իրենց կայք-էջերը, որտեղ տեղադրում են իրենց դասերը, առաջադրանքները և իրենց առարկայի հետ կապված այլ նյութեր: Կրթական նպատակներով շատ են օգտագործում սոցիալական կայքերը: Այստեղ տարածված է հիմնականում Facebook-ը: Այնպես որ, մերոնց փոխանցեք, թող վարպետանան այդ գործում: Մեջ բերեց սովորողներից մեկի գրածը. «Եթե ցանկանում եք մեզ հանդիպել, մենք այստեղ ենք, համեցեք»: Նաև այդ տարածքը օգտագործում են մասնագիտական քննարկումների ու հանդիպումների համար: Շատ են օգտագործում Skype ծրագիրը:

Էլի երկար ստացվեց: Կարծես այս դպրոցը շատ հավանեցի, հա´մ լավ կերակրում են, հա´մ էլ լավ աշխատում: Նահանգի տարվա լավագույն ուսուցիչը այս դպրոցում է աշխատում:

11.11.10թ.
Չորեքշաբթի օրը առավոտյան շուտ նորից տեղավորվեցինք մեր միկրոավտոբուսում և ճանապարհ ընկանք: Գնացինք, գնացինք մի երկու ժամ հասանք մի դպրոց, որը կոչվում է DIXIE HEIGHTS HIGH SHOOL: Դպրոցի ղեկավարությունը մեր մասին մի փոքր հետազոտություն էր անցկացրել և պարզել, որ Հայաստանում հյուրերին աղ ու հացով են դիմավորում: Նրանք էլ յուրաքանչյուրիս համար մի-մի տոպրակ էին պատրաստել, մեջը մի հատ հաց, մի հատ աղաման:

Այս դպրոցում էլ բոլոր դասասենյակներում էլեկտրոնային գրատախտակներ կան և օգտագործվում են: Այստեղ ներկայացրին 9-րդ դասարանցիների (ավագ դպրոցի առաջին տարին) կրթական գործի կազմակերպման իրենց փորձը:
Բոլոր 9-րդցիներին, դրանք մոտ 340 հոգի են, բաժանում են երկու խմբի: Աշխատում են, որ խմբերը հավասարազոր լինեն ոչ միայն թվաքանակով, այլ այդտեղ ընդգրկված ուժեղ սովորողներով, կրթության հատուկ կարիք ունեցողների թվով: Յուրաքանչյուր խմբում չորս ընդհանուր առարկաները`անգլերեն, մաթեմատիկա, բնագիտություն և հասարակագիտություն, դասավանդում են մի թիմում ընդգրկված ուսուցիչներ:
Ընդհանուր առարկաներից բացի յուրաքանչյուր սովորող ընտրում է անհատական դասընթացները: Յուրաքանչյուրի համար կազմում են անհատական դասացուցակ: Առաջին տարում դասավանդելու համար ընտրում են իրենց ամենալավ ուսուցիչներին, քանի որ համարում են, որ սովորելու նկատմամբ սերը կորչում է հենց առաջին տարում:

Կա բոլոր իններորդցիների համար մի համակարգող (այդ մարդն էր մեզ հետ զրուցում): Իններորդցիների համար առանձնացրել էին մի մասնաշենք: Այս աշխատանքը արդեն յոթերորդ տարին են կատարում, և համակարգողը ներկայացրեց, թե տարեցտարի ինչպես են փոխվում իրենց մոտեցումները: Օրինակ, եթե սկզբնական տարիներին խախտումները կանխելու հիմնական գործիքը պատիժն էր, հիմա կարևորում և հրապարակայնացնում են սովորողների հաջողությունները:
Մտանք մի սենյակ, որտեղ մի ուսուցիչ էր և երեք տղաներ, ովքեր խախտման համար դասից դուրս էին հանվել և իրենց դասը շարունակում էին այդ սենյակում:

Համակարգողը ներկայացրեց նաև, թե ինքն ինչպես է աշխատում իրենց պոտենցիալ սովորողների` միջին դպրոցների ութերորդ դասարանցիների հետ: Այստեղ ավագ դպրոցները տարածքներով են: Այս ավագ դպրոցի տարաքում երկու միջին դպրոց կա: Բայց մոտ հարյուր հոգի էլ գալիս են այլ տարածքներից: Իրենց պնդմամբ կազմակերպման այս ձևը տալիս է իր արդյունքները: Պակասել է բացակայությունների թիվը, մեծացել է ընդահանուր քննությունները հաջողությամբ հանձնողների թիվը:

Հետո գնացինք մի բանկի շենք (կարծեցինք` փող են տալու), որտեղ տեղավորված էր կրթական հարցերով զբաղվող մի հասարակական կազմակերպություն (դու մի ասա, բանկը իր տարածքներից անվճար տրամադրել է այդ կազմակերպությանը): Այդ կազմակերպությունը ստեղծվել է տարբեր մանր կազմակերպությունների միավորումից: Հիմա այն կապ է հաստատել ինչպես ուսումնական հաստատությունների, այնպես էլ գործատուների հետ: Պարզվում է, որ որոշ դասընթացներ սովորողը կարող է անցնել ոչ թե դպրոցում, այլ քոլեջում, և այդ դասընթացից ստացած նրա կրեդիտը ընդունում են և´ դպրոցը, և´ քոլեջը: Այդ կազմակերպության աշխատանքները ներկայացնող կանանցից երկուսը այդ օրը կամավորական աշխատանքներ ունեին իրենց երեխաների դպրոցներում: Հարցրեցի, թե արդյոք յուրաքանչյուր ծնող կարող է կամավորական աշխատանք կատարել: Պարզվում է, որ նախ ներկայացնում են իրենց կենսագրությունը: Եթե աշխատանքը կապված է դասավանդման հետ, ապա ծնողը անպայման վերապատրաստում է անցնում: Աշխատանքները պարտադիր չէ, որ կապված լինեն դասավանդման հետ. օրինակ` կարող են օգնել դպրոցի գրասենյակում, մարզել որևէ սպորտային թիմ և այլն: Քիչ է մնում` համոզեն, որ այստեղ պետությունը և հասարակությունը շատ են կարևորում երեխաների կրթությունը: Հարցրեցի, թե համալսարանն ավարտողների քանի տոկոսն է անցնում աշխատանքի, պարզվեց… հարյուր, քանի որ նրանք բոլորը սկասում աշխատել սովորելու տարիներին (հեյ գիտի, հայ համալսարանի սովորող ու շրջանավարտ): Ամերիկայում մարդու աշխատանքը և դրա համար ստացած աշխատավարձը կախված են նրա կրթությունից:

Վայ, էլի շատ ստացվեց: Ոնց որ շատախոս եմ դարձել:

12.11.10թ.
Հինգշաբթի գնացինք Ինդիանա նահանգում գտնվող Prosser School of Technology: Այստեղ քսանվեց տարբեր մասնագիտություններ են սովորում` սկսած խոհարարությունից մինչև օդանավ վարել: Հանրակրթական դասեր չկան: Մոտ քսան ավագ դպրոցների 11 և 12-րդ դասարանցիներից գալիս են 1300 սովորող: Նրանք օրվա մի մասը սովորում են իրենց դպրոցներում, մյուս մասը` այստեղ: Ասեմ, որ այն ինչ տեսա, գերազանցեց բոլոր սպասումները:

Նախորդ հաշվետվություններից մեկում պատմել եմ մեր այցելած տեխնոլոգիական ուղղվածության ավագ դպրոցի մասին: Այս մեկի համեմատ նա ոնց որ մանկապարտեզ լիներ: Նախ` ամբողջ ընթացքում մեզ ուղեկցեց տնօրենը, ով համբերատար բացատրում էր ու պատասխանում մեր բոլոր հարցերին: Այս ուսումնարանը կարծես գործող տարբեր կազմակերպությունների միավորում լիներ: Մենք չհասցրեցինք լինել ամեն տեղ:

Առողջապահական ուղղվածության համար մի մեծ, իսկական հիվանդասենյակ են կահավորել: Մահճակալին պառկածը իսկական մադ չէ, չվախենաք:
Հետո գնացինք էլեկտրիկների մոտ: Այստեղ երեխաները սովորում են մոնտաժել տան էլեկտրական սխեման, բայց այդ սովորածն էլ անմիջապես կիրառում են, քանի որ իրենց շինարար ընկերները տուն են կառուցում: Արդեն կառուցել ու վաճառել են երկու տուն: Երրորդի վրա ամբողջ թափով աշխատում էին, ևս երկու տան հիմքեր էլ փորում էին, այն սովորողները, ովքեր ընտրել էին ծանր մեխանիզմներ վարելու մասնագիտությունը:

Ծաղկաբույծները մի հրաշալի ջերմոց ունեին:

Ավտոգործի տարբեր մասնագիտություններ ունեին` դզող-փչող, ներքին այրման շարժիչի մասնագետ, դիզելային շարժիչի մասնագետ, ընթացամասերի մասնագետ, փոքր շարժիչի մասնագետ: Ավտոմեքենաների վերանորոգման այդպիսի կետ Երևանում չես գտնի: Եվ սովորում են` իսկական պատվեր իրականացնելով: Ավտոմասերի խանութ էլ ունեն: Եվ շատ մարդիկ իրենց մեքենայի վերանորոգումը վստահում են նրանց:

Հետո գնացինք խոհանոց: Այդպիսի խոհանոց կերազի ամենմեծ ռեստորանը: Այստեղ ոչ միայն պատրաստում են, այլ նաև մշտական պատվերներ ունեն, իրենց պատրաստածը տանում, սեղանը դասավորում և մատուցում են: Մեզ շատ համով կերակրեցին: Բայց այս անգամ փող չվերցրեցին, ասացին որ տնօրենը վճարել է:
Մյուս մասնագիտություննրը նայելու ժամանակ չեղավ, բայց չեմ կասկածում, որ նույնը կլինի: Օրինակ` օդաչուները իրենց հիմնական ժամանակը անց են կացնում փոքր օդանավերի օդանավակայանում:

13.11.10թ.
Ուրբաթ օրը կիսաաշխատանքային-կիսամշակութային օր ստացվեց: Գնացինք Ֆրանկֆորտ` Կենթուկի նահանգի մայրաքաղաքը, իրենց նահանգի կառավարական տուն: Շրջեցինք այդ շենքում, եղանք ներկայացուցչական պալատի նիտերի դահլիճում, հետո` Գերագույն դատարանի դահլիճում: Հսկա շենքում մի քանի աշխատող կար: Հանդիպեցինք ներկայացուցիչների պալատի մի պատգամավորի հետ: Ասաց, որ իրենք շատ են կարևորում քաղաքացիական կրթությունը: Օրինակ` իր ընտրվելու ժամանակ նա իր հակառակորդի հետ դեբատ է կազմակերպել մի ավագ դպրոցում: Հիմա տասներկու պատգամավորով մի խումբ են ստեղծել: Յուրաքանչյուրը կցվել է մի ավագ դպրոցի: Դպրոցականներին առաջարկել են օրենքների նախագծեր մշակել: Յուրաքանչյուր պատգամավոր խմբի քննարկմանն է ներկայացնում մի նախագիծ: Այդ քննարկմանը մասնակցում են նաև նախագծի հեղինակները` սովորողները: Քննարկումներից հետո ընտրում են մի նախագիծ, և այդ տասներկու պատգամավորները իրենց ջանքերը միավորում են այդ օրինագիծն առաջ տանելու գործում:

Հետո մի երկու ժամ ազատ ժամանակ ունեինք: Մի քիչ թափառեցինք այդ քաղաքում: Մեր թարգմանիչներից մեկի` Ռուբենի հետ մի լավ գարեջրատուն գտանք Կենթուկի գետի ափին ու նստեցինք մի քիչ էլ հանգստացանք: Ընդմիջումից հետո գնացինք Կենթուկիի պատմության թանգարան: Այս թանգարանում կրթական հարցերով զբաղվող աշխատողների հատուկ խումբ կա: Տարեկան 20000 սովորող է այցելում այս թանգարանը` անվճար: Շրջեցինք թանգարանում: Շատ խնամքով կազմակերպած ցուցադրություն էր: Իրենց պնդմամբ 12000 տարվա պատմություն էր ներկայացված:

Նորից տեսա շատ լավ պատմության լաբորատորիա, և կարևորը, որ ցանկություն կա այդ ամեն ինչը սովորողներին տրամադրելու: Ելքի դռան մոտ նվիրատվությունների արկղ կար: Ես էլ չզլացա իմ 1$-ը այդ կարևոր գործին տրամադրելու գործում:
Երեկոյան գնացինք մեր պապիկի ընկերներից մեկի տունը հյուր: Շատ լավ ընտանիք էր: Զրուցեցինք բավականին: Այնտեղ էր նրանց թոռնիկը, ով սովորում է մեր այցելած ավագ դպրոցներից մեկի 12-րդ դասարանում և որոշել է դպրոցն ավարտելուց հետո անասնաբույժ դառնալ: Քանի որ այստեղ կենդանիներ շատ են պահում, այդ մասնագիտություը շատ հարգի է:

Այսօր գնալու ենք ձիարշավարան:

14.11.10թ.
Շաբաթ օրը գնացինք ձիարշավարան: Այստեղի ձիարշավարանը աշխարհահռչակ է: Տարեկան մի անգամ այստեղ հավաքվում են աշխարհի բոլոր ծայրերից, կոչվում է Կենտուկի Դերբի: Մնացած ժամանակ ոնց որ մի մեծ Toto գրասենյակ լինի: Մարդիկ գալիս են այստեղ իրենց օրն անցկացնելու և փող խաղալու: Սպորտի հետ ոչ մի կապ չունի:

Մենք էլ տոմսերը վերցրինք: Մուտքի ամենաէժան տոմսը երեք դոլար է: Երբ տոմս էինք վերցնում, մեզ հարցրեցին, թե կա մարդ, ով վաթսունն անց է: Հակոբը վաթսունն անց է և գնաց մյուս մուտքով, որտեղ տոմսը մեկ դոլար էր: Հետո զարմացել էր, որ նույնիսկ անձնագիրը չեն ստուգել:

Գնացինք նաև այդտեղի թանգարանը: Ամեն ինչ կար ձիարշավի պատմությունից: Մի փոքրիկ ֆիլմ դիտեցինք: Բայց կինոդահլիճը շատ հետաքրքիր էր: Մոտ երեսուն մետր երկարություն և տասը մետր լայնություն ունեցող էլիպսաձև դահլիճ էր: Էկրանը հատակից բարձր էր մոտ չորս մետր: Նստարանները կլոր փոքրիկ աթոռներ էին: Ֆիլմը, որ սկսվեց, նոր իմացա, թե ինչու: Ֆիլմի տարբեր մասերը էկրանի տարբեր մասերում էր, և պետք էր լինում արագ պտտվել: Մեկ էլ ամբողջ էկրանով էր գնում: Հավանաբար 15 կամ ավելի պրոյեկտոր էր աշխատում:
Այգի ասածը վայրի անտառ էր, որի մեջ ճանապարհ էին բացել, որը տանում էր բլրի գագաթը: Այդտեղից ամբողջ քաղաքը երևում էր: Նույնիսկ չորացած կամ ընկած ծառերը չեն հավաքում: Անտառը թողնում են այնպես, ինչպես կա: Ասում են այդտեղ եղնիկներ էլ կան, բայց մեզ չհանդիպեց: Շատ լավ աշուն է: Մոտ երեք ժամ քայլեցինք: Հետո Հակոբիկին տարանք տատիկի ու պապիկի մոտ: Մենք էլ մտանք, ծանոթացանք: Շատ լավ մարդիկ են, ամենակարևորը` Հակոբիկը նրանց հետ լավ խաղում էր:

Այդտեղից էլ եկանք տուն, որ պատրաստվենք երեկոյան ֆուտբոլ նայելու (ամերիկյան):

15.11.10թ.
Երկուշաբթի առավոտյան նորից գնացինք Ֆրանկֆորտ (Կենտուկի նահանգի մայրաքաղաքը):

Այնտեղ հանդիպեցինք նահանգի կրթության նախարարության երկու աշխատակիցների հետ: Առաջինը, գեղեցիկ արտաքինով մի կին էր (վերջապես), որը ներկայացրեց ընթացիկ գնահատման մասին իրենց մոտեցումները: Նահանգը բաժանված է շրջանների, որոնցից յուրաքանչյուրը, օրենքի շրջանակում, ինքն է որոշում իր շրջանի կրթական քաղաքականությունը: Այնպես, որ խեղճ նախարարությունը ամբողջ նահանգում որևէ բան ներդնելու գործում բավականին չարչարվում է: Նախարարության որոշումը պարտադիր չէ նահանգի համար:
Ափսոս, այդ կինը զեկուցումը կարդալուց հետո անմիջապես հեռացավ, չհասցրեցինք նկարվել:

Հաջորդ զեկուցողը մի տղամարդ էր, ով խոսեց նահանգային ստուգումների մասին: Այս ստուգումները (մեր լեզվով ասած` արտաքին գնահատումը) սովորողների կրեդիտների վրա չի ազդում: Դրանք օգտագործում են դպրոցում, շրջանում, նահանգում տվյալ առարկայի հաջողությունները և անհաջողությունները գրանցելու և համապատասխան եզրակացություններ անելու համար: Ստուգումները անց է կացնում անկախ կազմակերպություն, ում վարձում է նախարարությունը: Այդ ստուգումների արդյունքները հայտնի են դառնում աշնանը, քանի որ առաջադրանքներում, բացի թեստայինից, կան նաև լրիվ շարադրանքով առաջադրանքներ, որոնց ստուգումը երկար ժամանակ է պահանջում:
Հետո գնացինք մի ավագ դպրոց, որը կոչվում էր Shelby counti High Scool: Այս դպրոցում, իրենց քաղաքի առանձնահատկությունից ելնելով, ութերորդ դասարանցիներն էլ են սովորում (հիշեցնեմ, որ ԱՄՆ-ում ավագ դպրոցը 9-12-րդ դասարաններն են): Այստեղ հանդիպեցինք դպրոցի խորհրդի անդամների հետ (դպրոցի խորհուրդը վեց անդամ ունի. դպրոցի տնօրենը, ով նաև խորհրդի նախագահն է, երեք ուսուցիչ, որոնց ընտրում են իրենց ընկերները և երկու ծնող, որոնց ընտրում են մյուս ծնողները): Հետո շրջեցինք դպրոցում: Մինչև մեր տեղ հասնելը դասերն արդեն ավարտվել էին:

Այս դպրոցը տեխնիկապես զիջում էր մեր տեսած մյուս դպրոցներին: Մտանք բնագիտության լաբորատորիան, որտեղ չորս սովորողներ, որ թերացումներ ունեին քիմիայից, լրացուցիչ պարապում էին ուսուցչի հետ: Լավ էր` այս անգամ հանդիպեցինք սպորտային պարապմունքների: Փոքր դահլիճում աղջիկների բաստկետբոլի թիմն էր, իսկ մեծում` տղաներինը:

Հետո գնացինք երաժշտության սրահը, որը մի մեծ սենյակ էր: Այնտեղ հանդիպեցինք տիար Բլեյանի երազանքներից մեկին` դպրոցական նվագախմբին: Ամեն տեսակի փողային և հարվածային գործիք կար:

Դրանից հետո մի փոքր էլ շրջեցինք դպրոցում ու գնացինք:

Հետաքրքիր էր, որ դպրոցը մաքրողը տղամարդիկ էին:

Մինչև տուն հասանք, արդեն մթնել էր: Ընթրիքից հետո սկսեցի կամաց-կամաց իրերս հավաքել:

16.11.10թ.
Երեքշաբթի առավոտյան սկսեց անձրև գալ: Կարծես իմացել էր, որ պատրաստվում ենք վերադառնալու, և լաց էր լինում: Առավոտյանգնացինք Մուհամեդ Ալիի (Մուհամեդ Ալին կամ Կասիուս Քլեյը մեր երիտասարդ տարիների կուռքերից էր, բռնցքամարտի աշխարհի չեմպիոն) անվան կենտրոնը: Պարզվում է, որ Ալին այս քաղաքից է: Մի ֆիլմ նայեցինք Ալիի մասին, կարծես կոչվում էր «Եթե ունես երազանք…»:

Ալիի մասին հավանաբար պետք է մի հետազոտություն արվի, ոչ միայն որպես բռնցքամարտիկի, այլ որպես քաղաքացու, ում համար կարևոր են ազատությունը, մարդասիրությունը, խաղաղությունը:

Այս կենտրոնում մի դասընթաց են մշակել դպրոցականների համար, որը հենվում է Ալիի ապրելու սկզբունքների վրա: Ասում են 1960թ., երբ օլիմպիադայում հաղթած Ալին իր քաղաքում ցանկանում է ռեստորան մտնել, նրան չեն թողնում, քանի որ սևամորթ է: Ալին իր օլիմպիական մեդալը կամրջից նետում է գետը: Մի հետաքրքիր ցուցադրություն կար. բոքսի ռինգն էր, որի հատակը էկրան էր, և վերևից նայում էիր: Այդ կենտրոնի մուտքի մոտ հանդիպեցինք հաշմանդամ երեխաների (նրանք սայլակով էին և չէին կարողանում շարժվել), ում բերել էին կենտրոն: Ավտոբուսը հատուկ սարքավորված էր, որ հնարավոր լիներ սայլակները իջեցնել:

Հետո գնացինք բուրբոնյան վիսկի արտադրող մի ընկերություն: Այստեղ էլ մի ֆիլմ դիտեցիք այդ ընտանիքի մասին, հետո գնացինք պահեստը: Այն յոթ հարկանի շենք էր, յուրաքանչյուր հարկում երեք շարք տակառներ: Մեզ վիսկի հյուրասիրեցին: Այդտեղից գնացինք մի կազմակերպություն, որը կոչվում է Plymouth Community Renewal Center: Այստեղ կամավորներ են աշխատում: Աշակերտները գալիս են դասերից հետո: Բոլորը սևամոթ էին: Ասացին, որ մի սպիտակամորթ ունեն ում ամեն տեղից քշել են: Կային կամավորներ, ովքեր փոքր տարիքից հաճախել են այդ կենտրոնը, հիմա սովորում են քոլեջում ու իրենք էլ ուրիշ երեխսների հետ են աշխատում: Հետո, որպես բարեգործություն, նրանց ընթրիք մատուցեցինք: Մոտ երեսուն երեխա նստած էին սեղանների մոտ, ու մենք ընթրիքը խոհանոցից բերում, մատուցում էինք: Դուրս գալիս գորիսեցի Արմինեն ասաց.«այսքան լավ ինձ վաղուց չէի զգացել»:

Երեկոյան մեր պապիկի հետ Ծննդյան օրերի ծառը հավաքեցինք: Այստեղ արդեն մարդիկ պատրաստվում են Ծննդյան տոներին:

Բացվել է 255 անգամ
???????@Mail.ru ՍԿԻԶԲ | ԱՐԽԻՎ | ԽՈՐԱԳԻՐ | ԿԱՊ

© 2007-2010 «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ