«Դ Պ Ի Ր» ամսագիր "Mkhitar Sebastatsi" Educational Complex
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր "D P I R" Magazine
 

ԴՊԻՐ 4

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ուսումնական բնագավառներ

Աիդա Պետրոսյան
«Ինչո՞վ են զբաղվում նախակրթարանում»

Մեթոդական մշակումներ
Հակոբ Հակոբյան
«Աշխատանք և էներգիա»
Մարինե Ամիրջանյան «Համագործակցային մեթոդներով ուսուցման իմ փորձից»

Ուսումնական նյութեր
Ռիչարդ Բախ
«Չկա այդպիսի վայր` հեռու…»

ԱՇԽԱՐՀԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Անտոն Զվերև
«Ֆիննական հրաշքը»
Պասի Սոլբերգ «Համագործակցային ուսուցումը Ֆինլանդիայում»

Դպրոց՝ առանց դասասենյակների

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԸ
Ուր կորավ պատը

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ջոն Դյուի
«Դպրոցը և հասարակությունը» (4-րդ գլուխ)

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
Սեմյոն Սոլովեյչիկ
«Առատաձե՞ռն երեխաներ»
Դ. Լիխաչյով
«Նամակներ երիտասարդ ընթերցողներին»

Դ. Լիխաչյով
«Ռուսական մտավորականության մասին»

ԱՐՁԱԳԱՆՔ


Աիդա Պետրոսյան

ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎՈՒՄ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՈՒՄ

Հայ ժողովրդական մի հեքիաթ կա: Ամուսինը կնոջ համար նոր զգեստ է գնում: Հաջորդ օրը անհամբեր տուն է գալիս, որ կնոջը հին, պատառոտված շորերի փոխարեն նորզգեստով տեսնի: Կինը բարձր տրամադրությամբ, բայց նույն հին հագուստով է դիմավորումամուսնուն:
- Բա նոր շորդ ո՞ւր է,- հիասթափված հարցնում է ամուսինը:
- Չե՞ս տեսնում, հինս նորով տեղ-տեղ կարկատել եմ:
Դիպուկ հեքիաթ է և, որ ցավալի է, արդիականությունը չկորցրած:
 
Վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում շատ բան փոխվեց, բայց նոր հասարակության նոր անդամի ծնունդն այդպես էլ չկայացավ: Չկայացավ, որովհետև մենք այդ խնդիրը չկարևորեցինք, շարունակեցինք յոլա գնալ, հարմարվելով մեր գլուխը պահել ու, գոհ թե դժգոհ, մի կերպ ապրել: Սակայն ամենավտանգավորն այն է, որ այդպես էլ մեծացնում ենք մեր երեխաներին:
Անընդհատ խոսում ենք կրթության բնագավառում համակարգային բարեփոխումների մասին, բայց նույն կարկատանի պատմությունն է դուրս գալիս:
Ստացվում է, որ բարեփոխում կոչվածը հենքից զուրկ կառուցվածքային փոփոխություն է, որ մեզանում ամբողջական բովանդակային փոփոխություններ չեն էլ նախատեսվում:
Նախ` կրթության այսպես կոչված բարեփոխումները բուհից սկսվեցին: Դրանից բուհական կրթության մակարդակը չլավացավ. դա է ապացուցում բուհերում իրականացվող կրթությունն ու կրթական մակարդակը:
Այնինչ ամբողջական կրթական հայեցակարգ պիտի մշակեինք, համակարգ-ծրագիր կազմեինք, հստակ հիմնախնդիրներ դնեինք, նախանշեինք դրանց լուծման ճանապարհներն ու քայլ առ քայլ իրագործեինք դրանք` լուրջ աշխատանք սկսելով նախակրթարաններում: Այո՛, սկսեինք մարդու (երեխայի) ձևավորման, կայացման, զարգացման ամենակարևոր շրջանից` 4-6 տարեկանից:

Թե չէ, այս տարիքում անազատ մեծացած, այնուհետև կիսատոտալիտար դպրոց անցած մարդը չի կարող ինքնուրույն, ինքնակրթվող, զարգացող, ազատ մտածող ու գործող լինել:
Մոռանում ենք, որ մարդուն ստրուկ դարձնելը հեշտ է, այդ ստրուկը հետո նրա միջից հանելը՝ շատ դժվար, եթե ոչ անհնար:
Ի՞նչ ենք արել մենք: Իբր բուհական կրթության հարցը լուծել ենք, հիմա էլ հրապարակել ենք հանրակրթության չափորոշիչները, բայց դրանց ապահովումը բացառող դասագրքեր ենք ստեղծում, մեթոդներ կիրառում և որպես շարունակություն` դեռ ուզում ենք, որ այդ դպրոցն անցած քաղաքացին գրագետ մտածող, նախաձեռնող, ինքնուրույն լինի, կարողանա արժանապատիվ ապրել: Մենք մեր միջի ծույլին, ստրուկին չենք հանել, համառորեն չենք ուզում փոխվել և մեզանից գոհ` ուզում ենք մեր նմանին վերարտադրել, հարահոսն էլ գործի ենք դրել հենց նախակրթարանից կամ մանկապարտեզից, ինչպես կուզեք` անվանեք: Նախարարությունը դրանք հանձնել է համայնքներին (և՛ գլխից է ազատվել, և՛ գլխացավից), վերջիններս էլ, որպես «ճիտին պարտք», դրանք յոլա են տանում` ընդամենը հացի խնդիր լուծելով: Ու շարունակվում է երկար տարիների անպտուղ, վնասակար գործը: Կա՛մ գիտակցաբար խուսափում ենք իրական կրթական խնդիրներ լուծելուց, կա՛մ շատ ենք միամիտ ու չենք գիտակցում, որ ամեն ինչ սկզբից` նախակրթարանից պետք է սկսել` առանց կար ու կարկատանի, հիմնավոր, գիտակցված ու պատճառաբանված:

Իսկ իրականությունն այն է, որ մանկապարտեզում աթոռին գամված երեխան շարունակում է մնալ դաստիարակի, դայակի և մնացած մեծերի գերին, խամաճիկը: Այստեղ երբեմն բարքերն ավելի խիստ են, քան դպրոցում, իզուր է երեխայի իրավունքների, ազատ գործունեությամբ զարգացման, առողջության պահպանման, ինքնադրսևորման, ինքնարտահայտման, անհատականության ձևավորման, ճաշակի զարգացման և նման այլ կարևոր բաների մասին խոսելը: Երեխայի զարգացման ամենակարևոր շրջանը վերածել ենք խիստ ռեժիմով կարգավորվող անիմաստ սերտման (դա էլ լավագույն դեպքում). գտել ենք մեզ` մեծերիս համար ամենահեշտ ձևը, իսկ թե վաղն այդ երեխան ինչ հասարակություն է ձևավորելու, ինչպես է ապրելու այդ հասարակության մեջ, մեզ քիչ է հետաքրքրում: Կարևորն այն է, որ նա մի երկու բառ անգլերենից կապկի, մի քանի բառ` ռուսերենից, կասակածելի ճաշակի մի երկու երգ ու ոտանավոր իմանա, որ մեծերի ամբիցիաները բավարարված լինեն: Շատ քիչ մանկապարտեզներ կան, որտեղ ծրագրային լուրջ խնդիրներ են լուծվում, մանկավարժական լուրջ քաղաքականություն է իրականացվում: Ամեն մեկն անում է այն, ինչ կարողանում է: Չգիտես` ինչու, բոլորին այս վիճակը ձեռք է տալիս, ոչ ոք ոչինչ չի ուզում փոխել, նույնիսկ` ծնողը:

Փորձեք պարզել` ինչ ծրագիր է իրականացվում, ինչ խնդիրներ են դրված նախակրթարանների գործունեության հիմքում, ով և ինչով է օգնում դաստիարակին իր աշխատանքը կազմակերպելու, կատարելագործելու, ինքնակրթությամբ զբաղվելու հարցում, ինչ նյութ, միջոցներ, գրականություն ունի ձեռքի տակ, ինչ սեմինարների, քննարկումների, վերապատրաստումների է մասնակցել, ինչպես է կատարելագործվում, ինչ մանկավարժական նոր տեխնոլոգիաներ է իրագործում իր գործունեության ընթացքում: Լավագույն դեպքում 50-60-ական թվականներին կազմված հին, անճաշակ ժողովածուներ են, ֆիդայական կամ անհասկանալի ու անորակ, սարքովի երգեր, այն էլ` սեփական նախաձեռնությամբ այստեղ-այնտեղից ճարած: Վարիչներին դարձրել ենք տնտեսվար-վարչարարներ, որոնք համակերպվել են իրավիճակին` մոռանալով մանկավարժական լուրջ գործունեության, հետազոտական աշխատանքի, դաստիարակի զարգացման, կատարելագործման իրենց պարտականության մասին (թեև նրանցից շատերը բավականին ունակ, խելացի մարդիկ են): Հարցրեք վարիչներին` ինչ մանկավարժական գրականություն են կարդացել վերջին անգամ, էլ չենք խոսում մասնագիտական զարգացման նպատակով երբ են ինտերնետ մտել, նյութ հայթայթել իրենց և իրենց աշխատողների, սաների համար: Չինովնիկները սեփականաշնորհել են «դաշտը» և թելադրում են չկարդացողի, ոչինչ չանողի իրենց կամքը, մենք էլ ծնողով, դաստիարակով, վարիչով դարձել ենք նրանց կամակատարները: Գուցե սա է նրանց ինքնագոհության պատճառը. ես եմ որ կամ, մնացածներդ պիտի պարեք իմ դուդուկի տակ: Վայն եկել է տարել այն վարիչին, որ կփորձի ինքնուրույն ինչ-որ բան անել, ինչ-որ բան փոխել հանճարեղորեն չաշխատող համակարգում. գլխից ձեռ է քաշե՞լ:
Հիմա շատերը կքմծիծաղեն` ջուրն եկել է, ջաղացը տարել, սա չախչախի լացն է լացում: Մոռանում ենք, որ եթե այսպես շարունակվի, մենք էլի մնալու ենք նույն կոտրած տաշտակի առջև։ Այսինքն` ի՞նչ, խեղճ, անազատ, կրավորական երեխան չի՞ անհանգստացնում, վախեցնում մեզ, շարունակո՞ւմ ենք խեղճերի հասարակություն աճեցնել ու զարմանալ, թե ինչու մեզ չեն հարգում:
Երբ փորձում ես հասկանալ, պարզվում է, որ խնդիրն այնքան էլ ֆինանսը չէ. ցանկության հարց է (գուցե մի քիչ էլ համարձակության, չգիտեմ):
Որ ծնողը, հասարակությունը պատրաստ է կրթության համակարգային, բովանդակային լուրջ փոփոխությունների, ցույց է տալիս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող փորձը: Այստեղ արդեն 4 տարի է մշակվում և իրագործվում է նախադպրոցականի զարգացման հանրապետական ծրագիրը` «Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում»: Ամեն ինչ սկսվել է զրոյից, հիմա կրթահամալիրի նախակրթարաններում գործում է ութ նախադպրոցական խումբ, սաների թիվը անընդհատ մեծանում է: Նախակրթարանների սաները մեր ծրագիրն ընտրած ծնողների երեխաներն են: Ծրագրին ծանոթ ծնողը ոչ միայն մեր պատվիրատուն է, այլև գործընկերն ու աջակիցը, և առանց նրա հետ համագործակցության դժվար է պատկերացնել մեր նախակրթարանները: Այսինքն` ծնողը նախընտրում է երեխայի ազատ գործունեությամբ բնական զարգացումը, պատրաստ է հրաժարվելու հնացած մեթոդներից, բայց չկա այն միջավայրը, որտեղ իր երեխան բազմազան գործունեության և դրա արդյունքում իրական զարգացման հնարավորություն կունենա:
Վստահ եմ, որ շատերն են մտահոգ, շատերն են այսպես մտածում: Դրանում համոզվեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում «Հանրակրթական դպրոցում նախապատրաստական ուսուցում» ծրագրով իրականացվող վերապատրաստումների ժամանակ դաստիարակների և վարիչների հետ շփումների ընթացքում:
Խոսքս ավարտված չեմ համարում. գիտեմ, որ այս թեմայով շատերն ասելիք ու անելիք ունեն` սկսած ծնողից ու վարիչից մինչև թերթ ու հեռուստաընկերություն:
Հրավիրում եմ բաց քննարկման` ինչ է պետք նախակրթարանին (մանկապարտեզին) վաղվա ազատ, արժանապատիվ և արժանավայել քաղաքացի մեծացնելու համար:
Մեզ կարող եք դիմել, գրել, զանգել, այցելել:
Հ/Ա զանգված, Բաբաջանյան 25
lեռախոս` 74.41.80, 73.53.30
URL: www.mskh.am
E-mail: [email protected] mail.ru

???????@Mail.ru © «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, 2007թ.