Վադուլ լուի Վոդեի դասերը (հայկական իրականություն վերադառնալիս)

Հիմք ընդունելով մեր թիմի ներքին աշխատաբաժանումը՝ ես կձևակերպեմ և համառոտակի կմեկնաբանեմ այն դասերը, որոնք ակնհայտ էին միջազգային պատանեկան խաղաղության ճամբարի գործունեության ողջ ընթացքում: Հուսով եմ, որ իմ շարադրանքը կամ գոնե նրա որոշ հատվածներ օգտակար կլինեն այն գործընկերներիս և սովորողներին, որոնք կմասնակցեն այլ միջազգային ճամբարների, իսկ վերջիններիս թիվը կբազմապատկվի: Դրանում ես ավելի քան համոզված եմ: Հարկ եմ համարում ընդգծել, որ դասերի հերթականությունը կարևորության աստիճանակարգում չի ենթադրում:

Դաս առաջին. կաղապարների կոտրում և կանխակալ կարծիքների վերանայում

Մեր դեպքում խոսքը հիմնականում էթնոսոցիալական կաղապարների, այդ թվում՝ սեփական անձի էթնիկական ինքնագնահատականի, և այլ էթնոսների ու նրանց ներկայացուցիչների մասին ձևավորված, հաճախ՝ իրականության հետ քիչ աղերսներ ունեցող, կարծիքների մասին է: Բնական է, որ պատանիներն անհատի բնութագրի (հատկապես՝ դրական) հարացույցը ենթագիտակցաբար ձգտում են տարածել նրա էթնիկական ամբողջականության՝ ժողովրդի կամ ազգի վրա:

Մենք Մոլդովայից վերադառնում ենք այլ էթնոսների և ռասաների հետ համագործակցելու լիցքով: Չնայած նոր կաղապարների, թեկուզ՝ դրական բովանդակությամբ, ձևավորման վտանգ կա, բայց անձնավորված տեղեկույթի բազմաբնությանությունը ճկուն, իրատեսական, իմացական և լավատեսական մտահամակարգի ամրակայման բարձր հավանականության դաշտ է ստեղծում:

Դաս երկրորդ. նախապատրաստական շրջանը կարևոր է նաև թիմի ձևավորման տեսանկյունից

Նախապատրաստական շրջանը երկու հիմնական բաղկացուցիչ ունի՝ բովանդակային և թիմի ձևավորում: Բովանդակային նախապատրաստությունն իր հերթին երկու համաժամանակյա փուլերից է բաղկացած՝ անհատական և թիմային: Այս շրջանին հակացուցված են և՛ «ափալ-թափալի» մարտավարությունը, և՛ մակերեսայնությունը («խնայող» մարտավարություն), և՛ գերբեռնվածությունը («համապիտանի» մարտավարություն): Իմ կարծիքով միջազգային ճամբարների նախապատրաստության փուլի արդյունավետ տևողությունը երեքից վեց ամիս է (նշված են ներքին և վերին սահմանագծերը):

Մենք գնացինք Մոլդովա որպես ճամբարական թիմ և վերադառնում ենք որպես ԹԻՄ, որը շատերին դեռ անակնկալներ կմատուցի, իհարկե, քանակի և որակի կաղապարները հաղթահարելով:

Դաս երրորդ. լեզուների իմացության և իմացության անընդհատ կատարելագործման անհրաժեշտության գիտակցում

Վադուլ լուի Վոդեի միջազգային ճամբարի աշխատանքային լեզուն անգլերենն էր, բայց միջանձնային և միջխմբային շփումների զգալի մասը ռուսերեն էր: Այսինքն՝ մեր թիմի յուրաքանչյուր անդամ (բացի ինձնից) մեկ շաբաթ և յուրաքանչյուր պահի եռալեզու էր և ոչ միայն խոսքով, այլ նաև մտածողությամբ, որովհետև արագ համոզվեցինք, որ օտար լեզվով արդյունավետ հաղորդակցվելու կարևորագույն գործոնն այդ լեզվով մտածելն է: Զարմանալի չէ, որ օտար լեզվի իմացության կատարելագործումը դարձավ ներքին հրամայական պահանջ:

Ավելին՝ նոր լեզուներ սովորելու ձգտումը դարձավ գործնական և փոխօգնության նոր հարթակ:

Դաս չորրորդ. ինքնաճանաչողություն էքստրեմալ պայմաններում

Հայկական իրականություն կրողներս բախվել և ներդաշնակվում էինք չորս այլ իրականություններ կրողների հետ: Այդ բախում – ներդաշնակեցում դիալեկտիկական համադաշտը ծնեց նոր՝ ճամբարային իրականություն: Բայց վերջին իրականության ներսում չէին անէացել մյուս իրականությունները, և շարունակվում էին նրանց զույգային հաղորդակցությունները: Ես այս բազմաշերտ իրականությունը համարում եմ էքստրեմալ, որի ներսում ինքնաճանաչողությունն արագացում է ստանում համաձայն սոցիալ-հոգեբանական որոշ հիմնադրույթների:

Ուրախությամբ արձանագրում եմ, որ մեր թիմի անդամների ինքնաճանաչողության անկյունաքարը զարգացնող իրատեսությունն է:

Դաս հինգերորդ. սոցիալական ակտիվացում և ձեռք բերվածը զարգացնելու ուղիների որոնում

Սոցիալական ակտիվությունը ճամբարում, առավել ևս՝ միջազգային, անխուսափելի և դրվատելի երևույթ է: Անհրաժեշտ է նախապատրաստական փուլում պարզել ապագա ճամբարականների սոցիալական հաղորդակցության առկա մակարդակը և իրական ներուժը, դրական լիդերության կամ ակտիվ համագործակցության հմտությունները, նվազագույնը՝ ժամանակ ունենալ զարգացնելու համապատասխան կարողությունները: Իսկ ճամբարային գործունեության ավարտից հետո ծագում է սոցիալական ակտիվության մակարդակը գոնե պահպանելու հիմնախնդիրը, որի լուծման ուղիների որոնումը մանկավարժական խնդիր է:

Մեր թիմն այդ հիմնախնդրի լուծման գործնական քայլերին կանդրադառնա մեկ ամիս անց:

Եվ այս խոսքիս ավարտին եկեք վերհիշենք Անանուն Իմաստասերի ասույթներից մեկը՝ «Կարոտը հոգու և մտքի բուռն կրքի միջնեկ զավակն է»:

Վադուլ լուի Վոդե–Քիշնև-Մոսկվա–Երևան
24-25.08.2019

Հետգրություն 1։ Վերոշարադրյալ տեքստի մեծագույն մասը գրվել է ինքնաթիռներում:
Հետգրություն 2։ Ճամբարական կյանքի զգացմունքային բաղկացուցիչն իր արտահայտությունն է գտել նաև իմ նոր բանաստեղծություններում և առակախնդրում:

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский