Խաղաղության երիտասարդ դեսպանները

Միջազգային ճամբարի մասնակցության հաշվետվություն։

Նախաբան
Ինչպես իմ կրտսեր ընկերները, ես ևս գիշերը չկարողացա քնել. մտածում էի գալիք անելիքների մասին:
Օդանավակայանում հանդիպեցինք առավոտյան 6:00-ին: Բոլորն արդեն տեղում էին՝ անհամբեր, նոր արկածների սպասումով, հուզված:

Ծնողները մի քանի խորհրդից հետո ամուր գրկեցին իրենց՝ չբացահայտված վառ անհատականություն երեխաներին, ու մենք՝ 5 սովորող, ես, պարոն Տիգրանյանն ու մեզ սիրելի դարձած Արմեն Ստեփանյանը ճամփա ընկանք, դառնալով մի ընտանիք, որտեղ չկար գլխավոր կամ երկրորդական անձ:
Օդանավում ենք… իրականություն իջնելու ցանկությունը հավասարվում է զրոյի, ոչ մի անհանգստություն…

Մինչև Քիշինև հասնելը կանգառ ունենիք ՌԴ-ի Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում. այստեղ ունեինք 6 ժամ հանգստի ու պատրաստվելու համար: Այդ ժամերն օգտագործեցինք ըստ արժանվույն: Սպասելը ամենադժվարն էր, բայց նրանց (սովորողների) հետ, ժամերը այնքան արագ են անցնում:

Մոլդովայում, Քիշինևի օդանավակայանում մեզ դիմավորեց Սանդան (Ալեքսանդրա): Սանդայի, ինչպես նաև Դանիայի պատվիրակության հետ ուղևորվեցինք Մոլդովական գեղեցիկ քաղաքներից մեկը`Վադուլ լույ Վոդե՝ Նիկոլայի հյուրատուն (Nika House): Բարի ու մշտապես արժեքավոր խորհուրդներ տվող Նիկան մեզ հյուրընկալեց իր փոքրիկ, բայց հեքիաթային հյուրատանը, որտեղ մի քանի սենյակներ էին և հիանալի այգի: Քիչ ուշ մեզ միացան Ուկրաինայի և Վրաստանի խմբերը:

Ճամբարը

Youth peace ambassadors for peace in the Eastern Europe & Caucasus
Empowering youth in Armenia, Georgia, Moldova und Ukraine to become peace ambassadors…

Հրաշալի սկիզբ բոլոր շարունակությունների համար:

«Խաղաղության երիտասարդ դեսպաներ, Խաչվող սահմաններ» կազմակերպությունը ստեղծվել է դեռևս 1999 թվականին, Գարբայի կողմից:

Նրատակը՝ 

  • կոնֆլիկտների լուծման տոլերանտ և խաղաղ թրեյնինգներ
  • հավասարություն
  • ընկերություն
  • միջմշակութային կապերի հաստատում

Կազմակերպությունն աշխատում է 14-20 տարեկան երիտասարդների հետ մոտ 20 երկրներից:

Օր առաջին

Ժամանման օրը` երեկոյան, Գարբան և դանիայի ներկայացուցիչ Տատյանան, ում հետ առիթ ունեցա սենյակակից լինելու, ներկայացրին ճամբարը, գործառույթները… Սակայն ոչ մի ծանոթություն, որը զարմանալի էր… ընթրիք ու խորը, հանգիստ քուն...

Օր երկրորդ։ Ծանոթություն

Մեր օրը սկսվում էր 8:30-ի նախաճաշով, իսկ 9:30 առաջին պարապմունքն էր: Երկրորդ օրը ամբողջովին նվիրված էր ինքնաճանաչմանն ու ծանթություններին: Երիտասարդ ճամբարականները միմյանց ծանոթացան 4 մակարդակներով:

  1. Առաջնային ծանոթություն՝ անուն-ազգանուն, ազգություն, ճամբար գալու նպատակը։
  2. Ինտերակտիվ ծանոթություն
    Ճամբարականները ծանոթանում էին միմյանց հետ բաց դաշտում, թղթերի վրա գրում էին իրենց անունները, այնուհետև մոտենում էին իրենց հետաքրքիր անձանց ու 3 հարցերի միջոցով ավելի լավ ճանաչում նրան, այնուհետև գրում էին նոր ծանոթի անունը իրենց թղթի վրա, ինչպես խաչբառում:
  3. Հիշողությամբ ծանոթություն
    Շրջան կազմելով՝ յուրաքանչյուրը արտաբերում էր այն մարդու անունը, ում հետ ծանոթությունը ավելի էր տպավորվել, և պատմում էր իր տված երեք հարցերի մասին: Այսպիսով բացի իր ընկերներից, յուրաքանչյուրը արդեն հիշում էր 3 այլ ճամբարականի: Ցանցային բնույթ ունեցող այս ծանոթությունը շատ արդյունավետ գործեց:
  4. Ընդհանուր հավաք, ծանոթություն կազմակերպիչների հետ
    Մեծ հավաքները տեղի էին ունենում ընդհանուր դահլիճում, խաղաղ, մտերմիկ միջավայրում, չպարտավորեցնող խոսքով:
    Այս փուլում ծանոթանում էինք տրամադրելով ավելի խորքային տեղեկություններ: Օրվա վերջում բոլորը ճանաչում էին բոլորին:

Օր երրրորդ։ Խաղաղություն

Օրը սկսեց Գարբան՝ խաղաղության մասին վարժանքով: Ինչն էր հետաքրքիր ճամբարում՝ որ ոչինչ չէր ասվում ուղիղ բացատրության միջոցով: Ճամբարականները ծանոթանում էին որոշակի իրավիճակի և գալիս էին հարկավոր գիտակցության մակարդակին, քանի որ համարվում էր, որ իմաստությունը գալիս է ոչ թե իմացական, այլ պրակտիկ գիտելիքից:

Հետաքրքիր փորձով սկսեց Գարբան իր սեմինարը։ Ճամբարականների բաժանվեցին թղթեր, որոնք սիմվոլիկ թշնամիներ էին։ Գարբան խնդրեց վարվել այդ «թշնամիների» հետ՝ ինչպես կցանկանան երիտասարդները։ Ոմանք պատռեցին թուղթը, ոմանք հետ շպրտեցին, ոմանք ծալեցին, իսկ ոմանք էլ ոչինչ չարեցին։

Բոլոր գործողություններից հետո Գարբան խնդրեց բացել թղթերը և հնարավորինս հարթեցնել դրանք:
Սիրելի ընթեցող, չեմ ցանկանում մեկնաբանել փորձի իմաստը, թողնում, որպեսզի մտածես հենց դու:

Օրվա երկրորդ հատվածի պարապմունքները կազմակերպեցին Ուկրաինայի ներկայացուցիչները: Գարբայի հետ մի փոքրիկ ներկայացում էին կազմակերպել: Ներկայացումը ևս ինտերակտիվ էր. ներկայացնում էր ՄԱՐԴ-ՄԱՐԴ հարաբերություններում հավասարությունը և առաջնային ընկալման սխալականությունը: Ճամբարականները, իրոք, տպավորված էին փորձից։

Փորձի նկարագրություն

Ներկայացված էր հատուկ իրավիճակ։
Առաջին փուլում չի բացատրվում ոչ մի բան, ուղղակի երեխաներին ուղեկցում են սենյակ և մի մասի հանդեպ կիրառում առաջին հայացքից խտրական թվացող վերաբերմունք:
Չկար վերբալ խոսք, ամեն ինչ արվում էր ձայնային հրահանգների միջոցով կամ ուղիղ հայացքով, բայց լուռ:
Ճամբարականներին թվաց, որ խոսքը մարդկանց թույլ հատվածի նկատմամբ խտրականության մասին է, քանի որ մի մասին չէին թողնում, որ նստեին աթոռներին, իսկ աղջիկներին ստիպեցին հանել իրենց կոշիկները:
Հետո Գարբան և ուկրաինուհիները բացատրեցին կատարվածի բուն բացատրությունը:

Արդյունքում՝ առաջին կարծիքը լրիվ տարբերվում էր իրականությունից։ 

Փորձի նպատակը

  • Հասկացնել, որ պետք չէ յուրաքանչյուր իրավիճակ գնահատել միակողմանի կամ աֆեկտի ազդեցության տակ:
  • Իրավիճակը գնահատելու համար պետք է դիտարկել բոլոր անկյունները։
  • Սխալ բացատրությունը կարող է բերել կոնֆլիկտների։
  • Կոնֆլիկտից խուսափելու համար պետք է հաշվի առնել մշակութային առանձնահատկոթյունները։

Սովորելու համար երբեք ուշ չէ…

Հաջորդը Հայաստանն էր ներկայանալու:

«Հաղորդակցությունը որպես կոնֆլինտների հաղթահարման գործիք» սեմինարը ներկայացնում էր Արմեն Ստեփանյանը։ Ճամբարականները բաժանվեցին սկզբում երկու խմբերի և յուրաքանչյուրը ներկայացնում էին՝

  • Հաղորդակցությունը հաջողելու գործիքներ
  • Հաղորդակցությունը ձախողելու գործիքներ։

Հետաքրքիր պաստառներ էին պատրաստել երեխաները:

Երկրորդ փուլում բաժանվեցին 4 խմբի և ներկայացրին մտածված կամ գոյություն ունեցող կոնֆլիկտներ և դրանց խաղաղ լուծելու այլընտրանքային եղանակները: Արմենի սեմինարը ստացված էր: Սովորողները մեծ հետաքրքրությամբ, ավելի կատարյալ, քան քաղաքական շատ գործիչներ, ներկայացրին իրենց նախագծերը:

Օր չորրորդ։ Միջմշակութային երեկո

Օրը սկսեցինք Վրաստանի ներկայացուցիչների սեմինարով, սակայն ավելի սպասում էինք երեկոյին, երբ պետք է ներկայացնեինք մեր երկրների՝ 

  • պատմություն
  • մշակույթ
  • պար, երգ
  • խոհանոց
  • հրաշալիքներ
  • իսկ դրանից հետո՝ ազգային արտադրանք և խոհանոցային առանձնահատկություններ։

Երեկոյին պատրաստվում էինք դեռևս դպրոցում, մեկ ամիս առաջ։ Այդ օրը առանձնահատուկ լարված էինք, քանի որ մեծ պարտավորվածություն կար մեր ուսերին:
Առաջինը Հայաստանի հերթն էր: Սիրելի ընթերցող, կցանկանայի, որ տեսնեիր մեր ելույթը՝ «Իշխանաց պար», Կոմիտաս, Սասունցի Դավիթ, հայկական ժառանգություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում… այնքան բան ունեինք ներկայացնելու… Վերջում խաղացինք բառախաղ, որից հետո կանգնել և վայելում էինք մեզ բաժին հասած ծափահարությունները…

Լսեցինք և խաղացինք բոլոր երկրների ներկայացուցիչների հետ: Ստացանք մրցանակ-նվերներ:

Եկավ սեղանիկը ներկայացնելու ժամը… Այստեղ էլ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի Մուրադի կեցվածքով կանգնել էինք, քանի որ ոչ մեկը հեռու չէր գնում մեր սեղանից, անգամ վրացական պանիրը փորձում էին մեր լավաշով. սա էլ ձեզ միջմշակութային հարաբերություններ:

ՕՐ չորրորդ։ Հին Օրհեի և Քիշինև

Առավոտյան ժամը 10-ին շարժվեցինք Վոդեյից և ուղևորվեցինք դեպի Հին Օրհեի, որտեղ մոլդովական մշակույթը կարծես խտացել էր. տունը, եկեղեցին, հագուստը, խոհանոցն ու բնությունը՝ մեկ վայրում: Գեղեցիկ բնություն ունի Մոլդովան, իզուր չի համարվում Եվրոպայի կանաչ անկյուններից մեկը:

Օրհեից հետո հյուրընկալվեցինք մոլդովական ազգային ուտեստների պանդոկում, որտեղ համտեսեցինք գրեթե բոլոր ճաշատեսակերը, որոնք հատուկ են երկրին, լսեցինք ու պարեցինք, նաև մասնակցեցինք ազգային երգերին, խաղերին… Այստեղ էլ հայկականը կար. Իլոնան և Մերին պարեցնում էին բոլորին մոլդովական երաժշտության տակ, հայկական շարժումներով… Հետաքրքիր օր էր:

Հետո ծանոթացանք Քիշինևին, բայց այստեղ էլ հետաքրքիր վարժանք կար: Սանդան ճամբարականներին բաժանեց մի քանի խմբի և տվեց 10 հարցից բաղկացած հարցաթերթիկ, որին կարելի էր պատասխանել միայն քաղաքացիների և քաղաքում թափառումների միջոցով: Մի քանի ժամ ճամբարականները խմբերով շրջում և ծանոթանում էին քաղաքին, պատասխանում հարցերին, տեսանյութեր ստեղծում:

Ճամբար վերադառնալուց հետո ներկայացրին իրենց աշխատանքները ամենայն լրջությամբ: Հետաքրքիր էր տեսնել, թե ինչ խորությամբ էին մոտեցել այդ խնդրին:
Շատ հոգնած էինք, օրվա ավարտը նույնիսկ չեմ մտաբերում….

Օր հինգերորդ։ Հրաժեշտ

Առավոտը սկսվեց հերթական փորձով. մինչ տեսանյութը դիտելը մի քանի բառով ներկայացնեմ փորձը։

Թելերի խումբ, որը ուներ կենտրոնական մեկ հանգույց, կապած պահում էր գրիչ։
Ճամբարականները շրջանաձև կանգնած էին և բռնել էին թելերի ծայրերը։ Առաջադրանքն էր առանց կքանստելու, առանց առաջ գնալու և առանց անուղղակի օգնության՝ գրիչը միահամուռ կազմակերպվածությամբ դնել բաժակի մեջ: Իհարկե, հեշտությամբ կատարեցին առաջադրանքը:

Երկրորդ փուլ։ Թելերը բռնում էին բերանով և չունեին խոսելու հնարավորություն, այսինքն՝ պետք է առաջնորդվեին միայն հայացքներով և հասկանային միմյանց: Առաջադրանքը ևս կատարվեց, փոքր ինչ ուշ: Սա նշանակում է, որ խումբը հասել էր այն մակարդակին, երբ կարող էր համագործակցել միմիայն հայացքներով:

Երրորդ փուլ։ Բոլորը փակում էին աչքերը, միայն մեկի աչքերն էր բաց, որն էլ ուղղորդում էր մյուսներին, թե ինչ անեն, որպեսզի գրիչը մտցնեին այս անգամ շշի նեղ անցքի մեջ: Մի քանի հոգի փորձեցին և շատ շուտ եկան արդյունքի: Ընթացքում ոչ ոք չէր բացում աչքերը: Ի՛նչն էր իմաստը. խումբը, առանց տեսնելու վստահում է իր յուրաքանչյուր անդամի: Հիանալի փորձ՝ հիանալի իմաստով:

Երեկոյան հրաժեշտի խնջույքն էր, որը կազմակերպել էր Նարեկի և ընկերների խումբը: Հուզիչ և ուրախ երեկո էր. գիշերը ճանապարհեցինք Ուկրաինայի, Դանիայի և Վրաստանի խմբերին:

Առավոտյան մենք վերադարձի ճանապարհին էինք: Փոքր ինչ շրջեցինք քաղաքում և ահա տանն ենք….

Հուսով եմ ճամբարային փորձը և մեթոդաբանությունը տարվա ընթացքում շատ պետք կգա բոլորիս: Առաջիկայում սպասվում է կլոր սեղան, ներկայացում բոլոր օրերի:

Համար: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский