Չի լինում, չի լինում․․․

«Չի լինում, չի լինում, մի փոթիտ տեղայա լինում։ Էս տեղան ավտոբուս է նստում ու գնում մոլորատ»։ Էսպես է սկսում Վանն իր հեքիաթը, պատմում է քույրիկի ու մայրիկի համար, հորինում է, երևակայում։ Երևի Վանն իր մտքով Ռոդարիի մոլորակ է գնացել ավտոբուսով։ Ինչպես փոքրիկ իշխանը, այնպես էլ Վանն ունի ընկեր՝ քույրիկը, ում համար սիրով ընթերցում է։

Ամեն ինչ սկսվեց մի գրքի պատառոտած էջից․․․Հա՛ քաշեցին, քաշքշեցին․․․Որպեսզի վեճ չառաջանա, պայմանավորվեցինք քնի ժամին հերթով պատմել։

Թո՛ւյլ տուր երեխային ինքնակազմակերպվել, և նա քեզ ցույց կտա իր կարողությունների աներևակայելի պաշարը։ Տեսեք, թե ինչ ոգևորությամբ ու խաղով են կարդում՝ գիրքը դրել են ծնկներին, թերթերն այս ու այն կողմ են անում, փորձում են մտքերը տեղում հավաքել ու ամբողջացնել պատմությունը։ Բա աչքերի փայլն ու դեմքի ողջ մկանային համակարգի ցուցադրած խաղը, խենթանալո՜ւ․․․ Աչքերն արագ-արագ այս ու այն կողմ են սահեցնում, որ հետաքրքիր ընթացք ու կուլմինացիա հաղորդեն հեքիաթին։ «Գնդլիկ-բոքոնիկ» հեքիաթ այցելեցին ծիտն ու մեղուն, արջն ու շունը։ Ա՜յ քեզ հարուստ հեքիաթ։ Հերթով գրքի թերթիկներն անցան բոլոր սաների ձեռքով, հավաքվեցին, ու հեքիաթ-խառնաշփոթը տեղ գտավ նրանց սիրուն մոլորակում։

Պարզ էր հետևյալը՝ նախագիծը զարգացնել է պետք, իսկ ինչո՞ւ այն չտանել տուն, ընտանիք, որպեսզի կարդան ու հորինեն ընտանեկան դպրոցներում։ Ժամանակահատվածը զուգադիպեց իմ ինքնամեկուսացմանը, բայց դե նախագիծն ինքնըստինքյան ձևավորվել և կազմվել էր։ Նոր սաների հետ սկսեցի առաջին քայլը՝ նրանց համար դառնալով դաստիարակ-խորհրդատու։ Ունեցանք առաջին տեսանյութը։ Հեքիաթը Ջոնին էր ներկայացնում։ Անկողնուն նստած, գիշերազգեստը հագին, գրքի թերթերը ուսումնասիրելով՝ ինչ-որ բան էր փնտրում։ Եթե չէր գտնում փնտրածը, հորինում էր։ Անգամ մայրիկն էր զարմացել․ չգիտեր, թե որ հեքիաթից է։ Ջոնին բնավորությամբ քչախոս ու ամաչկոտ է, բայց վստահ պատմում էր, արտահայտում իր մտքերը։

Հակոբի «Պապն ու շաղգամ»-ն էլ հավես է ստացվել։ Շաղգամը հողից հանելու ամբողջ հերթականությունը անխախտ է։ Վճռական է տրամադրված, անհոգնել ներկայացնում է հեքիաթը մինչև վերջ։ Սաներն էլ պարտեզում խաղացին հեքիաթը, մեկը շաղգամն էր, մյուսը՝ պապիկը, երրորդը՝ տատիկը։ Երբ հեքիաթը վերածվում է խաղի, պատկերավոր է դառնում սանի համար։ Այն ավելի է սիրվում, երբ զարգանում է դեպքերի ու դերերի փոփոխությամբ, դառնում հրճվանքի աղբյուր։

Հասմիկի հեքիաթը հարցասեր աղջկա մասին է։ Այն սկսում է կոմիտասյան երգով՝ «Արև, արև, ե՛կ, ե՛կ», ու հնչում են հարցերը՝ էս ի՞նչ ա։ Հասմիկի հարցերը մի նոր հեքիաթի ստեղծման սկիզբ են դառնում։ Իր խենթացնող ձայնային տեմբրով հյուսել է իրիկնային հեքիաթ լացկան պապիկի մասին։ Հեքիաթի ավարտին հանկարծ մի տեղից դուրս է գալիս ժպտուն արևը, ու նորից հեքիաթին միանում է երգը։ Մայրիկ Մարինան անչափ կարևոր էր համարում խմբում տարատարիք սաների շփումը․ այն ուղղակիորեն նպաստել է Հասմիկի խոսքի զարգացմանը (արդեն ձայնավորները երկարացնելով չի խոսում)։

Բանավոր խոսքը լեզվամտածողության հրաշալի խթան է։ Երբ հորինում ես, նորանոր բառեր են ծնվում, մտքի լույսն ավելի պայծառ է վառվում։ Միտքն արթուն է, անդադար պրպտում է, երևակայում, սավառնում։ Բլբլոցները ծնվում են իրար հետևից, շրջում են ու կաթիլ-կաթիլ հավաքվում, վերածվում խաղի։ Խոսքը 2-4 տարեկանների մոտ զարգանում է զրույցի մեջ, զրույցով, ավելի պատկերավոր դառնում խաղի ընթացքում։ Ուսուցիչ-հեքիաթասաց դերախաղով Իլոնան հեքիաթ է պատմում խաղալիքների համար։ Իր գործին պատասխանատու է մոտենում՝ նստեցրել է կենդանիներին ու տիկնիկներին և պատմում է։

Արամն էլ իր հեքիաթով քույրիկին է զբաղեցնում։ Կարմիր գլխարկի պատմությունը կարծես Նանիկին շատ է դուր եկել, իսկ սեբաստացի Աննա Օհանյան մայրիկն էլ օգնողի դերում է․ հուշարարն է կարծես, հարցերով խոսեցնում է Արամին և նրան հնարավորություն տալիս Նանեին ներգրավել խաղի մեջ։ Հա՛, հենց խաղի․ խոսքը զարգանում է խաղով՝ հարցն ու պատասխանը խաղով պատկերավոր դարձնելով։ Նանեն ուշադիր հետևում է եղբոր խոսքին, հետևում պատկերներին ու մտքում իր հեքիաթը հորինում։ Գուցե տզտզալու պատճառն էլ դա՞ է։

Օ՜, ի՜նչ հրաշք տեսարան է Ռոբի տանը՝ գորգին փոքրիկ նորածին Վահագն է, Ռոբն էլ պատրաստվում է հեքիաթ պատմել նրա համար, որ անուշ քուն մտնի։ Սկսում է արջի ու այծի մասին պատումով, մեկ էլ հանկարծ, չգիտես որտեղից, հայտնվում են ոստիկանները։ Կորել են արջը, ծուղրուղուն։ Մե՛կ դարակներում է ման գալիս, մե՛կ խանութում․․․նրանք, արի ու տես, բանտում են։ Բայց կարևորը կամքի, ուժի, խելքի դրսևորումներն են, որոնք Ռոբի հեքիաթի վերջում հաղթում են։ Վերջում կարևոր ընդգծում․ «Հինա քնեց ին ապերը, հաջողություն»։

Ինչքա՜ն կարևոր են հեքիաթները երեխայի համար․․․բա որ սկսում են հորինել ու հեքիաթի կեսից շեղվելով՝ իրենց խոսքն ու միտքը կարևորում, սիրելի հերոսին կամ կենդանուն ավելացնում․ բա չլինի՞ իրենց սրտի ուզածով։ Թո՛ղ հորինեն, խոսեն, գույն տան ամենին, խաղան, հրճվեն, ազգային երգ ու խաղիկ ավելացնեն։ Երբեք ու երբեք չպետք է ընդհատել երեխային, երբ նա խոսում ու երևակայում է։ Նրա համար արևը կարմիր է ու ժպտուն, մոլորակ էլ կհասնի ավտոբուսով։ Թող Ռոդարիի մոլորակն այնքա՜ն հասկանալի լինի․․․

Մանկությունիցս փորձեցի մի հորինած հեքիաթ հիշել, չհաջողվեց։ Մենք չենք ճանաչել Ռոդարիին, նրա խենթ մոլորակի տեղը չենք իմացել։ Չգիտեինք՝ ավտոբուսո՞վ հասնել այնտեղ, թե՞ հրթիռով:

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский