Կենտրոնական Ասիայի մեծ մանկավարժների մանկավարժական հայացքները

Կրթությունը հասարակական  համակարգ է, որն անմիջականորեն մշակում, համախմբում և իրականացնում է մարդկային մշակույթի կանոններ և դրանց միջոցով` մանկավարժի և աշակերտի հարաբերությունների որոշակի համակարգ: Ահա` ինչու  այդքան  կարևոր է ստույգ  սահմանել  այս գործընթացի պատմական արմատները:

Մարդասիրության  գաղափարները վաղուց սնուցում են հայրենի մանկավարժական մշակույթը՝ դառնալով պատմամշակութային ավանդույթ: Այս գաղափարների զարգացման գործում նշանակալից  դեր են խաղացել միջնադարյան, Արևելքի գիտնականների և մտածողների գիտական ​​աշխատանքները:

Ըստ պարսիկ մաթեմատիկ, մեխանիկ և աստղագետ Նասիր ալ-Դին Թուսիի (1201-1274)`  գիտությունը հայտնագործություն է` իրականությունը ճիշտ ներկայացնելու համար, այն մարդու ստեղծագործական մտքի և առողջ մտածողության արդյունք է: Թուսին ընդգծում էր գիտական ​​գիտելիքներն օգտագործելու անհրաժեշտությունը և դրանց  արդյունքները կյանքում:

Մերձավոր և Միջին  Արևելքի միջնադարյան ականավոր գիտնականների համաստեղությունը նշանակալի ներդրում է ունեցել «Աստված  և մարդ», «մարդ և բնություն» հարաբերակցության խնդիրների զարգացման գործում:

«Մարդը, - ասում էր Ահմեդ ալ Բերունին (973-1050),-  երբեք չի օգտվի  արտաքին երկրպագությունից`  առանց գիտելիքների փորձի, առանց սովորելու տարբերակել իրականը ստից»:

Առավել հետևողական և համարձակ են  միջնադարյան Արևելքի մեկ այլ խոշոր գիտական ​​ներկայացուցչի` Աբու Ալի Իբն Սինայի (980-1037) հայացքները: Նա իր  «Հրահանգներ և ցուցումներ» աշխատությունում պնդում է` անհատը, նախքան իրեն մարդ համարելը, պետք է հասկանա, թե ինչի շնորհիվ է մարդ անվանվում: Սովորաբար մտածում են, որ մարդու էությունը նրա մարմինն է, նրա արտաքին օրգանները: Սակայն, գիտնականն ասում է, որ դիտարկումների արդյունքում պարզվել է, որ մարդու էությունն այն է, ինչի շնորհիվ  մարդը դառնում է մարդ․ այդ էությունը մարդու մեջ գլխավոր է դառնում:
Մարդկանց գործունեությունն ու վարքն ուսումնասիրող գիտությունները  նրանք անվանել են գործնական փիլիսոփայություն: Այստեղ ներառված էին քաղաքացիական քաղաքականությունը, բարոյագիտությունը և ընտանեկան կացութաձևը:

Ֆարաբին,  մասնավորապես, վերլուծելով մարդու բնույթը, բազմակողմանի է դիտարկում դրանք՝  կենսաբանական, հոգեֆիզիոլոգիկան, հոգեբանական, և վերջապես հասարակական- քաղաքական տեսանկյունից։ Գիտնականը պնդում էր, որ մարդը բնությունից  օժտված է ունակություններով, որոնց շնորհիվ նրա գործողությունները, հոգեկան դրսևորումները, վարքը կարող են լինել այնպիսին, ինչպիսին պիտի լինեն, անգամ` խեղաթյուրված: Հետևաբար, մարդը կատարում է ոչ միայն լավ, այլև՝ վատ արարքներ:

Ֆարաբին (873–950) իր աշխատություններում բավական արտասովոր կերպով էր մոտենում մարդու խնդրին և նրա  դաստիարակությանը: Հենց այս խնդիրներն էին, որ բարդ էին նրա փիլիսոփայական համակարգում:  Ինչպես  տրամաբանությունը պետք է բացատրի մարդկային ճանաչողության սկզբունքները, այնպես էլ  բարոյագիտությունը  պետք է հաստատի մարդու վարքի հիմնական կանոնները։ Հանրագիտարանների մեծ գիտակը պնդում էր, որ միայն մարդկային բանականությունն է որոշում, թե ինչն է լավ և ինչը` վատ:

Այս մարդասիրական գաղափարների զարգացման գործում նշանակալի ներդրում էր ունեցել Բերունին: Նա պնդում էր, որ առանց գիտական ​​գիտելիքների, մարդը կասկածի տակ է դնում իր էությանը: Գիտությունը կենդանի էակների նկատմամբ մարդու գերազանցությունն է, ինչպես նաև` ողջ կյանքի ընթացքում գոյության սկզբունքը: Ըստ Բերունու՝ մարդու արժեքի հիմնական չափանիշը գործն  է, աշխատանքը:
Սահմանելով գիտական ​​կրթությունը ՝ որպես մտավոր և բարոյական զարգացման կարևորագույն միջոցներից մեկը, արևելյան  գիտնական-հանրագիտականները շատ ժամանակ են նվիրել ուսուցչի բարոյական կերպարի, ուսուցչի և աշակերտի փոխհամագործակցության հարցերին:

Ըստ Ալ-Ֆարաբիի՝ մանկավարժությունը դաստիարակվող մարդու կամքի և ցանկության՝ որոշակի ուղղությամբ համապատասխան միջոցներով և մեթոդներով կառավարելու արվեստ է, իսկ մանկավարժը ղեկավար է, դաստիարակ, ուսուցիչ:

Ալ -Ֆարաբին ասում էր, որ  դաստիարակչական  գործընթացը, որպես կանոն, պետք է կառավարվի, ղեկավարվի փորձառու ուսուցչի կողմից: Նա գրում է. «Ելնելով այն մտքից, թե ինչ է ասվել անհատի տարբեր առանձնահատկությունների մասին, պարզ է դառնում, որ  յուրաքանչյուր մարդու բնորոշ է  ճանաչել երջանկությունը և իմանալ բաներ, որոնք անհրաժեշտ են: Դրա համար պահանջվում է   ուսուցիչ և դաստիարակ: Ոմանք միայն խթանի կարիք ունեն, մյուսները` մանրամասն միջամտության»: Ֆարաբին, իրենց գործին անբարեխիղճ մոտեցողներին, համարում էր  հարգանքի անարժան:

Ֆարաբին մատնանշում էր ուսուցչի և պետության իմաստուն առաջնորդի գործառույթի նմանությունը: Վերջինիս նման ուսուցիչը պետք է լավ հիշողություն ունենա, հիշի այն ամենը, ինչ տեսնում է և լսում, նա պետք է ունենա խորաթափանց միտք, արտահայտիչ խոսք: Ուսուցչի հատուկ որակը պետք է լինի գիտությամբ զբաղվելու սերը, իր գիտելիքներն աշակերտներին  փոխանցելու ցանկությունը ՝ առանց հոգնելու կատարած աշխատանքից: Ուսուցիչը պետք է ունենա բարոյական որակներ, ձեռնպահ մնա սպիրտային խմիչքից, պաշտպանի ճշմարտությունը, ատի սուտն ու անարդարությունը: Պատվի, արդարության և առաքինության հասկացությունները պետք է կարևոր լինեն նրա համար: «Նման մարդը, - նշում էր Ֆարաբին, - ունի մարդկային կատարելության բարձրագույն աստիճան և երջանկության գագաթին է: Այս մարդը հենց այն անձն է, ում հայտնի է ցանկացած գործողություն, որի օգնությամբ  կարող եք երջանկության հասնել»:

Իբն Սինան ավելի շատ ուշադրություն է դարձրել երիտասարդության կրթության և դաստիարակության գործում ուսուցչի դերին: Նա ուսուցչի անհատականության համար մի շարք պահանջներ է ձևակերպում.

1) Ուսուցիչները,  երեխաների հետ աշխատելիս, պետք է չափավորություն պահպանեն։

2) Ուսուցիչը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի, թե ինչպես է աշակերտը կյանքում գործածում սովորածը։

3) Ուսուցման գործընթացում ուսուցիչը  պետք է կիրառի  աշխատանքի տարբեր մեթոդներ և ձևեր։

4) Ուսուցիչը պետք է հաշվի առնի յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունները ​​ և հետաքրքրություն առաջացնի ուսումնական գործընթացում։

Գիտնականն ուսուցչից պահանջում էր, որ նրա մտքերը հասանելի լինեն բոլոր լսողներին: Ըստ գիտնականի՝  յուրաքանչյուր խոսք պետք է ուղեկցվի դիմաշարժությամբ և ժեստերով, քանի որ  այդպիսի եղանակներով ուսուցումը  ավելի մատչելի է, երեխաների մոտ առաջացնում է հուզական անդրադարձ:
Ուսուցչի և աշակերտի փոխհարաբերությունների հարցերի մեկնաբանումը հետաքրքիր է Նասիր ադ-Դին Թուսիի «Հորդոր սովորողին ուսման ճանապարհին» գիտական շարադրանքում: Նա շեշտում է, որ աշակերտը պետք է ապավինի ուսուցչին, քանի որ ուսուցիչը գիտելիք ձեռք բերելու մեծ փորձ ունի, և հենց այդ փորձն էլ հուշում է նրան, թե ում և ինչպիսի գիտելիքներ պետք է առաջարկի: Մարդասեր գիտնականը շեշտում է, որ ուսուցման և դաստիարակության գործում անհրաժեշտ են աշակերտի և ուսուցչի համատեղ ջանքերը: Աշակերտը պետք է ջանքեր գործադրի` հասկանալու և մտապահելու  ուսումնասիրվող նյութերը: Թուսին պնդում էր, որ աշակերտը  պետք է լինի ձգտող, ջանասեր և համառ:

«Սովորողների դաստիարակության մասին»  գիտական աշխատության մեջ  Թուսին ապացուցում էր, որ ուսուցիչը  իր վրա պատասխանատվություն է վերցնում` աշակերտների գիտակցության վրա  ազդելու: Նրա հիմնական խնդիրն է նվաճել աշակերտների համակրանքը և նրանց հավատը:
Թուսին պահանջկոտ էր նաև  ուսուցչի կարողությունների  հարցում: Նա անհրաժեշտ էր համարում  ապացույցների վրա հիմնված փաստարկներով քննարկումների անցկացման կարողությունը, խոսքի կատարելությունը, նյութի շարադրանքի տրամաբանությունը  և գիտական ​​մտահորիզոնի ընդարձակությունը:  «Անթույլատրելի է, - գրել է գիտնականը, - որ ուսուցչի խոսքը չար կամ դաժան լինի: Դասի ժամանակ չզսպվածությունը կարող է վնասել գործին»:

Ուլուգբեկի մանկավարժական գաղափարները սերտորեն կապված են նրա՝ որպես գիտնականի, գործնական աշխատանքի հետ: Նա անհատի բազմակողմանի զարգացման կողմնակիցն էր, հավատում էր մտքի անսահման հնարավորություններին: Զարգացնելով   դաստիարակության կարևորության գաղափարը մարդու կյանքում`  Ուլուգբեկը ընդգծում էր  ուսուցման և դաստիարակության  կարևորությունը, բայց` իմաստունի և հմուտի դաստիարակության: Դասավանդման տարբեր եղանակների և մեթոդների  շարքում Ուլուգբեկը կարևորում էր ուսուցչի կենդանի խոսքը: Նա այն կարծիքին էր, որ ուսուցչի  պատմածը պետք է լինի ամբողջական, հիմնավորված, մատչելի ըմբռնումով և շարադրանքի անբռնազբոսիկությամբ, բայց, միևնույն ժամանակ, գիտական ​​դրույթները պետք է բացահայտվեն խիստ հաջորդականությամբ: Եզրակացությունները պետք է լինեն ամփոփ և համոզիչ: Յուրաքանչյուր դոգմատիկ և սխոլաստիկ շարադրանք մերժվում էր նրա կողմից` համարվելով  վնասակար  և անթույլատրելի:

Հումանիտար մանկավարժական մշակույթի գաղափարների ձևավորմանը նպաստեց Արևելքի խոշորագույն լուսավորչի` Ալիշեր Նավոյի ստեղծագործական և գիտական ​​գործունեությունը: Նրա առաջադեմ գործունեությունը հայրենական մշակույթի բնագավառում  շատ բազմազան է՝ ուզբեկական գրականության հիմնադիր, մտածող, գիտնական, նկարիչ, երաժիշտ, պետական ​​գործիչ: Նավոյի մանկավարժական գաղափարներն առանձնանում են մեծ հումանիզմով: Նրա պատկերացմամբ՝ մարդը աշխարհի ամենաբարձր, ազնվական էակն է, իսկ երեխան այն լուսատուն է, որը լուսավորում է տունը, ուրախություն է բերում ընտանիքին: Սեփական երեխաներին սիրելը բավարար չէ, մարդը պարտավոր է սիրել բոլոր երեխաներին`ապագա սերնդին: Նա նշում էր, որ երեխան չի կարող լավը տարբերել վատից, ուստի մեծ է ուսուցչի դերը, որը բարերար կերպով  կազդի նրա վրա: Տգետ ուսուցիչը մեծ պատուհաս  է դպրոցի համար: Ուսուցիչը պետք է ոչ միայն ունենա կատարյալ գիտելիքներ, այլև՝ օրինակ լինի բոլորի համար:

Ըստ Նավոյի՝ դաստիարակության  նպատակը երիտասարդ սերնդին հետագա ստեղծագործական կյանքին նախապատրաստելն է, որն  անհնար է առանց լավ կրթության, մարդկային լավագույն հատկությունների տիրապետման ու մարդկանց երջանկության համար պայքարի: Նա բոցավառ  կոչեր էր անում երիտասարդներին՝ ուսումնասիրել գիտությունները և զարգացնել բանականությունը: «Գիտելիքն ու իմաստությունը մարդու զարդն են»: Նավոն իսկական մարդու ամենաարժեքավոր հատկություններից մեկը համարում էր աշխատասիրությունը: Նա պնդում էր, որ  աշխատանքը զարդարում է մարդուն, աշխատանքի շնորհիվ մարդը կատարելագործվում է և հասնում որոշակի բարձունքների:

Արևելյան մանկավարժական մտքի հետահայաց վերլուծությունը ցույց է տալիս, որ մանկությունից ձևավորված մարդու ինքնագնահատականը, արժեքներին հասնելը, երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունքը պատմամշակութային մանկավարժական ավանդույթների անկապտելի մասն են:
Մշակութամանկավարժական ավանդույթների զարգացման ուսումնասիրումը, իմաստավորումը օգնում են խորությամբ ըմբռնել  ժամանակակից  խնդիրները: Մանկավարժական գործունեության մեջ մշակույթի միավորող էությունը հասկանալուն մեծապես օգնեց ծանոթությունը պատմամշակութային ավանդույթներին, որոնք մարդու անձը համարում են բարձրագույն արժեք, այդպիսի անձի զարգացումը` որպես նպատակ, իսկ ժողովրդավարական մանկավարժական մշակույթը՝ որպես անհատի իրական գոյության միջոց:

Ռուսերենից թարգմանեց Կարինե Պետրոսյանը

Նյութի աղբյուրն՝ այստեղ։
 

Թարգմանիչ: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский