Լինելով պետական, ստեղծված՝ նպատակային, պետականին այլընտրանք լինելու համար...

Հեղինակ: 

Հատուկ «Դպիր» ամսագրի համար

Կուզեմ այս շարքը իմ գրերի, այս գրից սկսած, կարդա սեբաստացի կրթական համայնքի ամեն մի անդամ՝ սովորող, ծնող, ընտանիքի անդամ, կրթահամալիրի մանկավարժական աշխատող, շրջանավարտ, բարեկամ, գործընկեր, Բլեյան դպրոցի համար ցավող․․․ Կարդացեք ու փոխանցեք, խնդրում եմ։

Երբ ավարտեմ այս  շարքը, շնորհակալությամբ իմաց կանեմ։ Օրեր առաջ՝ սեբաստացի կրթական համայնքի առցանց հավաքին, ընդհանուր լռությամբ-համաձայնությամբ ես ստանձնեցի կրթական  համայնքը ներկայացնողի լիազորությունները՝ ոչ վարչական-ֆինանսական գործառույթներ․․․ Մինչև սեբաստացի համայնքի իրավակազմակերպական ձևավորումը, երբ կգործի կազմակերպությունը իր մարմիններով, մեկը պիտի լինի՞ այս շրջանում, որ  կապավորություն անի․․․ Պայմանով, որ իմ մասնակցությամբ բոլոր հավաք-հանդիպում-քննարկումները բաց-հրապարակային-ճանաչելի լինեն յուրաքանչյուրին․․․ Վատ անուն չէ՝ Բլեյանը սեբաստացի կրթական համայնքի կապավոր․․․ Ձեր առարկությունը սրան, եթե կա, ասեք, լսում եմ:

2003թ․ հերթական բարդ շրջանն էր կրթահամալիրի համար․․․ ՀՀ կառավարությունը մինչ այդ՝ 2001-ին, մի շնչով-հարվածով Ազգային ժողովին ընդունել էր տվել Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին օրենքը ու ըստ օրացույցի՝ բոլոր բնագավառների պետական կազմակերպությունները վերակազմավորում էր ՊՈԱԿ-ների։ Այդպես կառավարության 2002թ. հուլիսի թ. 1392 որոշմամբ մի հարվածով Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական բոլոր հաստատությունները, այդ թվում՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական ձեռնարկությունը, հակառակ մեր կամքի, վերակազմավորվեցին պետական ոչ առևտրային կազմակերպությունների: Մեզանից շատ ջանքեր պահանջվեցին, մինչև կես տարի հետո կառավարությունն իր նոր որոշմամբ տարբերեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալրը, 2003թ. ապրիլին ՀՀ ԿԳՆ հրամանով հաստատվեց փորձարարական-հետազոտական միավորում կրթահամալիրի կանոնադրությունը՝ իր առարկայով, նպատակներով։

ՊՈԱԿ-ների հիմնադիր ՀՀ կառավարությունը կարճ ժամանակում իր ասածն արեց՝ հանրակրթական դպրոցների համատարած անցում պետական ֆինանսավորման բանաձևի՝ սովորողների թվով, մեկ սովորողի համար հաշվարկված-միասնական դրամական հատկացումով: Խտրության բացառության, հավասարության, կառավարելիության աստիճանի ու կազմակերպությունների ներքին ինքնավարության աստիճանի բարձրացման դրոշը պարզած՝ կառավարությունը ստեղծեց նոր կանոնադրությունով ՊՈԱԿ-ներ․․․

Հիշեցնեմ, որ մենք կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորում ենք 1988թ-ից՝ լինելով պետական, ստեղծված՝ նպատակային, պետականին այլընտրանք լինելու:

Երկրագործական աշխատանքներ կրթահամալիրում:
Լուսանկարները` Շուշան Սարդարյանի:

Երբ Հայաստանի Հանրապետության 1990-ից սկսվող նոր համակարգի հաստատումը հնարավորություն տվեց պետական դպրոցի կողքին առաջանալու ոչ պետական՝ մասնավոր դպրոցը՝ իր այսօրվա վիճակով-քարտեզով՝ լավով-վատով-խնդիրներով, մենք մեր հեղինակած մանկավարժության ճանապարհը բռնեցինք որպես հանրային բաց դպրոց-կրթահամալիր, ազատ մարդկանց ընկերակցություն․․․ Օ՜հ, փշոտ է ճանապարհդ, քեզ շատ փորձանք կսպասե․․․ Մենք սա գիտեինք․․․ Բայց մենք 1991-ին անկախ պետություն հռչակած հասարակության հետ անցանք մեր ճանապարհը․․․

Կրթահամալիրի համար հեշտ շրջան չէր: Ես 2001թ-ից,  երկուսուկես տարվա բանտային կյանքի շորշոփը լրիվ չհաղթահարած, կրթահամալիրի խորհրդի նախագահի պաշտոնում փորձում էի օգնել կրթահամալիր փորձարարական-հետազոտական միավորմանը՝ հեղինակային պետական այլընտրանքային մանկավարժության ստեղծող կրթահամալիրի առավելությամբ, անհրաժեշտ կարգավորումներով, ինքնուրույնության-ինքնավարության անհրաժեշտ ազատություններով, կազմակերպչական նպատակներից, խնդիրներից, առարկայից բխող կառուցվածքով, գործունեության ֆինանսավորման լուծումները տեղավորել նոր նորմատիվ դաշտում: Շատ օգնեց Սերգեյ Երիցյանի՝ կրթության և գիտության նախարարի բարյացակամությունը, ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի վճռականությունը՝ հանրապետությունում փորձարարությանը, նորարարական մանկավարժության ծրագրին պետական ֆինանսավորմամբ աջակցելու․․․ 2005թ-ից գտնվեց հանրային դպրոց-կրթահամալիրի ամբողջական ֆինանսավորման ձևը:

2018թ-ի իշխանափոխությունից հետո, երբ հանրային դպրոցը մեր աջակցությամբ գոնե պիտի կրթական  ցանց դառնար՝ որպես այլընտրանք պետական կրթական համակարգին, ինչո՞ւ կրթահամալիրն այսօր ունի հեղինակային մանկավարժության պետական դրամական աջակցության հետ կապված  դժվարություններ: «Դպիրի» այս շարքով սկսում են ենք նաև այս մասին խոսակցությունը:

Կրթահամալիրի կազմում գործող հանրակրթական դպրոց-մասնաճյուղերը ֆինանսավորվում են, ինչպես ՀՀ մյուս ՊՈԱԿ դպրոցները՝ միասնական բանաձևով, որ 2021-ի հունվարի 27-ին հաստատել-թարմացրել է ԿԳՄՍ նախարարը․․․ Միշտ վերջին շնչում ընդունված․․․ Ինչո՞ւ։ Դառնանք պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերով որոշված այն դրամաշնորհային ծրագրերին, որոնք ՀՀ կառավարության սահմանված ժամկետներում և կարգով ընդունվում են. դրանք պահանջվող ճկունություն են հաղորդում և՛ ֆինանսական, և՛ մասնավորապես կրթական համակարգին․․․

Հանրային դպրոցի ստեղծման մեր փորձը, երբ կրթության բոլոր սուբյեկտները գործուն մասնակցություն են ունենում, թե չէ՝ ինչ սուբյեկտ, կրթական համայնքի ընտրությանը արժանացող դպրոցի ստեղծմանը, պահպանմանը, զարգացմանը, արժեքավոր է այլոց ուշադրությանն արժանանալու համար: Մասնակցությունը և՛ մասնագիտական է, և՛ դրամական՝ որպես հարյուրավորների համեստ, բայց կոնկրետ, պարբերական ներդրում:

Լսեք․ ՀՀ կառավարությունը՝ որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր, ունի ՀՀ օրենքով պարտավորություն՝  ֆինանսավորել կրթահամալիրը, որն իր կանոնադրությունով եղել է և կա  ուսումնական հաստատությունների միավորում, որի նպատակների մեջ է մտնում նաև նախադպրոցական կրթությունը, նաև սովորողների օժտվածության զարգացումը, նաև ուսուցիչների անընդհատ մասնագիտական զարգացումը, նաև նոր կարգավիճակով  ուսուցչի՝ իր գործի հեղինակի աջակցումը․․․

Հեղինակային համակարգ՝ իր ծավալվող ուսումնական կենտրոններով (արտադպրոցական կոչվող հաստատություններ) և  մանկավարժական աշխատողով՝ ուսուցիչ, դաստիարակ, կազմակերպիչ, մասնագետ, ովքեր ՀՀ օրենսդրությամբ կրթահամալիրի ՊՈԱԿ-ի իրավական կարգերով հեղինակային մանկավարժությամբ են զբաղված․․․ Այսպիսով՝ կրթահամալիրը իր վեց հանրակրթական դպրոց-մասնաճյուղերով՝ կրտսեր, միջին, ավագ աստիճաններով, ու շուրջ 2650 1-12-րդ դասարանցի սովորողներով, որոնցում 300 յոթ տարեկան դարձած  առաջին դասարանցի, միջին մասնագիտական ու արհեստագործական ծրագրեր իրականացնող ընդարձակվող քոլեջ՝ իր շուրջ 300 ուսանողներով, հինգ նախակրթարան՝ 600-ից ավելի սաներով, օժտվածության զարգացման բաց համակարգ՝ իր 260 մանկավարժական-ուսումնական աշխատողով՝ թվային միջոցներով (բլոգային ուսուցում), նախագծերով, ուսումնական օրացույցով սովորողի և աշխատողի անհատական պլանով աշխատող, ուսուցման ձևի՝ առկա, հեռավար, ընտանեկան, համակցված՝ սովորողի-աշխատողի առանձնահատկություններին համապատասխան․․․

Այս ամբողջն են 1988-ից ժողովրդի լեզվով կոչել Բլեյան դպրոց, ու ես անդրադարձ եմ կատարում, պայմանով, որ էդ Բլեյանը ես չեմ․․․ Ես սեբաստացի կրթական համայնքի կողմից ընդունված տիար-մենթորն եմ, համայնքի կապավորը․․․ Ու ինչպես 1988-ից սկսած է եղել, հիմա էլ չի կարելի թույլ տալ, որ հիմնադիր կառավարությունը՝ իր լիազոր պետական մարմնով, խուսափի կրթահամալիր-ՊՈԱԿ-ի հեղինակային մանկվարժության ֆինանսավորումից․․․

Շարունակելի․․․

  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский