Անգլերենի ակումբը՝ որպես դասավանդողների ինքնակրթության, մասնագիտական զարգացման միջոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Անգլերենի ակումբը գործում է 2020-ի հունիսից: Ակումբի գործունեության հիմնական նպատակն է նպաստել կրթահամալիրում աշխատող դասավանդողների ինքնակրթությանը ու մասնագիտական զարգացմանը հետևյալ ուղղություններով․

  • անգլերենի միջին մակարդակի իմացությամբ դասավանդողների հետ պարապմունքներ, որոնք նպատակաուղղված են անգլերենի օգտագործմանը՝ որպես գործիք մասնագիտական զարգացման համար.
  • անգլերենի պարապմունքներ անգլերեն չիմացող դասավանդողների, սկսնակների համար․ վերջնական նպատակը նույնն է՝ անգլերենի օգտագործումը որպես գործիք՝ մասնագիտական զարգացման համար.
  • այլոց փորձի ուսումնասիրման նպատակով անգլիալեզու մանկավարժական ամսագրերի հոդվածների ընթերձում, ինչի արդյունքում հոդված է հրապարակվում «Դպիր»-ում.
  • սովորողների գիտելիքների միջազգային գնահատման ծրագրի (PISA) մաթեմատիկայի, բնագիտության և ընթերցելով հասկանալու առաջադրանքների անգլերենից հայերեն թարգմանության նախագիծ. 
  • անգլերենի գրական ակումբի գործունեություն՝ կրթահամալիրում անգլերեն դասավանդողների հետ.
  • մասնագիտական որակն.երի բարձրացմանը նպաստող առցանց զրույց-հանդիպումներ՝ կրթահամալիրում անգլերեն դասավանդողների հետ. 
  • անգլերենի ամենամսյա ֆլեշմոբների առաջադրանքների կազմում և անցկացում. 
  • կրթահամալիրի կայքի անգլերեն էջի սպասարկում. 
  • «Դպիրի» անգլերեն էջի սպասարկում։

Անգլերենի պարապմունքներ անգլերենի նախնական միջին իմացությամբ դասավանդողների հետ

Այս խմբում ընդգրկված են ուսումնական տարբեր առարկաների՝ մաթեմատիկայի, ռուսերենի, մայրենիի, բնագիտության, առողջագիտության, երկարացված օրվա դասավանդողներ։ Կրթահամալիրում իրականացվող բլոգային և նախագծային ուսուցում-ուսումնառությունը մեծապես նպաստում է խմբում ընդգրկված յուրաքանչյուր դասավանդողի մասնագիտությանը վերաբերող անգլերեն ուսումնական նյութերի  ստեղծմանը: Պարապմունքի ընդհանուր ուսումնական նյութի ստեղծման համար նախապես ուսումնասիրում եմ դասավանդողների բլոգներում հրապարակված վերջին նյութերը: Այդ հրապարակումները լի են տվյալ ուսումնական առարկային հատուկ հասկացություններով ու տերմիններով, այն բովանդակությամբ, որով աշխատում է այդ ուսումնական առարկան դասավանդողը: Ընտրում եմ ամենահաջող հրապարակումները, պարզեցնում եմ լեզվական կառույցները՝ պահպանելով հասկացությունների ճիշտ բնութագրումները, որից հետո անգլերեն եմ թարգմանում այն: Արդյունքում՝ տվյալ պարապմունքի համար  նախատեսված ուսումնական նյութը բավարարում է խմբի անդամների  ուսումնառության պահանջներին: Լիանա Հակոբյանի և Լուսինե Ներսեսյանի անունների դիմաց հանրահաշվական և երկրաչափական հասկացություններով ու տերմիններով անգլերեն տեքստեր են, որոնց բովանդակությունն իրենք ավելի լավ են հասկանում, քան ես: Անգլերեն մի քանի նոր տերմիններ սովորելով՝ կարողանում են խոսել մաթեմատիկական իրենց հարազատ թեմայով: Հենց դա էլ մեր նպատակն է: Նելլի Գեղամյանի անվան դիմաց Ինեկոբանկի ներկայացուցիչների հետ իրականացրած տնտեսագիտական նյութն է: Ռուսերենի դասավանդող Նունե Սմբատյանի հետ անգլերեն քննարկում ենք իր բլոգում հրապարակված  երջանկության մասին նյութը: Երբեմն դասավանդողներն իրենք են անգլերեն թարգմանում իրենց բլոգների հրապարակումները՝ Նելլի ԳեղամյանԼուսինե ՆերսեսյանԱննա Հարությունյան:

Աշխատանքի բերումով ես հարյուրավոր անգլիալեզու հոդվածներ եմ կարդացել, բայց օտար լեզվի իմացության զարգացման նման փորձի երբևէ չեմ հանդիպել: Երբեք չէի պատկերցնի, որ կգա մի օր, երբ մաթեմատիկայի ուսուցչին անգլերեն կբացատրեմ  տասնորդական կոտորակների բազմապատկումը: Այո՛, մեծ են ու բազմակողմանի հեղինակային մանկավարժության տված հնարավորությունները:

Այլոց փորձի ուսումնասիրում

Երբ 2020-ի գարնանը համավարակի պատճառով ամբողջ կրթական համակարգը անցավ հեռավար-առցանց ուսումնառության, ինձ համար հետաքրքիր էր, թե ինչպես են այս գործը կազմակերպում այլ երկրներում, ու այլոց փորձի մի քանի հրապարակումներով հանդես եկա «Դպիր»-ում՝ «Ինչու տանը սովորելն ավելի շատ ինքնակարգավորվող և ավելի քիչ կառուցվածքային լինի», «Անորոշ 2020-2021 ուստարվա կազմակերպման մասին», «Պատրաստվում ենք հաջորդ ուսումնական տարվան…», «Առկա-առցանց հիբրիդային դասարաններ», «Նախագծային ուսումնառության հեռավար կազմակերպման ուղեցույց»։

Սովորողների գիտելիքների միջազգային գնահատման ծրագրի (PISA) հետ կապված աշխատանք

Նախ և առաջ այլոց փորձն ուսումնասիրեցի,  ինչից հետո, խորհրդակցելով ակումբի անդամների հետ, կազմեցի թարգմանչական նախագիծը, որում նախատեսել էի, որ մաթեմատիկայի առաջադրանքները թարգմանելու են Լիանա Հակոբյանը և Լուսինե Ներսեսյանը, բնագիտությունը՝ Նելլի Գեղամյանը, ընթերցելով հասկանալը՝ Գայանե Թերզյանը: Արդեն արվել են առաջադրանքների առաջին թարգմանությունները: Աշխատանքները շարունակվում են:

Անգլերենի գրական ակումբի գործունեությունը

Հայտնի իրողություն է, որ իրենց ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքի պատճառով դասավանդողները գեղարվեստական գրականություն կարդալու և առավել ևս՝ քննարկելու համար ժամանակ և շարժառիթ չեն ունենում: Շարժառիթը գործընկերների մոտ սեփական կարծիքն անգլերեն արտահայտելու մասնագիտական հետաքրքրությունն է, որի հնարավորությունը ստեղծում է ակումբը: Գրական ակումբի պարապմունքներն առցանց են լինում և ամիսը մեկ անգամ: Արդեն կարդացել և քննարկել ենք Էռնեստ Հեմունգուեյի “The Old Man at the Bridge’’ – «Ծերունին կամուրջի մոտ», “Cat in the Rain’’ – «Կատուն անձրևի տակ», “A Clean Well-Lighted Place’’ – « Այնտեղ, ուր մաքուր է ու լավ լուսավորված», “Hills Like White Elephants’’ – «Բլուրներ նման սպիտակ փղերի» պատմվածքները: Շատ հաճելի բացայտումներ էին Վալենտինա Թումանյանի,  Սերինե Դավթյանի, Հերմինե Գևորգյանի, Իրինա Ապոյանի, Նունե Այդինյանի բլոգային գրառումները: 

Վիլյամ Սարոյանի “The Oranges’’ – «Նարինջները» պատմվածքը կարդալուց հետո ոչ մի մասնակից չցանկացավ բլոգում վերլուծություն հրապարակել, քանի որ  բոլորը նշեցին, որ պատմվածքը չունի ամերիկյան կարճ պատմվածքներին բնորոշ այն հույսի շողը, որը միշտ երևում է պատմվածքների վերջում: Անհույս վերջաբանով տխուր պատմություն էր:

Քննարկեցինք նաև գրականության ասպարեզում 2013-ի նոբելյան մրցանակակիր կանադացի գրող Ալիս Մունրոյի ‘’Amundsen'', կարճ պատմվածքը, որը գրվել է 2012-ին: Պատմվածքի մասին բլոգում հրապարակումներով հանդես եկան  Նունե Այդինյանը, Իրինա Ապոյանը, Հերմինե Գևորգյանը և Անի Մրտեյանը:

Մասնագիտական որակների բարձրացմանը նպաստող առցանց-զրույց հանդիպումներ

Ամեն անգամ առանձնակի ջերմությամբ ու իմ ունեցածն անմնացորդ փոխանցելու պատրաստակամությամբ եմ հանդիպում անգլերեն դասավանդողներին: Այս զրույց- հանդիպումների ընթացքում փորձում եմ նրանց փոխանցել իմ փորձը: Խոսում եմ այնպիսի հարցերի մասին, որոնք որևէ տպագիր հոդվածում, գրքում կամ էլ համացանցի տեղեկատվական նյութերում դեռ նշված չեն:

Հունվարի 27-ին առաջին առցանց զրույց-հանդիպումն էր՝ «Մանկավարժական և կրթական տեքստերի, տերմինների հայերենից անգլերեն թարգմանական դժվարությունների հաղթահարում» թեմայով: Թեմայի մեջ ընդգրկել էի հիմնականում այնպիսի բառեր ու բառակապակցություններ, որոնց անգլերեն թարգմանությունը չկա վերջին տարիներին լույս տեսած «Հայերեն – անգլերեն» բառարանում, օրինակ՝ մեզ համար այնքան սովորական դարձած «դասվար», «նախակրթարանի դաստիարակ» բառերի անգլերեն համարժեքները: Բլոգային և նախագծային ուսումնառությանը վերաբերող զգալի քանակությամբ տերմիններ ու հասկացություններ նշված բառարանում նույնպես չկան, որովհետև այդ հասկացություններն ու տերմինները ավելի ուշ են գործածության մեջ մտել, քան այդ բառարանը: Այս թեման ամբողջական դարձնելու նպատակով հայերենից անգլերեն թարգմանեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կառուցվածքը՝ իր բոլոր մասնաճյուղ դպրոցներով, ուսկենտրոններով, լաբորատորիաներով, ակումբներով ու արհեստանոցներով: Հիմա արդեն անգլերեն դասավանդողներն, իրենց բլոգներում կրթահամալիրի կառուցվածքային տարբեր միավորների մասին անգլերեն նյութ տեղադրելիս, որևէ դժվարություն չեն ունենա:

Զրույց-հանդիպումների երկրորդ ուղղությունը օտար լեզվի դասավանդման մեթոդաբանության մեջ կոչվում է «մայրենի լեզվի ինտերֆերենցիա»: Սա այն երևույթն է, երբ մայրենի լեզվի քերականական, լեզվական կառույցները խանգարում են  որևէ օտար լեզվի դասավանդմանը, օրինակ՝ հայերենում կարելի է երկրորդական նախադասության ստորոգյալը ժխտել, ինչը կոպիտ սխալ է համարվում անգլերենում: Նույնիսկ անգլերենի «գերազանց» իմացությամբ հայ սովորողները «Ես կարծում եմ, որ նա այսօր չի մասնակցի մեր քննարկմանը» նախադասությունը թարգմանում են այսպես՝ ”I think that he won’t participate in today’s discussion»”, մինչդեռ, պետք է սկսեին ''I don’t think that…'': Հայերենում ասում ենք «Ո՛չ 10-րդ դասարանցիները, և ո՛չ էլ տիկին Ստեփանյանը ներկա չէին այդ քննարկմանը”, բայց նույն նախադասությունը անգլերենում կլինի “Neither the 10th graders nor Mrs. Stepanyan was present at that discussion”. Հայերենում ստորոգյալը հոգնակի թվով է, իսկ անգլերենում՝ եզակի: Նման շատ օրինակներ քննարկեցինք զրույց-հանդիպման ընթացքում: Առցանց զրույց-հանդիպումները շարունակվելու են:

Անգլերենի ամենամսյա ֆլեշմոբները

Կրթահամալիրում աշխատող մանկավարժների մեծ մասն է հեղինակային մանկավարժության կրողն ու կատարողը, բայց կա մի մարդ, որ ժամանակ առ ժամանակ հեղինակային մանկավարժության նոր նախագծի բեկումնային առաջարկություն է անում, որը դառնում է բոլոր դասավանդողների ստեղծագործական աշխատանքի ամենակարևոր շարժառիթներից մեկը: Այդպիսին է Գևորգ Հակոբյանը՝ իր ամենամսյա հեռավար առարկայական ֆլեշմոբների անցկացման առաջարկով:

Այդ նոր նախագծի անվանը ու էությանը համահունչ են եղել անգլերենի առարկայական ֆլեշմոբները 2016-ից մինչև հիմա: Պետք էր այնպիսի գիտելիքների և կարողությունների հաղորդակից դարձնել մեր տարատարիք սովորողներին, որոնց տիրապետելով՝ կկարողանային արտահայտվել կյանքում հանդիպող տարբեր իրավիճակներում․ երբ պետք է լինում դիմացինին քաջալերել, հանդիմանել, նրանից ներողություն խնդրել, ուշադրություն հրավիրել, ներել, շնորհավորել տարբեր առիթներով, շնորհակալություն արտահայտել և պատասխանել շնորհակալությանը, ցավակցել, նրա հետ համաձայնել կամ չհամաձայնել, կասկած ու զարմանք, կարծիք ու խորհուրդ, ափսոսանք ու գոհունակություն արտահայտել, ճանապարհ հարցնել ու մոլորվածին ճանապարհը ցույց տալ, որպեսզի ոչ ոք չմոլորվի այս հարափոփոխ հոգևոր և ֆիզիկական աշխարհներում: Փաստորեն, այս նախագծային ֆլեշմոբյան թեթև ու ուրախ ոգով օտար լեզուն՝ անգլերենը, որքան հնարավոր է մոտեցվում է իրական կյանքին ու դրանով ավելի մարդամոտ դառնում:

Առաջին երկու տարիների ընթացքում միայն ես էի կազմում ֆլեշմոբերի առաջադրանքները, բայց ժամանակի ընթացքում աստիճանաբար փոխանցեցի այս աշխատանքն անգլերեն դասավանդողներին:

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский