V. Մաքսիմիլյանը կամ էլ իդեալական մեղավորը

Հեղինակ: 

Սկիզբը
Նախորդ հատվածը

Պարո՛ն, ուսուցիչները գլուխներս տանում են

1
Բելվիլ, Ժուլիեն Լակրուա փողոց. ձմեռային մի մութ երեկո. վերադառնում եմ տուն               ` ծխամորճը բերանումս, մթերքով լի տոպրակը ձեռքիս, երազելով ինչ-որ բանի մասին, երբ հանկարծ պատին հենված ինչ-որ մի տիպ կանգնեցնում է ինձ` պարզելով ձեռքը կայանատեղիի արգելապատնեշի նման: Սիրտս մի պահ կանգ է առնում:
—Կրա՛կ տուր:
Այսպիսով, հարգանքի ոչ մի նշույլ մեզ իրարից բաժանող այդ չորս տասնամյակների նկատամամբ: Բարձրահասակ մի տղա` տասնութից քսան տարեկան, սևամորթ, ամրակազմ, միտումնավոր հանգիստ՝ վստահ սեփական մկանների և իրավացիության մեջ. նրան կրակ է անհրաժեշտ, և կունենա, ահա և վերջ:
Ես պայուսակս ցած եմ դնում, հանում եմ հրահանս , մոտեցնում կրակը վերջինիս ծխախոտին: Նա իջեցնում է գլուխը` ծուխը քաշելով լցնում է այտերը և առաջին անգամ նայում է ինձ այրվող ծայրի վրայից: Եվ ահա վարքի զգալի փոփոխություն է նկատվում: Նրա աչքերը կլորանում են, ձեռքն իջեցնում է, բերանից հանում է ծխախոտը և կակազում է.
—Օ՛յ, պարո՛ն, ներեցեք:
Մի պահ վարանում է:
—Դուք պատահաբար .. .չե՞ք: Դուք գրում եք… Դուք գրող եք, չէ՞:
Ես կարող էի հաճույքի փոքրիկ զգացումով մտածել. «Լավ, ուրեմն ընթերցո՛ղ է»: Բայց հին բնազդս ինձ այլ բան է հուշում. աշակերտ է, որի ուսուցիչը իմ Մալոսենի մասին ինչ-որ բան է հանձնարարել: Հիմա նա կսկսի օգնություն խնդրել:
—Այո, ես գրքեր եմ գրում, ինչո՞ւ: Այդպես էլ կա:
—Որովհետև մեր ուսուցչուհին հանձնարարել է մեզ կարդալ այդ, ինչպես էր դրա…. Փերին, Փերին…
Լավ է, որ նա գոնե գիտի որ վերնագրի մեջ փերի բառը կա:
—Բելվիլի և տարեց կանանց մասին էլ էր…
—«Կարաբինի փերին», այո: Եվ ի՞նչ:
Եվ ահա այստեղ նա դառնում է ամաչկոտ երեխա, որ, մատները կոտրատելով, վերջապես տալիս է այդ վճռական հարցը:
—Մեզ հանձնարարել են վերլուծել տեքստը: Ինձ չե՞ք օգնի: Մի գուցե մի քանի բան հուշեք, մի քանի բառ:
Գետնից վերցնում եմ մթերքիս տոպրակը:
—Նկատեցի՞ր, թե ինչպես ինձնից կրակ խնդրեցիր: Շփոթվում է:
—Ուզո՞ւմ էիր ինձ վախեցնել:
Ընդդիմանում է.
—Ոչ, պարոն, մորս արև:
—Հարկավոր չէ նման վտանգի ենթարկել մայրիկիդ.դու ուզում էիր ինձ վախեցնել: (Այն մասին, որ նա դա գրեթե կարողացել էր, ես խոհեմորեն լռում եմ): Հաստատ այսօր ես առաջինը չեմ: Քանի՞ մարդու ես նման ձևով կանգնեցրել այսօր:
—Միայն ինձ դու ճանաչեցիր և հիմա օգնություն ես խնդրում: Իսկ ի՞նչ է պատահում այն մարդկանց հետ, ում գրքերը դու չես անցնում դպրոցում: Ի՞նչ են անում այդ մարդիկ, երբ փակում ես նրանց ճանապարհը: Նրանք վախենում են, իսկ դու ուրախանո ՞ւմ ես:
—Ո՛չ, պարոն, լսե՛ք…
—Գիտես չէ՞՝ ինչ է հարգանքը, մի բառ, որը օրը հավանաբար հարյուր անգամ օգտագործում ես, չէ՞: Դու ինձ հարգանքով չես վերաբերվում, բայց ուզում ես, որ ես քեզ օգնեմ:
—…
—Անունդ ի՞նչ է:
—Մաքս, պարոն:
Եվ արագ ավելացնւմ է.
—Մաքսիմիլյան:
—Այսպիսով, Մաքսիմիլյա՛ն, դու հենց նոր շատ լավ հնարավորություն ձեռքիցդ բաց թողեցիր: Ես շատ մոտ եմ ապրում՝ Լեսաժ փողոցում: Տեսնո՞ւմ ես այն պատուհանները: Եթե դու քաղաքվարությամբ ինձնից կրակ խնդրեիր, մենք արդեն այնտեղ կլինեինք, և ես քեզ կօգնեի տնային հանձնարարությունդ կատարելու: Իսկ հիմա դրա մասին անգամ խոսք լինել չի կարող:
Վերջին փորձը.
—Բայց, պարո՛ն…
—Մեկ ուրիշ անգամ, Մաքսիմիլյա՛ն, երբ դու մարդկանց հարգանքով կվերաբերվես: Բայց ոչ այսօր: Այսօր դու ինձ բարկացրել ես:               

2
Ես հաճախ եմ մտածում Մաքսիմիլյանի հետ այս հանդիպման մասին: Հետաքրքիր փորձ ինչպես նրա, այնպես էլ ինձ համար: Ինչ-որ մի պահ ես ցնցվեցի խուլիգանի առջև, իսկ աշակերտի մոտ վերականգնեցի դիրքերս: Նա իրեն լավ էր զգում` «բուֆոնի» վախեցնելով, իսկ հետո սկսում է դողալ «Վիկտոր Հյուգոյի արձանի առջև» (Բելվիլում` Լեսաժ փողոցում, այն տղաները, որոնք մեծացել էին աչքիս առաջ, կատակով ինձ «պարոն Հյուգո» էին անվանում): Ե՛վ Մաքսիմիլյանը, և՛ ես երկիմաստ պատկերացում ունեինք միմյանց նկատմամբ` վտանգավոր խուլիգան թե օգնություն խնդրող աշակերտ, վախկոտ բուֆոն, թե գրող, որ կարող է օգնել: Բարեբախտաբար հրահանի լույսը խառնեց այդ պատկերացումները: Մի պահ մենք խուլիգան և դպրոցական, բուֆոն և գրող դարձանք միանգամից: Իրականությունը մի փոքր ավելի բարդ էր: Եթե ամեն բան վերջանար ծխախոտի էպիզոդով և Մաքսիմիլյանն ինձ չճանաչեր, ես տուն կվերադառնայի տականքի առջև ունեցած ամոթի զգացումով, իսկ նա էլ` հպարտ, որ ծեր բուֆոնի հախից եկել էր: Նա գլուխ կգովեր ընկերների մոտ, որ նման բան է արել, իսկ ես էլ կարող էի այդ մասին բողոքել բարձրախոսի առաջ: Ըստ էության, ամեն ինչ սովորական իրավիճակի կվերածվեր. ծայրամասի խուլիգանը նվաստացրել է պարկեշտ քաղաքցու. ժամանակակից աշխարհընկալմանը լիովին բնորոշ մոտեցում: Բարեբախտաբար հրահանի լույսի ներքո կյանքը շատ ավելի բարդացավ: Դա հանդիպում էր դեռահասի, որը դեռ շատ բան ունի սովորելու, և մեծահասակի, որը շատ բան կարող է սովորեցնել: Եվ ահա թե ինչ կասեմ. եթե ուզում ես մեծ մարդ դառնալ, ինչպես կայսրը,  Մաքսիմիլիա՛ն, եթե ուզում ես իշխել, թեկուզ և նույնիսկ միայն քեզ, մի խաղա այս խաղերը, մի վախեցրու բուֆոնին, ոչ մի գրամ ճշմարտություն մի ավելացրու սարսափելի ծույլիկի կերպարին, որը բարդում են քո ու քո նմաների մեջքին վախկոտները` բարձրախոսները ձեռքերին:
—Այո…
Երբ վերընթերցում եմ գրածս, նորից լսում եմ մեջս մի կամաց քրքջոց:
-Այո, այո, այո…
Դե իհարկե, այդ հեգնանքը.... նորից հենց այն ծույլիկն է, որ ես էի ժամանակին:
—Ի՜նչ գեղեցիկ է: Բարոյականության ի՜նչ հիանալի դաս ստացավ քո այդ Մաքսիմիլյանը: Ինչպես միշտ, նոր մեխ է մխում:
—Ինքնաբավության թեթևակի ցնցո՞ւմ:
—Այլ կերպ ասած՝ այդ աշակերտին չօգնեցիր:
—Քանի որ նա քեզ հետ քաղաքավարի չի եղել, չէ՞:
—Գո՞հ ես քեզնից:
—Իսկ ո՞ւր մնացին սկզբունքներդ, վերը նկարագրված հիանալի սկզբունքները: Հիշիր. «Ընթերցանության վախը հաղթահարվում է կարդալով, չհասկանալու վախը՝ տեքստի մեջ ընկղմվելով...» և նմանատիպ հայտարարություններդ: Ի՞նչ է, արդեն թքա՞ծ ունես դրանց վրա:
—Ընդհանրապես այդ օրը համը հանեցիր Մաքսիմիլիանի հետ: Շատ բարկացար կամ էլ շատ վախեցար: Չէ՞ որ քեզ հետ պատահում է, որ վախենաս, հատկապես երբ հոգնում ես: Դու ինքդ էլ հիանալի գիտես, որ այդ տղայի ձեռքից հարկավոր էր բռնել ու տուն տանել, օգնել տեքստի վերլուծության հարցում, իսկ ահա այնուհետև խոսել նրա հետ, գուցե նույնիսկ բղավել նրա վրա, բայց միայն տնային առաջադրանքը կատարելուց հետո: Պատասխանել նրա հարցին, ահա թե ինչ էր հարկավոր անել: Պարտադիր, քանի որ բարեբախտաբար դա խնդրանք էր: Վա՞տ ձևակերպված: Համաձայն եմ: Շա՞հ է հետապնդում: Մի խոսքով՝ դու էլ շատ լավ գիտես, որ բոլոր խնդրանքներն էլ շահ են հետապնդում: Չէ՞ որ հենց քո աշխատանքն է հաշվարկով հետաքրքրությունը տեքստի հանդեպ հետաքրքրության վերածելը: Բայց ահա Մաքսիմիլյանին փողոցում թողնել ու տուն վերադառնալ, ինչպես դու արեցիր, կնշանակի ձեզ բաժանող պատը կանգնած թողնել, ինչպես նախկինում: Լա ֆոնտենը այս թեմայով առակ ունի գրած: Ուզո՞ւմ ես պատմեմ: Այնտեղ գլխավոր հերոսը դու ես:

Աշակերտն ու ուսուցիչը

Չարաճճի աշակերտը Սենայի մոտ զբոսնելիս
Ջուրն է ընկնում ու ընկնելիս բարձր ճիչ է արձակում։
Աստծո կամոք, այնտեղ մարդիկ տնկել էին մի ուռի,
Բարեբախտաբար ուռենու ճյուղերից է նա բռնում։
Իսկ այդ պահին ուսուցիչն է այն տեղերով  անց կենում,
Փորձանքի մեջ ընկած տղան օգնության է նրան կանչում։
Ուսուցիչը զայրանում է, հանդիմանում է նրան.
-Դո՞ւ ես, ա՛յ փոքրիկ Բաբուին, տես՝ չարությամբ ուր հասար…
Եվ Ինչպես են քեզ նմանին ծնողներդ խնամում.
Ինչ դժբախտ են հայրդ ու մայրդ, որ միշտ փորձանք ես բերում։
Այդքան առատ գլխացավանք քո պատճառով միշտ ունեն,
Ախ, որքան եմ խղճում նրանց. քեզ նմանին ի՞նչ անեն…
Այստեղ գետում լողալուդ տեղ գոնե դաս սովորեիր,
Մոռացել ես խրատներս, արժանի ես այս պատժին։
Բայց այսքանով մեր պեդանտը չավարտեց իր խոսքերը,
Այլ համեմեց պատկերներով, մակդիրներով իր ճառը։
Ինքնամոռաց այնքան խոսեց, մինչև տղան աղետյալ,
Որ բնույթով վեհերոտ էր, կորցրեց ուշքն ու ջուրն ընկավ։
Ուսուցումը առանց խելքի հավասար է ոչնչի։
Երբ փորձանքն է դուռը թակում, ինչո՞ւ պիտի ինձ լսեն։
Լավ չէ՞ արդյոք առաջ փրկեմ չարաճճի ձախորդին,
Իսկ խրատելու այդ առթիվ դեռ ժամանակ կգտնեմ։

3
Մաքսիմիլիանը տիպիկ ժամանակակից ծույլիկ է: Երբ խոսքը այսօրվա դպրոցի մասին է, հիմնականում հենց նրա նմանների մասին են խոսում: Ամեն տարի տասներկու միլիոն չորս հարյուր հազար ֆրանսիացի գնում են դպրոց, որից շուրջ մեկ միլիոնը ներգաղթյալների երեխաներ են: Ենթադրենք, որ նրանցից երկու հարյուր հազարը պարզապես ի սկզբանե չեն կարողանում սովորել: Այս երկու հարյուր հազարից քանի՞սն են խոսքային կամ ֆիզիկական բռնություն դրսևորել (ուսուցիչների հասցեին արված վիրավորանքներ, որոնց կյանքը վերածվել է դժոխքի, սպառնալիքներ, ծեծկռտուք, տարածքների վնասում և այլն): Քառո՞րդ մասը: Հիսո՞ւն հազար: Այստեղից հետևություն. տասերկու միլիոն չորս հարյուր հազար դպրոցականից միայն չորս տասներորդ տոկոսն է համապատասխանում Մաքսիմիլյանի` սարսափելի ուրվականի, խուլիգան ծույլիկի, քաղաքակրթությունը ոչնչացնողի կերպարին, որը կործանում է ամեն ինչ, նույնիսկ պատկերացումները, այդ թվում նաև ամենակարևորները ըստ մեր լրատվամիջոցների, երբ խոսում են դպրոցի մասին:
Ենթադրենք, որ ես սխալվում եմ հաշվարկներիս մեջ, և որ իմ այդ չորս տասներորդ տոկոսը հարկավոր է բազմապատկել երկուսով կամ երեքով. ամեն դեպքում ցուցանիշը ծիծաղելի է մնում, իսկ այդ երիտասարդների առաջ վախի զգացումը ամոթալի է մեզ` մեծահասակներիս համար:
Ինչ-որ գավառական քաղաքից կամ էլ քաղաքի ծայրամասից մի դեռահաս               ՝ սևամորթ, արաբ կամ ֆրանսիացի, ապրանքանիշերի և բջջային հեռախոսների մեծ սիրահար, մինչև կզակը կնգուղով ծածկված, տարածության մեջ խմբով շարժվող ազատ էլեկտրոն, տների ու մետրոյի պատերը նկարող, ագրեսիվ բառերով ողողված երաժշտության սիրահար, բարձրաձայն խոսող, խուլիգան, թմրավաճառ, հրկիզող կամ էլ կրոնական ծայրահեղական համարվող Մաքսիմիլյանը արվարձանային անցյալի ժամանակակից պատկերն է, և ինչպես մի ժամանակ բուրժուան սիրում էր շրխկացնել Լապ փողոցում կամ էլ Մառնեի ափին գտնվող պանդոկում, այնպես էլ մերօրյա բուֆոնը սիրում է աչք գցել Մաքսիմիլյանի վրա, ավելի ճիշտ՝ ոչ թե հենց նրա վրա, այլ նրա կերպարի, ով տարբեր սոուսներով հայտնվում է ֆիլմում, գրականության մեջ, գովազդում և լուրերում:
Մաքսիմիլյանը միանգամից մարմնավորում է այն, ինչից վախենում են, և այն, ինչ վաճառվում է, նա նաև ամենադաժան ֆիլմերի հերոսն է և ամենահայտնի ապրանքանիշների դեմքը: Եթե Մաքսիմիլյանին ֆիզիկապես մղում են մեծ քաղաքների ծայրամասեր (ընդհանուր առմամբ դա քաղաքաշինության, անշարժ գույքի գների և ոստիկանության հետ է կապված), ապա նրա կերպարը հասնում է քաղաքի ամենահարուստ թաղամասերի սիրտը, իսկ բուֆոն էլ սարսափով հայտնաբերում է, որ իր սեփական երեխաները հագնվում են ինչպես Մաքսիմիլյանը, խոսում են նույն ժարգոնով, նույնիսկ փորձում են վերջինիս ձայնը նմանակել: Այստեղից էլ սկսվում են ֆրանսերենի և քաղքակրթության մոտալուտ վախճանի մասին աղաղակները. մեկ քայլ, և այդ մեկ քայլը անելու են քաղցր վախով հոգու խորքում՝ շատ լավ գիտակցելով, որ միակ զոհը հենց Մաքսիմիլյանն է լինելու: 

4
Մանրակրկիտ զննման դեպքում Մաքսիմիլյանը համընդհանուր երիտասարդացման մեդալի հակառակ կողմը կներկայացնի: Մեր ժամանակը երիտասարդությանը հանձնարարություն է տվել. պետք է երիտասարդ լինել, մտածել ու սպառել երիտասարդի նման, պահպանել երիտասարդությունը մինչ խոր ծերություն. նորաձևությունը երիտասարդ է, ֆուտբոլը երիտասարդ է, ռադիոն, թերթերը, գովազդները…. բոլորը երտասարդ են, հեռուստատեսությունը լի է երիտասարդներով, համացանցն էլ է երիտասարդ, ծնողներն էլ, նույնիսկ քաղաքական գործիչներն են երիտասարդացել: Կեցցե երտասարդությունը: Փառք երիտասարդությանը: Անհրաժեշտ է երիտասարդ մնալ: Միայն թե ոչ Մաքսիմիլյան:

5
—Ուսուցիչները մեր գլուխը լցնում է ամեն տեսակ անհեթեթություններով, պարո՛ն: —Սխալվում ես: Գլուխդ արդեն լիքն է: Ուսուցիչները փորձում են այն մաքրել:
Այս զրույցը տեղի ունեցավ Լիոնի շրջակայքում գտնվող տեխնիկական լիցեյներից մեկում: Որպեսզի հասնեի այդ հաստատություն, ես ստիպված էի անցնել man's land-ով (չեզոք գոտի)՝ լի տարբեր տեսակի պահեստներով, որտեղ ես ոչ մի կենդանի հոգու չհանդիպեցի: Լուռ ու բարձր պատերի, ասբեստ-ցեմենտե տանիքով բետոնե տուփերի արանքով մի տասը րոպե ոտքով քայլելու ճանապարհ. ահա առավոտյան այսպիսի գեղեցիկ զբոսանք է սպասվում ծայրամասում ապրող աշակերտներին:
Ի՞նչի մասին մենք խոսեցինք այդ օրը: Իհարկե ընթերցանության, ձեռագրի, թե ինչպես է գրողների մտքին տարբեր պատմություններ գալիս, այն մասին, թե ինչ է նշանակում «ոճ» բառը, այնուհետև կերպարի և անհատականության գաղափարի մասին, և որպես հետևանք բովարիզմի մասին, թե որքան վտանգավոր է վեպը կարդալուց հետո(կամ էլ ֆիլմ դիտելուց հետո) չափազանց երկար տպավորության տակ մնալ, իրականության ու երևակայականի մասին, այն մասին, թե ինչպես են հեռուստաշոուները փոխարինվում մեկը մյուսով, տարբեր բաների մասին, որոնք սկում են հետաքրքրել բոլոր դպրոցականներին այն պահից սկսած, երբ այդ ամենին սկսում են լրջորեն վերաբերել:
Մենք նաև խոսեցինք ավելի վերացական բաների մասին, օրինակ` մշակույթի հետ նրանց հարաբերությունների մասին: Ակնհայտ էր, որ նրանք առաջին անգամ էին տեսնում կենդանի գրողի, որ նրանցից ոչ մեկը ոչ մի անգամ թատրոնում չէր եղել և որ նրանցից միայն մի քանիսն էին եղել Լիոնում: Երբ ես նրանց հարցրի, թե ինչու, պատասխանը սպասեցնել չտվեց.
-Ինչու գնանք. Որ այդ բոլոր բուֆոնները մեզ նվաստացնե՞ն:
Իրականում աշխարհակարգը պահպանվել է. քաղաքը վախենում է նրանցից, նրանք էլ` քաղաքի արձագանքից… Այդ սերունդի շատ ներկայցուցիչներ՝ և՛ աղջիկները, և՛ տղաները, այնքան բարձրահասակ են, որ կարելի է մտածել, թե նրանք մեծացել են պահեստի պատերի արանքում և ձգվել են դեպի արևը: Ոմանք նորաձև էին հագնված՝ իրենց նորաձևությամբ, ինչպես իրենք էին կարծում, բայց իրականում նորաձևությունը համընդհանուր է, և բոլորն էլ խոսում էին ռեփերային ինտոնացիայով, ինչը բնորոշ էր նաև այն կենտրոնական շրջանների գերժամանակակից բուֆոններին, որտեղ այդ երեխաները չէին համարձակվի մտնել: Վերջապես խոսք բացվեց նրանց կրթության մասին։
Այստեղ խոսակցությանը միացավ տեղի Մաքսիմիլյանը: (Այո՛, ես որոշեցի այս գեղեցիկ, վեհաշունչ անունը տալ այս գրքի բոլոր ծույլիկներին` ինչպես ծայրամասերի, այնպես էլ շքեղ թաղամասերի):
—Ուսուցիչները մեր գլուխը լցնում են ամեն տեսակ անհեթեթություններով, պարո՛ն:
Ակնհայտ էր, որ նա դասարանի գլխավոր ծույլիկն էր: Կարելի էր երկար խոսել այդ ակնհայտ բանի մասին, բայց ծույլիկը միանգամից աչքի է ընկնում դասարանում, դա փաստ է: Ուր էլ որ ինձ հրավիրեին` հեղինակավոր կրթական հաստատություններ, տեխնիկական լիցեյներ, թե գավառական քոլեջներ, մաքսիմիլյաններին շատ հեշտ էր տարբերել նրանց նկատմամբ ուսուցիչների ցուցաբերած լարված ուշադրությունից և արհեստական բարի հայացքից, հենց որ դասընկերները ծիծաղում էին, երբ նրանք սկսում էին խոսել չգիտես` ինչ իրենց հատուկ ձայնով, ներողության տոնով և անվստահ ջերմեռանդությամբ: Երբ Մաքսիմիլյաննրերը լռում են, իսկ նրանք հաճախ են լռում, ես նրանց ճանաչում եմ իրենց իսկ անհանգիստ և թշնամական լռությունից, որը շատ է տարբերվում գիտելիք հավաքող աշակերտի ուշադիր լռությունից: Ծույլիկը միշտ վարանում է իր գոյության և իր ամեն ինչ լինելու ցանկության միջև, նա փորձում է գտնել իր տեղը, ստիպել ուրիշներին դա ընդունել անգամ բռնի կերպով, քանի որ բռնությունը նրա հակադեպրեսանտն է:
—Ինչպե՞ս թե՝ ուսուցիչները գլուխներդ ամեն տեսակ հիմարություններով են լցնում:
—Լցնում են ու վերջ: Այն էլ այնպիսի բաներ, որոնք ոչ ոքի պետք չեն:
—Դե, մի օրինակ բեր:
—Դե այդ ձեր բոլոր առարկաները: Չէ՞ որ դրանք կյանքից չեն:
—Անունդ ի՞նչ է:
—Մաքսիմիլյան։
—Ուրեմն այսպես,Մաքսիմիլյան, դու ճիշտ չես: Ուսուցիչները գլուխդ չեն լցնում, այլ փորձում են այն ազատել, քանի որ գլուխդ առանց այդ էլ լցված է:
—Գլուխս լցվա՞ծ է:
—Ոտքերիդ հիմա ի՞նչ ես հագել:
—Ոտքերի՞ս: Հագել եմ իմ N-ը, պարո՛ն (այստեղ ապրանքանիշի անվանման մասին է խոսքը):
—Ի՞նչ, ի՞նչ:
—Կրում եմ իմ N -երը, իմ N -երը:
—Իսկ դա ի՞նչ է,այդ քո N -ը:
—Ինչպե՞ս թե, ինչ են դրանք: Իմ N -երն են:
—Հարցնում եմ, թե ի՞նչ առարկա է, ընդամենը առարկան անվանիր:
—Սա N է:
Ես բնավ էլ չէի ցանկանում նվաստացնել Մաքսիմիլյանին,այդ պատճառով էլ նույն հարցը տվեցի նաև մյուսներին:
—Ասացեք խնդրեմ,ի՞նչ է կրում Մաքսիմիլյանը իր ոտքերին: Բոլորը սկսեցին իրար նայել` պահպանելով շփոթված լռություն: Մենք միասին արդեն մի ժամ էինք անցկացրել, խոսել էինք, մտածել, կատակել, շատ էինք ծիծաղել, նրանք, իսկապես, շատ կուզեին ինձ օգնել, բայց ոչինչ հնարավոր չէր անել. Մաքսիմիլյանը իրավացի էր:
—Պարոն, իր N -երը:
—Լավ, ես հասկացա, դա N է, իսկ ի՞նչ առարկա է: Առարկա՞:
Լռություն:
Մեկ էլ հանկարծ մի աղջնակ է խոսում:
—Ախ, առարկա՞: Բոթասներ են:
—Այսպիսով, հասկացությունը շատ ավելի ընդհանրակա՞ն է, քան «բոթաս» բառը: Ինչպե՞ս ենք մենք անվանում այդպիսի առարկաները: Կարո՞ղ ես ասել:
—Կո… Կոշի՞կ:
—Այ ապրես, ճիշտ ես, կոշիկ է, բոթաս, չարոխ, ինչ ուզում եք՝ ասեք, միայն թե՝ ոչ N: N -ը ֆիրմա է, ապրանքանիշ, իսկ ֆիրման ո՛չ իր է, ո՛չ էլ առարկա:
Նրանց ուսուցչուհին հարցնում է.
—Այդ առարկան անհրաժեշտ է քայլելու համար, իսկ ֆիրման ի՞նչի համար է:
Դասասենյակի խորքից մի լուսավոր պայթուն է հնչում:
—Որպեսզի բոցկլտան:
Համընդհանուր ուրախություն է տիրում: Ուսուցչուհին հարցնում է.
—Որպեսզի տարբերվեն, այո:
Մյուս տղայի բլուզը ցույց տալով` ուսուցչուհին մի նոր հարց է տալիս.
—Սամիր, իսկ դու ի՞նչ ես հագել:
Անմիջապես լսվում է միևնույն պատասխանը.
—Տիկի՛ն, իմ L -ն ՞՞՞՞։
Դեմքիս արտահայտություն տվեցի, թե հոգևարքի մեջ եմ. ասես` Սամիրը հենց նոր ինձ թունավորել է, և ես մահանում եմ հենց նրանց առջև, և ահա այդ պահին լսվում է ինչ-որ մեկի ուրախ ձայնը.
—Ոչ, ոչ, բլուզ է: Պարո՛ն, խնդում եմ, մի՛ մահացեք, պետք չէ: L-ն բլուզ է:
Ես հարություն առա:
—Ճիշտ է: Նրա բլուզն է: Չնայած,որ ֆրանսերեն բլուզ բառր անգլիկան ծագում ունի, այնուամենայնիվ ավելի լավ է այս բառը, քան ֆիրման: Մայրս կասեր՝ վադալասկա, տատիկս՝ գործվածքից շապիկ, բայց այս բառերը նույնպես ավելի լավ են, քան ֆիրման, լսո՞ւմ ես, Մաքսիմիլյան, հենց այդ ապրանքանիշներն են ձեր գլուխները լցնում, ոչ թե ուսուցիչները: Ֆիրմաներ, ապրանքանիշներ… ահա թե ինչ կա ձեր գլուխներում` «իմ N-ը, L -ը, Т-ն ,X-ը, Y-ը»: Նրանք ձեր գլուխները լցնում են, ձեր գումարներն են խլում, ինչպես նաև ձեր մարմինը. ասես համազգեստ լինի, դուք կենդանի գովազդ եք դառնում խանութի պլաստիկե մանիկեննրի նման: Եվ ահա այդ ժամանակ ես սկսում եմ նրանց պատմել,որ մանկությանս տարիներին կար այսպիսի երևույթ` մարդ-սենդվիչ գովազդ, և որ ես հիշում եմ նրանցից մեկին` մի ծեր տղամարդ, կանգնած մեր տան դիմացի մայթին ` երկու գովազդային վահանակների արանքում ճզմված,գովազդում էր մանանեխի ինչ-որ ապրանքանիշ:
—Հենց նույն բանն էլ ձեզ հետ է կատարվում: Բայց Մաքսիմիլյանը հիմար չէ:
—Միայն դրա համար մեզ չեն վճարում:
Աղջիկը պատասխանում է նրան.
—Բայց, չէ: Քաղաքում՝ լիցեյների մուտքի մոտ, նրանք բռնում են անվանի տղաներին,նրանց են նվիրում ինչ-որ ֆիրմա, որպեսզի վերջիններս դասարանում բոցկլտան: Նրանց ընկերներն էլ տարվում են, և իրենք էլ վազում են գնելու: Ահա այսպես է ամեն ինչ տեղի ունենում:
Մաքսիմիլյանը.
—Սուպեր:
Ուսուցչուհի.
—Այդպե՞ս ես կարծում: Իսկ ահա ես կարծում եմ, որ այդ ձեր ֆիրման, որը, այո՛, թանկ է, ձեզնից ավելի թանկ չէ:
Այնուհետև սկսեցին ավելի խորը բաներից զրուցել, այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիքն են արժեքը, գինը, բայց ոչ վաճառքի, այլ այն արժեքների, որոնց իմաստը արդեն երկար ժամանակ է՝ չեն հասկանում: Մենք բաժանվեցինք մի փոքր հանդիսավոր բանավոր խոսակցությունից հետո` «Ա-զատ-ություն բառերին, ա-զատ-ություն բառերին», մինչև որ բոթաս, ուսապարկ, գրիչ, բլուզ, բաճկոն, նվագարկիչ, հեռախոս, ակնոց և բոլոր նման բառերի ֆիրման փոխարինեցին իրենց սովորական անվանումով:

6
Այս հանդիպման հաջորդ օրը, արդեն Փարիզում, 20-րդ թաղամասի լեռնալանջով իջնելիս գլխումս մի միտք ծագեց: Որոշեցի գնահատել ինձ հանդիպած դպրոցականներից յուրաքանչուրին` մեթոդաբար հաշվելով, թե որքան իրենք արժեն. բոթասները` 100 եվրո, ջինսը` 110 եվրո, վերարկուն` 120 եվրո, ուսապարկը` 80 եվրո, նվագարկիչ (90 դեցիբելանոց մահացու աուդիոզբոսանք), բազմաֆունկցիոնալ բջջային հեռախոս` 90եվրո, չհաշված այն գրչատուփը, որը, այսպես ասած, «մեծածախ տեղից» գնում ես 50 եվրոյով, իսկ արդեն նոր փայլուն հոլովակներում գովազդվում է զույգը 150 եվրո:
Ընդհանուր հաշվարկով` աշակերտը` 880 եվրո, այսինքն 5764 ֆրանկ, որը հավասար է մանկությանս տարիների 576400 ֆրանկին: Հաջորդ օրերին ես ստուգեցի այս հաշվարկները` համեմատելով դրանք աշխատանքիցս տուն ընկած ճանապարհին տեսածս խանութների ցուցափեղկերում ցուցադրված գնապիտակների հետ: Հաշվարկներս հասան մոտավորապես կես միլիոն ֆրանկի: Այս դպրոցականներից յուրաքնչյուրը արժեր մանկությանս տարիների կես միլիոնը: Եվ սա միջին հաշվարկն է այսօր Փարիզում միջին խավի միջին եկամուտներ ունեցող ծնողի երեխայի համար: Փարիզյան դպրոցականը` ասենք օրինակ Սուրբ ծննդյան տոներից հետո նոր հագնված այս հասարակության մեջ դիտարկվում է որպես հաճախորդ, շուկա, եկամտի աղբյուր: Այսպիսով՝ երեխաները՝ ունևոր թե չունևոր, մեծ քաղաքներում թե արվարձաններում, բոլորն էլ ընկղմվում են միևնույն սպառման հորձանուտը, որն ասես ցանկությունների մի հսկա փոշեկուլ լինի, որտեղ հարուստներն ու աղքատները, մեծերն ու փոքրերը, տղաներն ու աղջիկներն իրար են խառնվում մի բաղձալի ցանկությամբ` սպառելու: Այսինքն՝ իրեր փոխելը, ցանկանալ անդադար նորը, նորը, ոչ թե պարզապես նորը, այլ վերջին ճիչը: Եվ այն էլ պարտադիր ֆիրմա: Որպեսզի բոլորը տեսնեն: Եթե ապրանքանիշները մեդալներ լինեին, մեր փողոցի տղաներն ու աղջիկները կզնգային օպերետի գեներալների նման: Ամենալուրջ հեռուստա և ռադիո հաղորդումները աջ ու ձախ գոռում են, որ խոսքը նրանց անհատականության մասին է: Վերջերս ուսաումնական տարվա առաջին օրը մարկետինգի մեծն տիրուհին սիրող տատիկի սրտաբաց տոնով առավոտյան ռադիոյի թողարկման ժամանակ հայտարարեց, որ դպրոցը պետք է բաց լինի տեղեկատվության տեսակներից մեկը հանդիսացող գովազդի առաջ, որն էլ իր հերթին ծառայում է կրթության աղբյուրներին: Որն էլ անհրաժեշտ էր ապացուցել: Ականջներս սրեցի: Այդ ի՞նչ հեքիաթներ եք պատմում, տիկի՛ն Մարկետինգ, տատիկի ձեր այդ լավ կեղծած ձայնով: Գովազդը՝ գիտության, արվեստի և գրականության հետ մի պայուսակի մեջ: Տատիկ, իսկապես լո՞ւրջ ես ասում: Այո, լուրջ: Նա չափազանց լուրջ էր, նույնիսկ սատանայական: Քանզի նա խոսեց ոչ թե իր, այլ կյանքի անունից՝ ինչպիսին որ այն կա: Այդ պահին ես կյանքը տեսա տիկին Մարկետինգի աչքերով` մի գիպերմարկետ՝ առանց պատերի ու սահմանների` ստեղծված բացառապես սպառման համար: Ինչպես նաև այդ նույն տատիկի աչքերով իդիալական դպրոցը` սպառողների անսպառ ցանկություն, որոնց որկրամոլությունը օրեցօր ավելանում է: Ուսուցիչների առաքելությունն էր պատրաստել սովորողներին, որ ավելի լավ հրեն իրենց սայլակներն այս հիպերմարկետի անվերջանալի շարքերով:
-Դադարե՛ք մեկուսացնել նրանց սպառող հասարակությունից,—արտահայտվում է տատիկը:—Դպրոցական գետտոյից նրանք պետք է տեղեկացված դուրս գան: Տատիկը դպրոցն անվանում է «Դպրոցական գետտո»: Ահա թե ուր է հասցնում կրթությունը տեղեկատվությունը:
Լսո՞ւմ ես, քեռի՛ Ժյուլ: Ստացվում է՝ փրկում ես երեխաներին ընտանեկան հիմարությունից, հանում ես տգիտոության անանցանելի ջունգլիներից, որպեսզի մտցնես «դպրոցական գետտոյի» մեջ, պատկերացնո՞ւմ ես: Իսկ դուք, սիրելի՛ ջութակահարուհիս՝ Բլան Մենիլից, հայտնի է, որ ձեր աշակերտների մեջ հետաքրքրություն առաջացնելով գրականության,այլ ոչ թե գովազդի նկատմամբ` ձեզ ասես դպրոցական գետտոյի կույր տեսուչի պես եք պահում: Ախ, ուսուցիչներ: Վերջապես ե՞րբ ականջ կդնեք տատիկի խոսքերին: Ե՞րբ եք ձեր հիմար գլխով հասկանալու, որ աշխարհը պետք է ոչ թե ճանաչել, այլ սպառել: Որ ձեր աշակերտները պետք է կարդան ոչ թե Պասկալի «Մտքերը», ոչ թե Կանտի «Զուտ բանականության քննադատությունը», Դեկարտի «Մեթոդի հակաուղեցույցը», Սպինոզա, Սարտր, այլ այն մեծ կատալոգները, որոնք արտադրում են կյանքի «լավագույն բաներն» այնպիսին, ինչպիսին որ կան: Ահա, տատի՛կ, անկախ նրանից, թե ինչպես ես հագուստդ փոխում կամ թաքնվում գեղեցիկ բառերի հետևում, ես, միևնույն է, ճանաչեցի քեզ, հեքիաթի չար Գորշ գայլ: Հետաքրքիր մտածողության հետևում թաքնված, բերանդ բաց արած դարանակալել ես դպրոցի դիմաց, որպեսզի կուլ տաս այդ սպառող փոքրիկ Կարմիր գլխարկներին և առաջին հերթին, իհարկե, հենց Մաքսիմիլյանին, քանի որ նա քեզնից ավելի քիչ է պաշտպանված, քան մյուսները: Ախ, որքան համեղ է նրա ցանկություններով լի այս փոքրիկ գլուխը: Եվ որքան են ջանում, կաշվից դուրս գալիս ուսուցիչները, որպեսզի բերանիցդ հանեն նրան: Ի՞նչ կարող են անել այս խեղճերը իրենց քիչ զենքերով քո գովազդային ծանր հրետանու դեմ: Այո՛, այո՛, տատի՛կ ջան, բերանդ բաց, դպրոցի դիմաց դարանակալած՝ դու ամեն ինչ կարողանում ես: Յոթանասունականների կեսերին գործերը շատ ավելի լավ էին գնում: Այսօր դու արդեն կուլ ես տալիս նրանց երեխաներին, ում ծնողներին կուլ ես տվել երեկ: Երեկ աշակերտներիս, իսկ այսօր արդեն նրանց սերունդներին: Շատ ընտանիքներ կենսական կարիքների իրենց քմահաճույքները բավարարելու համար մոլորվում են քո լավ փաստարկված մարսողության սարսափելի խառնուրդում: Եվ բոլորը` մեծ ու փոքր, հայտնվում են մանկության նույն վիճակում` իրենց անընկճելի ցանկություններով: «Էլի, էլի»,-ստամոքսիդ խորքից բացականչում են կուլ տվածդ սպառողները` ծնողներն ու երեխաները՝ իրար խառնված: «Էլի, էլի»,- և իհարկե ամենաբարձրը բղավում է Մաքսիմիլյանը:

 

Թարգմանիչ: 
Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский