Սովորող աշխատողը

Սովորել աշխատելու համար․ սա կյանքի բնական ընթացք է։ Աշխատել սովորելու համար․ սա համարում եմ հրաշալիք։

2020 թվականը բեկումնային էր բոլոր առումներով։ Երկրագունդը որոշեց երկար մտորումներից հետո դաս տալ մարդկությանը, ու 2020 թվին բոլորիս գիտակցությունը հասավ նույն նշաձողին՝ անկախ տարիքից։ Տանը լինելով, հետևելով աշխարհում կատարվող իրավիճակին` յուրաքանչյուրս ընկալեցինք ու ընդունեցինք համաշխարհային փոփոխությունները մեր ձևով։ Շատերը մատնվեցին անգործության՝ հետընթաց արձանագրելով սեփական ուղեղի ու մարմնի համար, ոմանք էլ օգտվեցին առիթից ու իրենց ազատ ժամանակը տրամադրեցին նոր գիտելիք, հմտություն, աշխատանք ձեռ բերելուն։

Մինչ փոխում էինք մեր գիտակցական մակարդակը, մարդկանց մեծ խումբ ուներ առօրյա ապրելու խնդիր։ Առցանց աշխատանքը ստացվում էր սակավ դեպքերում, իսկ աշխատատեղերի փակման պատճառով աշխատանքի կորուստը շատ եղավ, ընտանիքները կանգնեցին մեծ խնդրի առաջ։ Մինչև հիմա էլ, երբ իրավիճակը քիչ թե շատ բարելավվել է, դեռ աշխատանքի խնդիրը չի լուծվում։ Փաստի առաջ կանգնած ընտանիքները շատ են։ Նման խնդիր ունի ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհը։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը որդեգրել է սկզբունք, ըստ որի յուրաքանչյուրը՝ անկախ սեռից և տարիքից, կարող է աշխատել։ Ընտանիքներում էլ, առաջ եկավ այն միտքը, որ սովորողը կարող է աշխատել ու համատեղել ուսումը։ Ոգևորում է այն փաստը, որ կրթահամալիրում այժմ արդեն սովորող աղջիկներն էլ են սկսել աշխատել:

Կրթահամալիրի ուսումնական կենտրոնները դարձան գործատուներ, իսկ սովորողներն ընդգրկվեցին արտադրության ուսուցման մեջ:

Կրթական պարտեզի աշխատողները

11-րդ դասարանցի Դավիթ Հարությունյանը  և 12-րդ դասարանցի Փաթրիկ Գազանճեանն աշխատում են կրթահամալիրում՝ որպես դպրոցի այգեպաններ։ Ամեն օր իրենց աշխատանքային գործունեությունը գրանցվում է, և իրենք կարողանում են նոր հմտություններ ձեռք բերել: Պարտիզպան-սովորող են. այգու խնամքը, ամենօրյա մաքրության ապահովումը, հողերի փխրեցումը, այգեպանի աշխատանքին հետևելը տղաների ամենօրյա աշխատանքն է:

Ինչքան ոգևորված է Դավիթը պատմում, որ իր աշխատավարձով բացի ուսումնական վճարը մուծելուց նվեր է գնել եղբորը, իրեն՝ նոր հագուստ, շոկոլադ՝ ընկեր Մարթային: Թվում է՝ ինչ է որ, բայց սրանք մարդկային այն որակներն են, որոնք աշխատանքի ընթացքում են ձևավորվում:

«Տիգրան Հայրապետյան» գրադարան ուսումնական կենտրոնի աշխատողները

Լիլիթ Սարիբեկյան, Իննա Բանդուրյան, Մելինե Ժամկոչյան․ աղջիկները սկսեցին աշխատել գրադարանում՝ տարբեր գործառույթներով։ Այստեղ էլ աշխատանքն ամբողջությամբ ուսուցում է դառնում: Ի՞նչ են սովորում. կայքի պահոցի ստեղծում, նյութերի սկանավորում, մուտքագրում, արխիվացում: Այս աշխատանքը կարող է հետագայում որպես մասնագիտություն էլ դառնալ:

Լիլիթ Սարիբեկյանն աշխատում է արխիվային գործում, մուտքագրում և հավաքագրում է աշխատություններն ու հեղինակներին համակարգչային ծրագրի միջոցով։ Ազատ ժամանակ աշխատում է նաև տանից։

Իննա Բանդուրյանը և Մելինե Ժամկոչյանն աշխատում են գրադարանում՝ ֆիզիկական միջավայրում։ Մելինեն և Իննան սկանավորում են գրքերն ու վերամշակում սկանավորածը հատուկ ծրագրով։ Աշխատանքն օգնում է ունենալ գրքերի առցանց տարբերակը, հարմար է օգտագործման համար։ Բոլոր աշխատանքները համակարգվում են հատուկ ֆայլում՝ նշելով աշխատանքի սկիզբը և վերջը։

ՏՏ լաբորատորիայի աշխատողները

Հովհաննես Սարգսյանը` 11- րդ դասարան, ակտիվ ու կենսունակ սովորող է։ Կրթահամալիրում է սովորում 10-րդ դասարանից և անմիջապես անցել է ՏՏ ոլորտում գործունեության։ Ռոբոտիքս, ծրագրավորում, իսկ այժմ 3D Printing-ի դասեր է անցկացնում սովորողների հետ, արդեն հասցրել է հետաքրքիր գծագրերով արտադրանք տալ։ Ակտիվ է նաև Օշականում, որտեղ ապրում է․ «Արի Օշական» նախաձեռնության անդամ է։ «Կրթական քարտեզ» ակումբով նոր ծրագիր ենք նախապատրաստում Հովհաննեսի հետ:

Լիզա Ծատուրյան և Տաթև Այվազյան․ սովորում են 11-րդ դասարանում։ Երկու աղջնակներ, ովքեր դասավանդում են բջջային ծրագրավորում կրտսեր դպրոցի սովորողներին։ Լիզան և Տաթևը նաև անվանական մրցանակ ստացան իրենց այս հետևողական աշխատանքի համար: Կրթահամալիրը խրախուսում է սովորողի աշխատանքը, ստեղծում է միջավայր, որպեսզի այդ աշխատանքը դառնա սիրելի, օգտակար:

Ավագ սեբաստացիները աշխատում են ամենուր․․․

Ավագ դպրոցում աշխատող սովորողները շատ են, աշխատանքների ուղղվածությունները՝ տարբեր։ Բերեմ մի քանի օրինակ.

12-րդ դասարանի սովորող Լիանա Մելքոնյանի աշխատանքային գործունեությունը։ Հետաքրքիր է, երբ տարբերվում ես. աշխատանքով տարբերվելն էլ ավելի է ոգևորում։ Կարանտինային շրջանը քչերը ճիշտ օգտագործեցին։ Լիանան սովորեց դաջվածքի արվեստը, սկսեց աշխատել նոր մասնագիտությամբ։
Էդմոնդ Պողոսյանը (11-րդ դասարան), կինո-ֆոտո ընտրությամբ խմբից է: Յուրացրել էր մոնտաժի հմտությունը, ինչն էլ օգնում է, որ լրատվական կայքում ունենա իրեն հարմար աշխատանք և վաստակի սեփական գումարը։ Էդմոնդը մասնակցում է կրթահամալիրային ճամփորդություններին, հանդիպումներին, լուսաբանում է դրանք:

Ավագ դպրոցի սովորողը պետք է մասը լինի այն համակարգի, որտեղ սովորում է, պետք է հասկանա աշխատանքի կարևորությունն ու գնահատի իր սեփական ուժերը:

Որպես եզրակացություն՝ կասեմ, որ աշխատասեր մարդը միշտ էլ կարողանում է ուսումն ու աշխատանքը համատեղել, աշխատելով սովորել:

Նկարը՝ Լիլիթ Յախինյանի ֆեյսբուքյան էջից

Կրթական աստիճան: 
  • Deutsch
  • 日本語
  • Հայերեն
  • English
  • Georgian
  • Русский